Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ ժողովրդի պատմությունից՝ ոչ մի 20

Օգոստոս 21,2002 00:00

Հայ ժողովրդի պատմությունից՝ ոչ մի 20 Այս տարի դիմորդների ընդհանուր թիվը 11800 է, եւ հանձնվել է 29422 քննություն, որոնք մեկ շաբաթ է, ինչ ավարտվել են, եւ երկու օր առաջ եղան վերջին բողոքարկումները բուհերում: Իսկ հանրապետական ընդունող հանձնաժողովում, այսպես կոչված, կրկնակի բողոքարկումներն ավարտվեցին երեկ: Այժմ հաշվիչ կենտրոնում փակվում է գնահատականների բազան եւ մրցույթն անցկացնելուց ու հանրապետական ընդունող հանձնաժողովում հաստատվելուց հետո, օգոստոսի 26-ին, կփակցվեն վերջնական ցուցակները: Հանրապետական ընդունող հանձնաժողովի նախագահ Սասուն Մելիքյանը, համեմատելով 1995-1998 թթ. հետ, երբ կրել է նույն պատասխանատվությունը, նշում է, որ այս տարի քննությունները չափազանց հանգիստ են անցել, ավելի կազմակերպված: Այս լարված շրջանում չկա բողոքարկող բազմություն, ինչը նրա կարծիքով հանձնաժողովների բարեխիղճ աշխատանքի եւ օբյեկտիվ գնահատման արդյունք է: Այսուամենայնիվ, անժխտելի է, որ այս տարի շատ են եղել բողոքարկումները հատկապես մաթեմատիկայից: Ս. Մելիքյանն այս փաստը չժխտեց. «Առաջին օրերին իրոք աղմուկը շատ էր: Ինչո՞ւ, որովհետեւ տարբերակներում անսովոր խնդիրներ էին մտցված: Անսովոր այնքանով, որ պարապող ուսուցիչները միշտ սովորեցնում են նույնատիպ խնդիրներ եւ հենց պարզագույն տրամաբանական խնդիրներ էին հանդիպում, երեխան չէր կարողանում լուծել: Եվ այդ խնդիրները որեւէ այլ տեղից չէին, դրանք դասագրքերից էին: Չնայած ես մասնագիտությամբ պատմաբան եմ, բայց ինքս էլ համոզվեցի, որ իսկապես տրամաբանական խնդիրներ էին: Բայց դիմորդի համար վատն այն է, որ մենք նրան ինչ-որ կաղապարի մեջ ենք դնում, որ հենց սա է խնդրի լուծման ձեւը: Ամսի 20-25-ը բողոքարկումները բուհում շատ էին, օրական 70-100 դիմում, բայց հետագայում անընդհատ այդ թիվն սկսեց իջնել»: Հանձնաժողովի նախագահը նաեւ չբացառեց, որ ստուգման չափանիշները խիստ են եղել, ինչը եւ շատ ու շատ բողոքների պատճառն էր: Ճիշտ է, չափանիշը կիրառվել էր բոլորի նկատմամբ նույնը, սակայն շատերը փաստարկում էին, որ «Դիմորդ 2002»-ում նշված չափանիշները, որոնցով ուղեկցվում են դիմորդները, չեն համապատասխանում հանձնաժողովի գնահատման չափանիշներին, որոնցով հանձնաժողովը բողոքարկումների ժամանակ ապացուցում է իր օբյեկտիվությունը: Սասուն Մելիքյանը պարզաբանեց, որ չափանիշները վերցված են «Դիմորդ 2002»-ից եւ դրա հիման վրա կազմել են չափանիշներ, որոնցով էլ ուղեկցվել են: «Խիստ տարբերություն չէր կարող լինել, այլապես մենք կարգելեինք»: Արդեն նշել ենք, որ այս տարի կար 4 կույր դիմորդ, որոնց հետ անհատական քննություն է անցկացվել: Պետք է նշել, որ նրանք բոլորն էլ լավ են հանձնել քննությունները: Հանձնաժողովները շատ հիվանդագին են մոտեցել նրանց գնահատմանը, պահպանել են առավել օբյեկտիվություն: Այդ դիմորդները պահուստային տեղերի հաշվին մինիմալ գնահատականներով կընդունվեն: Այսպիսով նրանց լիարժեքության, հասարակության մեջ տեղ ունենալու հնարավորություն է ընձեռվում: Նրանք ընտրում են հիմնականում հումանիտար մասնագիտություններ. ասենք, կարող են տանը իրավաբան-խորհրդատու աշխատել եւ այլն: Բողոքների մի մասն էլ վերաբերում է տետրերում եւ հաշվիչ կենտրոնում գրանցված գնահատականների անհամապատասխանությանը, ինչը հանձնաժողովի նախագահը բացառում է այսպես. «Հիմա ոչ միայն դիմում172 հայտերն են ստուգվում բուհերում, այլեւ հաշվիչ կենտրոնը ցուցակները տվել է բուհերին՝ ըստ առարկաների. տետր-հաշվիչ կենտրոնի գնահատական, կրկնակի, եռակի ստուգում է մտցվում: Կարող է լինել թյուրիմացություն, բայց դա ստուգում ենք, ուղղում սխալը, նոր անցկացնում մրցույթը»: Հանձնված քննությունների ամփոփիչ արդյունքներն աչքի անցկացնելով՝ մի քանի հետաքրքիր տվյալ կարելի է արձանագրել: Ամենաշատ թվով 20 միավոր ստացել են հայոց լեզու գ.-հ2-1 առարկայից՝ 485 հոգի: Այնուհետեւ «սիրված» լեզուների մեջ 2-րդ տեղում է անգլերեն գ.2՝ 339 հոգի, հետո միայն ռուսաց լեզու գ.՝ 104 հոգի: 0 միավոր ամենաշատն ստացել են մաթեմատիկա 2-ից՝ 222 հոգի եւ մաթեմատիկա 1-ից՝ 113 հոգի: 20 միավոր ընդհանրապես չեն ստացել քիմիա 1, քիմիա 2-ից, աշխարհագրությունից, ընդհանուր պատմությունից, ստեղծագործական մրցույթից եւ նույնիսկ՝ հայ ժող. պատմությունից: Իսպաներենից գրավոր եւ բանավոր քննություն են հանձնել 20-ական հոգի եւ բոլորն էլ բարձր միավորներ են ստացել: Նույն պատկերն է նաեւ պարսկերեն գրավոր հանձնած 5 դիմորդների մոտ: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել