Լրահոս
Օրվա լրահոսը

Կարուսելը դեռ պտտվում է

Օգոստոս 21,2002 00:00

Կարուսելը դեռ պտտվում է Բաց նամակ Շիրակի մարզպետարանին, Գյումրիի «Օմեգա» ՊՓԲԸ, «Քարհատ մեքենա» ՓԲԸ եւ «Գյումրի կոնդենսատոր» ԲԲԸ տնօրեններին Օրերս «Առավոտ» թերթում կարդացի «Հարցը «լուծում» են տեղումները. Եվ Մինասի որմնանկարները ոչնչանում են» հոդվածը։ Հիշեցի Սպիտակի կործանարար երկրաշարժից անմիջապես հետո գյումրեցիների մտավախությունը Լենինական քաղաքի վթարային վիճակում գտնվող արդյունաբերական ձեռնարկություններում պահպանված Մինաս Ավետիսյանի որմնանկարների հետագա ճակատագրի մասին։ Հանրապետության մամուլը եւ հասարակական կարծիքը պահանջում էին շտապ միջոցների դիմել։ Մի խումբ նկարիչներ եւ նրանց հարող առանձին մարդիկ, հանդես գալով որպես որմնանկարները վերականգնող մասնագետներ, փորձեցին իրենց ձեռքերը տաքացնել այդ գործում։ Այդ ժամանակ ես զբաղեցնում էի ՀՀ կառավարությանն առընթեր պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության եւ օգտագործման գլխավոր վարչության պետի պաշտոնը եւ փաստորեն դարձել էի մի թիրախ, որի վրա տարբեր կողմերից տեղում էին մեծ ու փոքր տրամաչափի կրակոցներ։ Ես այն ժամանակ պաշտոնապես հայտարարեցի եւ այժմ էլ հայտարարում եմ, որ Հայաստանում չկան համապատասխան փորձառու նկարիչ-վերականգնողներ, երբ առավել եւս խոսքը գնում է որմնանկարների մի տեղից մեկ այլ տեղ առանց աղճատելու տեղափոխման մասին։ Ինձ սկսեցին մեղադրել, նույնիսկ Մինասի ընտանիքի անդամները բողոքում էին, որ թույլ չեմ տալիս հայ նկարիչներին ձեռնարկել վերականգնման գործը։ Այժմ «Օմեգա» ՓԲԸ տնօրեն Սեյրան Իգիթյանը հաստատում է այն, ինչի մասին ես ասում էի դեռեւս 1989-ին։ «Օմեգայի» տնօրենի հավաստմամբ, «հայ նկարիչները միշտ էլ ցանկություն են հայտնել որմնանկարները փրկելու, անգամ երկրաշարժից հետո նրանց վրաններ են հատկացվել, որտեղ տասնհինգ օր մնալուց հետո հուսախաբված հեռացել են։ Նկարիչների փրկության ծրագիրը նմանվեց ոչնչացման ծրագրի, երկու որմնանկարները մաս-մաս հանելու նրանց փորձերը ապարդյուն անցան։ Նկարների կեսից ավելին վնասվեց…»։ Ես կարող եմ միայն շնորհակալություն հայտնել, որ տասներկու տարի հետո հիշվում է, թե ինչ էին ցանկանում անել եւ ինչի էին ընդունակ հայ նկարիչ- վերականգնողները։ Ստեղծված վիճակից դուրս գալու միակ ելքը արտասահմանյան մասնագետներին դիմելն էր։ Հավանություն ստանալով հանրապետության այն տարիների մինիստրների խորհրդի նախագահ Ֆ. Սարգսյանից, դիմեցի Բուլղարիայի Հանրապետության մշակույթի հուշարձանների վերականգնման կենտրոնին, որը եւ շտապ Հայաստան գործուղեց փորձառու երկու նկարիչ-վերականգնողների, որոնք եւ բարձր վարպետությամբ կատարեցին տրված հանձնարարությունը՝ Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի ճեմասրահի պատին ամրացնելով Վերլուծական սարքերի գործարանից հանված որմնանկարը։ Հիշեցնելու համար ասեմ, որ բուլղարացի մասնագետների կատարած աշխատանքն ավելի էժան գնահատվեց, քան պահանջում էին հայ նկարիչները։ Ցավով պետք է նշեմ, ինձ բախտ չվիճակվեց մնալ զբաղեցրած պաշտոնում։ Իսկ այն ժամանակվա կառավարությունը եւ ինձ փոխարինող պաշտոնյան ի վիճակի չեղան կարգավորել այդ հարցը։ Ինչպես ասում են, այդ կարուսելը պտտվում է մինչեւ այժմ։ Եթե Ձեր ձեռնարկությունները եւ մարզպետարանը կարող են հայթայթել որոշ գումար եւ ապահովել նկարիչ-վերականգնողների կեցության ծախսերը, ապա ես պատրաստ եմ դիմել արտասահմանում (առաջին հերթին՝ Բուլղարիայում) գտնվող մասնագետներին եւ հրավիրել նրանց Հայաստան։ ԼԱՎՐԵՆՏԻ ԲԱՐՍԵՂՅԱՆ Երկրաշարժից պատմության եւ մշակույթի հուշարձանները պահպանելու միջազգային կենտրոնի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել