Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԶՈՀԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ

Օգոստոս 22,2002 00:00

ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԶՈՀԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ Ոճրագործը ստիպված է ուտել իր ձեռնաշղթաները ԵԽ ԽՎ դիտորդական խումբը Նաիրի Հունանյանին եւ նրա խմբին համարում է մարդասպաններ ու հանցագործներ եւ ոչ ամենեւին՝ քաղբանտարկյալներ։ Ըստ ամենայնի, եվրոպացիք Հայաստանում գտնվելու օրերին որոշ չափով վերանայել են իրենց տրամադրվածությունը, քանի որ երեկ խիստ բացառիկ բան տեղի ունեցավ։ Հավանաբար, անսալով ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանի խոսքին՝ թե հոկտեմբերի 27-ին զոհվածների հարազատները պահանջում են հանդիպել իրենց հետ, նաեւ, հավանաբար, զգալով, որ «Հոկտեմբերի 27»-ը Հայաստանի համար ավելին է, քան ցանկացած պարտավորությունների ցուցակ, երեկ դիտորդները հանդիպեցին զոհվածների այրիներին։ Մի բան, որ նախատեսված չէր ծրագրով։ Հանդիպման մասին հարազատներն իմացել էին մոտ երկու ժամ առաջ, եւ հասցրել էին հավաքվել միայն նրանք, ովքեր գտնվում էին քաղաքում։ Ինչեւէ, հանդիպումը տեղի ունեցավ, եւ հանդիպումից հետո Կարեն Դեմիրճյանի, Յուրի Բախշյանի եւ Ռուբեն Միրոյանի այրիները Վիկտոր Դալլաքյանի հետ մամուլի ասուլիս տվեցին։ Տիկին Ռիմա Դեմիրճյանը հանդիպումից հետո ասաց, թե դրական է համարում այն, որ դիտորդական խումբը հրաժարվեց ոճրագործների հետ հանդիպելու մտադրությունից։ Տիկին Դեմիրճյանը հայտնել է ԵԽ ներկայացուցիչներին. «քանի որ երեք տարիների ընթացքում մեզ՝ զոհվածների հարազատներին, անտեսել են եւ խոսել են միայն հանցագործների իրավունքներից, մենք այս հանդիպումն օգտագործում ենք, որպեսզի մեկ անգամ գոնե հայտնենք մեր տեսակետները»։ Անահիտ Բախշյանը կարեւոր է համարում, որ ԵԽ ներկայացուցիչները հերքեցին ոճրագործների՝ քաղբանտարկյալ լինելու գաղափարը, հերքեցին եւ այն, որ «27»-ի դատավարության հրապարակայնության մասին բարձրացված հարցը չափազանց հետաքրքրել է դիտորդական խմբին. «իրենք բավական հետաքրքրվեցին մեր տված այն տեղեկատվությամբ, որ «Հայլուրը» «Ա1+»-ի եւ «Նոյյան Տապանի» փակվելուց հետո չի հրապարակայնացնում «Հոկտեմբերի 27»-ի դատավարությունը։ Եվ ընդհանրապես ՀԱՀ-ի դիրքորոշումը շատ ընտրովի է մեր պետության այս կամ այն իրադարձությունը լուսաբանելիս»։ Մասնավորապես իբրեւ օրինակ է բերվել, որ ՀՀ վարչապետը դատարանում ցուցմունքներ է տալիս, իսկ Հանրային հեռուստաընկերությունը դրան չի անդրադառնում։ Վիկտոր Դալլաքյանը հանդիպումը կարեւորեց երեք տեսանկյունից. նախ՝ զոհվածների հարազատներից ԵԽ դիտորդական խումբը ստացավ համապատասխան ինֆորմացիա, նաեւ՝ գնահատականներ եւ վճռականություն՝ մահապատիժը «Հոկտեմբերի 27»-ի կատարողների մասով չվերացնելու առումով։ Հաջորդը՝ բացառվեց հանցագործների հետ դիտորդական խմբի հանդիպելը։ Երրորդը՝ «27»-ի կատարողները հանցագործ ու մարդասպան են եւ ոչ թե քաղաքական բանտարկյալ։ ԵԽ ԽՎ դիտորդական խումբը ԱԺ հանդիպումների ընթացքում շարունակ միեւնույն բանն էր ասում՝ ինչո՞ւ չի վավերացվում 6-րդ արձանագրությունը (մահապատժի վերաբերյալ)։ Սա ենթադրում է մահապատժի կիրառում երկու դեպքում՝ պատերազմական վիճակի կամ պատերազմական վտանգի։ Այսինքն՝ 6-րդ արձանագրության վավերացման դեպքում «27»-ի կատարողները մահապատժի չեն ենթարկվի։ Հարցը քաղաքական լուծում է պահանջում, եւ երկրի նախագահը նախընտրական տարում իր վրա եղած կասկածները մասամբ ցրելու փորձ արած կլինի, եթե Եվրախորհրդի հետ հարցը կտրուկ դնի՝ «27»-ի կատարողները պետք է մահապատժի ենթարկվեն, մանավանդ՝ դրա հիմքերն օրենքով ապահովված են։ Առայժմ նախագահ Քոչարյանն այլ բան է ասում։ Վիկտոր Դալլաքյանն իբրեւ լուծում առաջարկեց 6-րդ արձանագրության վավերացման հետաձգումը եւ այն, որ եթե նույնիսկ ներկայացվի՝ խորհրդարանը չվավերացնի այդ արձանագրությունը։ Զոհվածների հարազատները փաստորեն պահանջել են՝ մահապատժի պահպանում, «27»-ի դատավարության հրապարակայնություն, ոչ արտոնյալ պայմաններ «27»-ի ոճրագործների նկատմամբ։ Դիտորդական խումբը հավաստիացրել է, որ հարազատների պահանջները կփոխանցի երկրի ղեկավարությանը։ Համազեկուցողները փորձում էին նաեւ ենթատեքստեր ներկայացնել՝ մասնավորապես հիշեցնելով, որ մեր երկիրը գտնվում է խաչմերուկում, եւ ընտրություն պետք է կատարել։ ԵԽ ներկայացուցիչները չեն զլացել զոհվածների հարազատներին եւս հիշեցնել, որ պարտավորությունները մեր երկիրն է ստանձնել, եւ ոչ ոք նրան չի ստիպել դառնալ ԵԽ անդամ։ Տիկին Դեմիրճյանը, ի պատասխան սրա՝ ասել է. «Մեր երկրում էլ, ինչպես բոլոր երկրներում, կան իրենց աթոռներից կառչած մարդիկ, կան մարդիկ, որոնք ուզում են ավելի եվրոպացի երեւալ, քան՝ եվրոպացիները, բայց դա չի արտահայտում ժողովրդի կամքը։ Մենք՝ հարազատներս, մինչեւ վերջ ենք պայքարելու մահապատժի պահպանման համար եւ մենք մենակ չենք, մենք արտահայտում ենք ժողովրդի կարծիքը»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել