Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԱՆԳՆԵՐԻ ՓՈՒՆՋ

Օգոստոս 21,2002 00:00

ՎՏԱՆԳՆԵՐԻ ՓՈՒՆՋ Երեւան քաղաքի Շիրազի փողոցին հարող հատվածում կառուցվում է ավտոմեքենաների գազի լիցքավորման կայան, որը բավականաչափ մոտ է բնակելի շենքերին: Այս տարածքում ամբողջ տարին առկա է ուժեղ քամու հոսանքը: Եթե լիցքավորման կայանը սկսի գործել, քամին գազը կփչի դեպի բնակելի շենքերը, եւ շենքերի բնակիչները կհայտնվեն առողջության համար վնասակար գոտում, ամբողջ տարին ստիպված կլինեն շնչել այդ գազը: 1988 թ. աղետալի երկրաշարժի պահին Երեւան քաղաքում ցնցումները ամենաուժգին կերպով արձանագրվեցին հենց այս թաղամասում: Բնակելի շենքերի նման կառույցի մոտ գտնվելը երկրաշարժի կամ ցանկացած վթարի դեպքում կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների: Բնականաբար, այս կառույցը կամ պետք է ապամոնտաժվի եւ տեղափոխվի ներկա վայրի ետնամասում գտնվող մի քանի հեկտար ամայի տարածքի խորքերը, կամ պիտի օգտագործվի այլ նպատակներով: Կառույցի տերերը Շիրազի փողոցի 40 շենքի դիմաց գտնվող ենթակայանից հոսանքի գիծ անցկացնելու նպատակով խրամատների են վերածել շենքերի բակերը, վնասել հեռախոսային կաբելը, որի հետեւանքով բնակիչները մի քանի օր զրկվել են հեռախոսից օգտվելու հնարավորությունից: Փորվել եւ խողովակ տեղադրելուց հետո ծածկվել Է մայրաքաղաքը հյուսիսային շրջաններին եւ արտաքին աշխարհին կապող կարեւոր խճուղին: Երկար ժամանակ ասֆալտածածկը չի վերականգնվել: Նշենք, որ այս տարածքը սպասարկող խարխուլ ենթակայանը հազիվ է բավարարում շրջակա շենքերի բնակիչներին, շաբաթական մի քանի անգամ, իսկ ձմռան ամիսներին ավելի հաճախակի, հոսանքազրկվում է: Գազի լիցքավորման կայանի տերը նախընտրել է հողի տակով անցկացնել հոսանքի գիծը, իսկ հարեւանությամբ գտնվող կառույցների տերերը օդով են տարել գծերը: Ենթակայանը դրվելու է գերլարվածության տակ, եւ մի օր այն կարող է պարզապես վառվել: Բնականաբար, լարանցումները պետք է անհապաղ անջատվեն, իսկ հողի տակով անցկացվող կաբելն ընդհանրապես չպետք է միացվի ենթակայանին: Խախտվում են նորմատիվները, այդ թվում՝ բնապահպանական, իսկ դրանց «օրինականացման» փաստաթղթերն առողջ քննադատությանը չեն կարող դիմանալ: Նախ, հողհատկացում է կատարվել մի տարածքից, որտեղով ապագայում անցնելու է մայրուղին: Դեռեւս խորհրդային տարիներին այստեղ կատարվել են զգալի հողային, շինարարական աշխատանքներ, շարվել են բազալտե եզրաքարեր, խճով ծածկվել է մայրուղու հողածածկը, եւ մնացել էր միայն ասֆալտապատումը: Այսօր այդ ամենից ոչինչ չի մնացել: Այս ամենը ավերվել է կառույցների տերերի կողմից, իսկ ապագա մայրուղին դեռ չծնված թաղվել է ճարտարապետական ոչ մի լուծում չունեցող անճաշակ շինությունների տակ: Այս ամենը առաջացրել է շրջակա շենքերի բնակիչների զայրույթը: Ցավալին այն է, որ այս գոտում հայտնված յուրաքանչյուր կառույցի տեր կամ նախկին, կամ այսօրվա պաշտոնյան է կամ պատգամավորը, եւ բոլոր օղակներում կանաչ ճանապարհ է բացվում նրանց առջեւ: Նրանց ախորժակն էլ գնալով մեծանում է: Այսպես, Աջափնյակ թաղապետարանի բնակշահագործման վարչության նախկին պետ Մ.Ավետիսյանը նախ իր ձեռքը գցեց միլիցիայի տեղամասային տեսուչի եւ անչափահասների հետ տարվող աշխատանքների համար նախատեսված սենյակները, որոնք վերածվեցին առեւտրի օբյեկտի: Հետո փոստի բաժանմունքին կից հատվածում կառուցեց երկհարկանի մի շինություն. նորից առեւտրի օբյեկտ է, որի երկրորդ հարկում հաճախակի է հյուրասիրվում ներկայիս թաղապետը: Համայնքի բնակիչների հետ հանդիպման յուրովի այս ձեւն է ընտրել պարոն թաղապետը: Այժմ էլ իր օբյեկտների դիմաց գտնվող վերոհիշյալ գազի լիցքավորման կայանի հարեւանությամբ նոր օբյեկտ է տեղադրում: Ասում են, թե գազի լցակայանի տերը պատգամավոր Մյասնիկ Մալխասյանն է: Պարոն թաղապետն էլ մատը մատին չի կպցնում թաղամասի բարեկարգման համար: Ոռոգման ջրի բացակայության պատճառով անհետացել են թաղամասի բակերի կանաչ գոտիները: Իսկ ավերումներն ու անճաշակ շինությունները չի նկատում, աչք է փակում, քանի որ դրանց հեղինակները իր հայրենակից ապարանցիներն են: Այս ամենի մասին մենք ահազանգել ենք տարբեր հասցեներով: Մաշտոց էլեկտրացանցում հանդիպում ենք ունեցել բարձր լարման ցանցերի գլխավոր ճարտարագետի, իսկ Երեւանի քաղաքապետարանի «Քաղաքաշինություն» ՊՓԲԸ-ում՝ հողհատկացումների բաժնի պետի հետ: Առաջինը ամեն ինչ համարեց օրինական. զարմանալի կլիներ, եթե հակառակ պատասխանը ստանայինք, իսկ երկրորդը պատճառաբանեց, որ դա կատարվել է իր նախորդների օրոք, հողհատկացումն էլ կատարել է նախկին քաղաքապետը: Հեռախոսազրույցներ ենք ունեցել Երեւանի քաղաքապետարանի բարեկարգման, բնապահպանության վարչությունների, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցների հետ: Եվ բոլոր ահազանգերն էլ մնացել են անպատասխան: Գ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Շիրազի փողոցի 40 շենքի բնակիչ Սույն հրապարակմամբ հրավիրում ենք ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ուշադրությունը, քանզի բնակիչներն այս բոլոր մտահոգությունները փորձել են հայտնել այդ ծառայության վստահության հեռախոսով, սակայն տարօրինակ է, որ այնտեղ առանձնապես ուշադրության չեն արժանացել. «Պետք է գրավոր բերեք բողոքը»։ Էլ ինչի՞ համար են վստահության հեռախոսն ու անձի գաղտնիություն հավաստող երաշխիքները։ Փաստորեն, թերթ տանող ճանապարհն ավելի կարճ է։ Հրապարակում ենք բնակիչների անհանգստության պատճառները՝ վերահսկողական ծառայությանը հնարավորություն ընձեռելով արձագանքելու համար գրավոր հիմք ունենալ։ Եվ պատրաստ ենք տպագրել նաեւ իրավասու մարմինների պարզաբանումները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել