Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍՊԱՆՎԱԾԸ» ԼՔԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ

Օգոստոս 21,2002 00:00

«ՍՊԱՆՎԱԾԸ» ԼՔԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը (նախագահող դատավոր՝ Ա.Պողոսյան) հուլիսի 26-ի դատավճռով Սարգիս Փաթաթյանին դատապարտեց ազատազրկման 15 տարի ժամանակով: Դատարանը Ս. Փաթաթյանին հանցավոր ճանաչեց այն բանում, որ նա 1998 թ. հունիսի 23-ին Երեւանի Միչուրինի փողոցի թիվ 12/1 տանը (այն պատկանում է սույն գործով երկրորդ դատապարտյալ Նորայր Ղազարյանին) նկարների առք ու վաճառքից կրած խոշոր չափի վնասի համար մեղադրել է իր գործընկեր Մուշեղ Մինասյան-Բիրգին եւ վիճաբանել նրա հետ: Հարբած Ս.Փաթաթյանը ծեծել է Մինասյան-Բիրգին ու ինքնաձիգից կրակել նշված տան պատշգամբի պատին: Այնուհետեւ նա վիճաբանությանը ներկա ամբաստանյալ Հովհաննես Հովհաննիսյանի եւ գործով վկա Հունան Սահակյանի հետ Մ. Մինասյան-Բիրգին տարել է Երեւանի Մուրացան փողոցի թիվ մեկ տան բակը, գիշերվա 2-ի սահմաններում ավտոմատ զենքից կրակել եւ սպանել է վերջինիս: Մ. Մինասյան-Բիրգի դիակը մինչ օրս հայտնաբերված չէ: «Դատաքննությամբ չի հիմնավորվել ոչ Մուշեղ Մինասյան-Բիրգի սպանության փաստը եւ ոչ էլ Սարգիս Փաթաթյանի առնչությունը ենթադրյալ սպանությանը»,- ասում է Ս. Փաթաթյանի պաշտպան Զարուհի Դանիելյանը: Քրեական գործի նյութերում չկա «կատարվե՞լ է, արդյոք, սպանություն» հարցի պատասխանը: Քրեական գործից դուրս կա առնվազն մեկ փաստաթուղթ, որն ապացուցում է, որ Մ. Մինասյան-Բիրգը ողջ է եւ «ենթադրյալ սպանությունից» հետո լքել է Հայաստանը: Դատարանը չի ընդունել փաստաթուղթը: Մյուս փաստը, որ ունենք, այն է, որ Մ. Մինասյան-Բիրգին ենթադրյալ սպանությունից հետո տեսել են Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում: Մեր տվյալներով, նա ուներ մի քանի անձնագիր եւ ազատ շրջում էր եվրոպական երկրներում: Մուշեղի մի քանի անձնագրի մասին մեզ պատմել է նրա ծանոթներից մեկը: Համենայնդեպս, անհերքելի է այն հանգամանքը, որ Մուշեղ Մինասյան-Բիրգն ուներ երկու՝ հայկական եւ հարավսլավական անձնագիր: Ո՞վ է Մուշեղ Մինասյան-Բիրգը Քրգործից անհետացել է Միլիցիա Բիրգի (Մուշեղի կինը) եւ Սարգիս Փաթաթյանի հոր՝ Կարո Փաթաթյանի առերես խոսակցության ձայնագրությունը, որը հանձնվել էր դատախազության քննիչ Զ.Հովհաննիսյանին՝ գործին կցելու համար: Խոսակցության ընթացքում Միլիցիա Բիրգը հայտնել է, որ դեռեւս Հարավսլավիայում Մուշեղը յուրացրել է իրեն պատկանող սեփական գույքը, հետագայում իր հետ եկել է Երեւան, լքել է իրեն, մեկնել Ֆրանկֆուրտ՝ ընկերոջ մոտ, որի մոտ ունեցել է 70 արժեքավոր կտավներ: Պաշտպանները բազմաթիվ միջնորդություններ են հարուցել նշված երիզը ներկայացնելու համար, սակայն դատարանը նույնքան պատճառաբանություններով մերժել է: Մուշեղ Մինասյանը ծնվել է Երեւանում, 1954 թ.: Ամուսնացած էր, ուներ մեկ երեխա: 1988թ. ամուսնալուծվել էր: 1991 թ. նա աշխատում էր Երեւանի պետական պատկերասրահում, սկզբում որպես շրջանակ պատրաստող, այնուհետեւ՝ նկար վերականգնող: Միաժամանակ զբաղվում էր մանրանկարչությամբ: 1991 թ. Սուսաննա անունով մի կնոջ հետ մեկնել է Հարավսլավիա՝ չվճարելով Երեւանում ունեցած բազում պարտքերը: Ինչո՞վ էր զբաղված Հարավսլավիայում Մ. Մինասյանը: Միլիցիայի վկայությամբ, որի հետ ծանոթացել է 1994-ին, Մուշեղը մանրանկարներ էր անում եւ վաճառում: Իսկ թե ինչ էր անում մինչ այդ, հայտնի չէ: Հայտնի է միայն, որ նա այդ ժամանակահատվածում մի քանի անգամ գնացել է Գերմանիա եւ Հոլանդիա: Կա ուշագրավ մի դրվագ: Մուշեղի 15 տարվա ընկերը՝ Գագիկ Ավետիսյանը իր ցուցմունքներում պատմել է. «Մուշեղն ինձ, Սարգսին եւ մեր ծանոթներին ասում էր, որ ինքը Հարավսլավիայում տարիներ առաջ եղել է վարձու նշանառու (սնայպեր) եւ որ այդ գործով այնտեղ վաստակել է 150 հազար դոլար: Այդ գումարը չտալու համար այնտեղ իրեն ցանկացել են ոչնչացնել եւ ինքը փախել է Հայաստան: Մուշեղը ասում էր նաեւ, որ այդ մարդիկ իրեն կարող են հայտնաբերել եւ վերացնել»: Ազգությամբ սերբ Միլիցիա Բիրգը 1994թ. Բելգրադում ծանոթացել է Մուշեղի հետ: Մեկ տարի անց նրանք ամուսնացել են: Նախկին ամուսնուց ունի մեկ աղջիկ: Միլիցիան մեծահարուստի ընտանիքից էր, Բելգրադում ուներ սեփական տուն: Հայրը բարձրաստիճան պաշտոնյա էր: Մուշեղի խորհրդով Բելգրադի տունը վաճառել են եւ նոր տուն են գնել Չեռնոգորիայում՝ ծովափին: 1995թ. Մուշեղը, Միլիցիան եւ նրա դուստրը եկան Երեւան: Մուշեղը զբաղվում էր նկարների առքուվաճառքով: Երեւանում գտնվելու ընթացքում Մ. Մինասյանը երկու անգամ գողություն է կատարել: Շարունակելի ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել