«Ա1+»-ն օրինապաշտ է Հայտնի է, որ մի խումբ սպառողներ դիմում են ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարան՝ «Ա1+»-ի եւ «Նոյյան Տապանի» դեմ, պնդելով, թե այս հեռուստաընկերություններն իրավունք չունեին առանց համապատասխան իրավական հիմքի (այսինքն՝ արտոնագիր տրամադրելը մերժելու որոշման) դադարեցնել իրենց հաղորդումների հեռարձակումը։ Եւ, որ այս քայլով նրանք խախտել են իրենց սպառողների իրավունքները։ «Առավոտի» հարցին, թե ինչպես են վերաբերվում այս պահանջին, «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանը պատասխանեց. «Սպառողի տեսանկյունից նրանք իրավասու են դա անել։ Քանի որ բոլոր սպառողները հասկացան, թե դատական համակարգը հակառակ դիրքորոշումն ունի իրենց հայցադիմումների վերաբերյալ եւ նրանից ոչ մի լուծում ակնկալել չեն կարող, ի վերջո, որոշեցին պատասխան պահանջել մեզնից, քանի որ համարում էին, թե մեր պայքարը շատ մեղմ է։ Ես երջանիկ կլինեմ, եթե դատարանը որեւէ խիստ վճիռ կայացնի իմ վերաբերյալ, քանի որ իսկապես ունեմ պարտավորություններ սպառողների առջեւ եւ չեմ կատարում»։ Սպառողներն անընդհատ առաջարկում են «Ա1+»-ին՝ հաղորդակը տեղադրել սեփական տանիքին եւ եթեր դուրս գալ։ Հիշեցնենք, որ նման առաջարկ արել էր նաեւ կապի եւ տրանսպորտի նախարարը, որն անգամ պատրաստակամություն էր հայտնել հաղորդակի տեղափոխման համար տրամադրել մեքենա։ «Ես մի քիչ ավելի լուրջ եմ վերաբերվում այս խնդիրներին, քան մարդիկ, որոնք երեւի տեղյակ չեն, թե նման ապօրինություններն անթույլատրելի են,- ասաց Մեսրոպ Մովսեսյանը։- Անօրինական է ուղղակի հաղորդակ տեղադրելն ու հեռարձակելը։ Պետք է պահպանվեն գործող օրենքները։ Ես, նախ, հակված չեմ վտանգելու Երեւանի բնակիչների առողջությունը. հեռարձակման ժամանակ տեղի է ունենում ճառագայթում։ Եվ անպայման պետք է սանէպիդկայանի թույլտվությունը, որը տեղանքի զննումից հետո որոշում է հաղորդակ եւ ալեհավաք տեղադրելու նպատակահարմարությունը։ Եթե մեր տանիքից հեռարձակենք՝ ոչ միայն օրենքը կխախտենք, այլ նաեւ բարոյական որոշ նորմեր»։ «Ավետիս» հեռուստաընկերությունը, սակայն, հեռարձակումն իրականացնում էր իր տանիքից։ Մեր այս հիշեցմանն «Ա1+»-ի նախագահն այսպես արձագանքեց. «Դա «Ավետիսի» խնդիրն է։ Նույն կերպ Նորք-Մարաշում տեղակայված աշտարակը վտանգում է բավական մեծ թվով մարդկանց առողջությունը, բայց դա էլ է անտեսվում։ Բայց կարծում եմ, որ մեր դեպքում դա չէր անտեսվի եւ մեզ կհռչակեին ազգի եւ երկրի թշնամի»։ Ա. Ի.