CAMEL-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Ուրբաթ օրը «Կոնգրես» հյուրանոցում միջազգային Japan Tobacco International (JTI) ծխախոտային ընկերությունը, որն ամբողջ աշխարհում հայտնի Winston, Salem, More, Monte Carlo եւ այլ ծխախոտների արտադրողն է եւ Հայաստանի «Arsoil» ընկերությունը՝ Հայաստանում JTI-ի արտադրանքի ներկայացուցիչը եւ ներմուծողը, շնորհանդես-ընդունելություն են հրավիրել՝ Հայաստանում Camel ծխախոտի ապրանքային նշանի թողարկման կապակցությամբ։ Շնորհանդեսին հրավիրված էին Հայաստանում ծխախոտի շուկայում հայտնի խոշոր գործարարներ, ծխախոտային այլ ընկերությունների ներկայացուցիչներ, պաշտոնական անձինք՝ պատգամավորներ եւ այլք։ Արարողությունը բացվեց JTI ընկերության ուկրաինական մասնաճյուղի ներկայացուցիչներ Կոնստանտին Ֆեոդորովի, Դմիտրո Ռեդկոյի, Հայաստանում Ուկրաինայի դեսպանության ներկայացուցչի, ինչպես նաեւ «Արսօյլ» ընկերության խորհրդի նախագահ Գուրգեն Արսենյանի խոսքով։ Էկրանին համառոտ ներկայացվեց Camel-ի պատմությունը՝ սկսած 1913թ., երբ այն հայտնվեց ԱՄՆ-ի շուկայում։ Միայն նշենք, որ առաջին անգամ հենց Camel-ի արտադրության մեջ է օգտագործվել American Blend ծխախոտային խառնուրդը։ Այսօր Camel-ը շուկա է ներմուծվել նոր արտադրատեսակով։ Այսպիսով, Camel-ը իր հեղինակությամբ 3-րդ տեղն է զբաղեցնում աշխարհում հայտնի ծխախոտների շարքում, որը վաճառվում է ավելի քան 100 երկրում։ Հետաքրքրական էին այս ծխախոտի առաջին գովազդավահանակները՝ սկսած 1913թ., ինչպես նաեւ այն միասապատ ուղտը, որը դարձել է Camel-ի խորհրդանիշը։ ԼՈՒՍԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ