Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջ ճահիճ էր՝ չէին բողոքում

Օգոստոս 21,2002 00:00

Առաջ ճահիճ էր՝ չէին բողոքում «Ժամանակ անցավ։ Պուրակը սեփականացվեց։ Նախ՝ փոքր սրճարանը գրավեց իր առջեւի մայթը, սեղաններն ու աթոռները տեղեր գրավեցին ու վերացավ ավազանի շուրջբոլորը ճեմելու հնարավորությունը»։ Այս եւ էլի որոշ դժգոհություններ ճարտարապետության դոկտոր, Մոսկովյան 8 շենքի բնակիչ Տիրան Մարությանը հայտնել է «Առագաստ» սրճարանի եւ նրան հարող այգու կապակցությամբ։ Մասնավորապես, պրն Մարությանը գտնում է, որ այգին կորցրել է իր նախնական նշանակությունը՝ զրկվելով ջրավազանի շուրջը գոյություն ունեցող երբեմնի ճեմուղիներից։ «Մեր վարձակալությունից առաջ էլ այստեղ նստարաններ են եղել, մենք ոչինչ չենք փոխել այստեղ»,- բնակչի բողոքի կապակցությամբ մեր հարցադրումներին պատասխանեց «Նուշիկյան» ասոցիացիայի նախագահի տեղակալ Վաչագան Նուշիկյանը՝ ճշտելով, որ այգին եւ ջրավազանը իրենք ոչ թե սեփականաշնորհել են, այլ 25 տարով վարձակալել։ Ընդ որում, երբ 1996-ին վարձակալել են, այգում լուսավորություն չի եղել, ծառերն ու խոտը անխնամ էին, ջրավազանը՝ ճահճացած։ Մեր այցելության ժամանակ այգում հանգստացող երիտասարդներից պատրաստակամություն հայտնեցին հիշելու, թե ինչպես էր այդտեղ տարիներ առաջ «խոտը դեղին, ջրավազանը՝ ճահճահոտ, սրճարան կոչվածում էլ թան ու լահմաջո էին միայն տալիս։ Եվ հնչում էր ռաբիս երաժշտություն, բայց՝ կենդանի»։ Այժմ, եթե սեփական աչքերին չհավատանք, գոնե կարելի է հղում անել ասոցիացիայի նախագահ Գարեգին Նուշիկյանի խոսքին. «Վարձակալության վեց տարիների ընթացքում այգին լուսավորել ենք, կանաչապատել, այն ամեն օր մաքրվում է»։ Վ. Նուշիկյանն էլ հայտնեց, որ այգին գիշերային ժամերին էլ ապահով է՝ լուսավորության եւ ՆԳ պահպանության վարչության հսկողության շնորհիվ։ Այգու տարեց հանգստացողներից մեկն էլ, մեր դիտարկմանը, թե զբոսնելու տեղն ավելի քիչ է մնացել նախկինի համեմատությամբ, ասաց. «Ես հակառակը կասեի. նախկինում զբոսնելու տեղը շատ մեծ էր, հանգստացողներն ու զբոսնողները շատ քիչ էին, իսկ հիմա՝ շատ-շատ են»։ Այստեղ կատարված փոփոխություններն էլ, իր ընկերների համերաշխ համաձայնությամբ, դրական որակեց։ Ծառ ու ծաղկի կապակցությամբ մեր ընթերցող ճարտարապետի անհանգստությանը «Կարմիր առագաստ» («Պոպլովոկ») սրճարանի տնօրեն Գեւորգ Շահինյանը հավաստիացրեց, որ անգամ ծառերի էտումը, էլ ուր մնաց ծառահատումները, կատարվում են քաղաքի գլխավոր դենդրոլոգի համաձայնությամբ եւ վերահսկողությամբ։ Թեեւ տեղեկացանք, որ այգու շահագործումը իրականացնող ձեռնարկությունը չունի իր դենդրոլոգը։ Կանաչ զանգվածի ընթացիկ խնամքն իրականացվում է պայմանագրով իրենց ստանձնած պարտավորությունների համաձայն։ Ըստ պրն Շահինյանի, բետոնապատվել են միայն այն հատվածները, որտեղ մի քանի անհաջող փորձերից հետո համոզվել են, որ կանաչ չի աճում՝ ճահճապատ լինելու պատճառով։ Մեր ընթերցողի ամենամեծ անհանգստությունը եւ բողոքը վերաբերում է այգու տարածքում կազմակերպվող համերգ-շնորհանդեսներին, որոնք մինչեւ ուշ գիշեր են տեւում եւ ուղեկցվում են հրավառությամբ ու աղմուկով։ Պրն Մարությանը տարակուսում է այն կապակցությամբ, որ նման միջոցառումների համար կազմակերպիչները թույլտվություն չեն ստանում հարակից շենքերի բնակիչներից։ Մասնավորապես, տոնակատարությունների ժամանակ Մոսկովյան 8 շենքի ճակատային հատվածում է տեղակայվում նվագախումբը, ինչն անհանգստություն է պատճառում բնակիչներին։ «Պատկերացնո՞ւմ եք, այսօր բնակիչների համաձայնությունը ստանալն ինչպես պետք է կազմակերպել»,- իր հերթին հարցնում է Վ. Նուշիկյանը։ Ասոցիացիան թույլտվություն ստանում է քաղաքապետարանից, որի հետ, ըստ պրն Նուշիկյանի, համաձայնեցվում են շնորհանդեսի ժամանակ իրականացվելիք բոլոր միջոցառումները։ Մեր դիտարկմանը, թե կարելի է համաձայնեցնել եւ հետո մի քիչ ավելին անել, քան թույլ է տրվում, ասենք, տոնակատարությունը դադարեցնել կեսգիշերի փոխարեն՝ դրանից անց, Վ. Նուշիկյանը պատասխանեց. «Վերջին անգամ «Կոտայք» գարեջրի շնորհանդեսն է եղել՝ հրավառությամբ, երաժշտությամբ։ Եվ վերջացել է ճիշտ կեսգիշերին, չի երկարաձգվել»։ «Դրա մեջ ճշմարտություն կա, բայց մեկ-մեկ կարելի է անհանգստանալ՝ հաճույք զգալու համար»,- ասաց այգում զբոսնող պապիկներից մեկը։ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել