Անծանոթ եւ ինքնատիպ Ամեն օր լույս տեսնող շքեղ ու համեստ գրքերի, հատկապես բանաստեղծական գրքերի հեղեղում չափազանց դժվար է որոշել արժանին ու անարժանը, իսկականն ու սարքովին։ Բոլոր այդ ինքնահրատ գրքերը ներկայանում են գրական մեծ արժեք մատուցողի նախատեքստային խոստումով եւ շատ հաճախ, մի քանի տող կարդալուց հետո, պարզապես առնչվում ես ոտնահարված ու չարչիորեն շահարկված չափանիշների ողբերգությանը… Բայց քանի որ այսօր պետպատվերով հրատարակվող գրքերն էլ բնավ հեռու չեն անարժեք ստեղծագործությունների «վերերկրային» որակումներից, մնում է պարզապես չկարդալ կամ կարդալ այն հեղինակներին, որոնց ստեղծագործական աշխարհին վաղուց ծանոթ ես։ Կամ էլ, չշփոթվելու եւ չհիասթափվելու համար շրջանցես գրքի նախամուտք-խոսքը եւ միանգամից անցնես բուն տեքստին՝ առանց միջնորդի, ուղղակիորեն առնչվելով ստեղծագործության հետ։ Այդպես՝ չկարդալով անգամ հեղինակի անունը, ես բացեցի նոր հրատարակված մի գիրք եւ կարդացի աչքիս ընկած պատահական մի երկտող. Հրդեհվում են ճամփաները կարոտիս, Սրտիս վրա երազներ են քանդակվում… Հետո կարդացի ուրիշ տողեր՝ ոչ պակաս զգայուն, ճշմարիտ ապրումի ինքնատիպ նկարագրումներով, ու հետաքրքրությամբ անդրադարձա գրքի կազմին՝ Պայծառ Զանյան. «Կապույտ ծիածան»։ Գրական աշխարհին բացարձակ անհայտ անուն։ Բայց պարզվում է, որ այդ բանաստեղծուհին բնավ էլ ժամանակիս «հեշտ տպագրության» զոհերից չէ, շատ վաղուց նվիրված է պոեզիային, պարզապես կյանքում ոչ ոքի բեռ չդարձողների տեսակից է՝ ճանապարհի աջ եզրով գնացողներից։ Թե որ փնտրածդ գտնես աշխարհում Գնա ընդառաջ՝ ինքդ դեպի քեզ… Դժվար է ասել՝ բանաստեղծուհին կյանքում գտե՞լ է իր փնտրածը, թե՞ ոչ, բայց պոեզիայում, գրքի (պարզվում է՝ երկրո՛րդ գրքի) հետագա տողերի վկայությամբ, հաստատ գտել է իր արահետը, որով գնում է դեպի մեծ ճանապարհ։ Երբ աղոթելու ելա ես ծեգին, Սիրտս մրմնջաց մենության ցավից, Տիեզերքի մեջ մենակ փակվեցի, Որ բաց հեռանամ այս դառն աշխարհից… Պայծառ Զանյանի «Կապույտ ծիածան» ժողովածուն (որի հրատարակչական եւ խմբագրական որակները հակասում են իրար՝ հօգուտ առաջինի…) հաճելի ծանոթություն է նոր բանաստեղծի, բանաստեղծական ինքնատիպ խոսքի հետ։ Հատկապես նրանց համար, ովքեր ծանոթ չեն նրա առաջին՝ «Կենաց ծառ» գրքին։ Սպասենք ապագային։ ԿԱՐԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ