ԿՈՒՌՆԻԿՈՎԱՅԻ ԳՈՐԾԸ ԿՊԵԼ Է Ըստ թենիսիստուհի Աննա Կուռնիկովայի անվան շուրջ տարածվող վերջին լուրերի, նրա եւ իսպանացի երգիչ Էնրիկե Իգլեսիասի հարաբերությունները, ինչպես երբեք, լավ են զարգանում։ Բրիտանական WENN գործակալությանը, որը զբաղվում է բարձրաստիճան եւ անվանի մարդկանց մասին տեղեկատվության հայթայթմամբ ու տարածմամբ, հայտնի է դարձել, որ փոփ-երգիչը Հոլիվուդի արվարձաններում տուն է գնել 7,5 միլիոն դոլարով, ուր մտադիր է հրավիրել Աննային։ Այդ տան վերակառուցումը ընթանում է ամբողջ թափով եւ Իգլեսիաս կրտսերն անձամբ է հրահանգներ տալիս բանվորներին։ Ինչպես խոստովանել է Էնրիկեի մտերիմ ընկերներից մեկը, հսկայածավալ շենքում զույգի համար կստեղծվեն երջանիկ լինելու բոլոր պայմանները՝ հինգ ննջասենյակ, լողավազան, մարզադահլիճ, մինի-կինոթատրոն, նույնիսկ՝ ձայնագրման ստուդիա։ Իսկ Աննայի սիրտը լիովին նվաճելու նպատակով Էնրիկեն նույնիսկ մտածում է թենիսի կորտ սարքել, բայց առայժմ դրա համար հարմար տեղ չի գտել։ ՔՆԱՐԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ