Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՄ ՊՐՈԲԼԵՄԸ ԺԱՄԱՆԱԿՆ Է»

Օգոստոս 21,2002 00:00

«ԻՄ ՊՐՈԲԼԵՄԸ ԺԱՄԱՆԱԿՆ Է» Ազգային օպերային թատրոնի մեներգչուհի, միջազգային մրցույթների դափնեկիր Վարդուհի Խաչատրյանը շուտով կանցկացնի համերգային յուրօրինակ ակցիա։ Ի դեպ, երգչուհին մարմնավորել է Ադալջիզայի (Բելինիի «Նորմա»), Կարմենի (Բիզեի «Կարմեն»), Ազուչենայի (Վերդիի «Տրուբադուր») կերպարները։ Պատրաստում է Պոլենա՝ Չայկովսկու «Պիկովայա դամայում», Ամներիս՝ Վերդիի «Աիդայում»… Ժամանակով ու միջավայրով այս կերպարներն իրարից անասելի հեռու են, խառնվածքով՝ մեծապես տարբեր եւ բնական է, որ ստեղծված են տարբեր գեղարվեստական միջոցներով։ Երգչուհին «համակերպվել» է նրանց խառնվածքներին, գտել դրանք բացահայտելու ստեղծագործական թարմ ու արտահայտիչ ձեւեր, հնարներ։ Այդ ամենով հանդերձ, նա երբեք չի «տարրալուծվել» իր հերոսուհիների մեջ եւ բոլոր կերպարներում արտիստուհու անհատականությունն է դրսեւորվել, մեկնաբանության, երգելու եւ խաղալու սեփական կերպարը։ «Տարեցտարի, իրար հետեւից կանցնեն նորանոր եւ այնքան տարբեր կերպարներ։ Գիտե՞ք, մարդկային ոգու այս անմարմին ստեղծագործությունները պահանջկոտ են ու անհանդուրժող։ Նրանք ուզում են բեմում ապրել իսկական, ճշմարիտ կյանքով, ուզում են բնական ծիծաղել ու լաց լինել, սիրել ու մեռնել։ Եվ նրանց «իսկական» լինելու համար հարկադրված ես լիաբուռն վճարել։ Նրանցից յուրաքանչյուրը կարծես իր հետ տանում է սեփական կյանքիդ մի մասնիկը, փոխարենը տալով ինչ-որ մի այլ բան՝ արվեստի գաղտնարանները ներթափանցելու ուժ»,- կարծում է Վ. Խաչատրյանը։ Իհարկե, ձգտելով խորամուխ լինել ստեղծագործության բովանդակության մեջ, աշխատելով հարազատ մնալ կոմպոզիտորի դավանած գեղարվեստական սկզբունքներին, դրանք ճիշտ բացահայտելու համար երգչուհին ամեն ինչ անց է կացնում իր արտիստական պրիզմայի միջով։ Նա երբեք «կոնֆլիկտի» մեջ չի մտնում իր ձայնի հետ. ձայնը նրան հնազանդ է, միշտ լավ օգնական։ «Իմ՝ որպես երգչուհու կայացման գործում մեծ են Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսորներ Մարիաննա Հարությունյանի եւ Գոհար Գասպարյանի ջանքերը»,- համոզված է երգչուհին։ Հետագայում Վ. Խաչատրյանը բարձրագույն վարպետության դասընթացներ է անցել աշխարհահռչակ Մոնսերատ Կաբալյեի, Թերեզա Բերգանցայի, Ջոան Սադերլենդի, Վիրջինիա Ձեանիի մոտ, մասնակցել է թվով տասը միջազգային մրցույթների՝ Մարիա Կալլասի, Մոնսերատ Կաբալյեի, Խոսե Կարերասի անվան՝ շահելով դափնիներ։ Վերջիններիս ծրագրերում իր պատվավոր տեղն է գրավել Կոմիտասը։ Երգչուհին ճիգ ու ջանք չի խնայել հանճարեղ երգահանի ստեղծագործությունները արժանի ձեւով ու մեկնաբանությամբ ներկայացնելու ու կատարելու համար։ Եվ դա միանգամայն հասկանալի է. հայ երգչի համար պատվի ու արտիստական բարձր ինքնասիրության հարց է երգարվեստի այդ լեռնագագաթը նվաճելը։ Եվ միշտ՝ ամենախիստ ու պահանջկոտ վերաբերմունք սեփական անձի հանդեպ, կատարելագործվելու մշտական ձգտում։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ Հ. Գ. Վ. Խաչատրյանը վերջերս է վերադարձել Ֆրանսիայից, ուր մասնակցել է Ռեյն քաղաքում անցկացված «Ֆլաների» երաժշտական փառատոնին, որը նվիրված էր մեծանուն Մոնսերատ Կաբալյեին։ Հոկտեմբերի 14-ին Փարիզի հեղինակավոր Salle Gaveax-ում նշանակված է երգչուհու մենահամերգը՝ դաշնակահարուհի, կոնցերտմայստեր Աննա Մանդալյանի ընկերակցությամբ։ Վարդուհի Խաչատրյան երգչուհու ստեղծագործական ու բեմական կյանքում մեծ տեղ ունի նաեւ իտալացի իմպրեսարիո Ռոզարիո Բելլայի հետ համագործակցությունը։ Վերջինիս շնորհիվ հաճախակի են դարձել երգչուհու ելույթները արտերկրում՝ Իտալիա, Իսպանիա, Բելգիա, ԱՄՆ, Կանադա եւ այլուր։ Երգչուհին մտադիր է անցկացնել 7 համերգաշարից կազմված ակցիա, որտեղ կհնչեն հիմնականում նոր ստեղծագործություններ՝ ժամանակակից հայկական, ռուսական, անգլո-ամերիկյան, գերմանական, իտալական, իսպանական եւ ֆրանսիական երաժշտություն։ Եվ հենց դահլիճում ձայնագրված ստեղծագործությունները տեղ կգտնեն CD-ում։ Արձանագրենք, որ մեր կարճատեւ զրույցի ընթացքում Վ. Խաչատրյանը, ի տարբերություն իր որոշ գործընկերների, բացարձակ չխոսեց ֆինանսի մասին։ Նա ընդամենն ասում էր. «Իմ պրոբլեմը ժամանակն է»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել