Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ «ԱՆԱՂՈՒՀԱՑ ՔՐԴԻ ՇՈՒՆԸ»

Օգոստոս 21,2002 00:00

Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ «ԱՆԱՂՈՒՀԱՑ ՔՐԴԻ ՇՈՒՆԸ» ԵԽ ԽՎ դիտարկման (մոնիտորինգի) հանձնաժողովի համազեկուցողներ Իրենա Բելոհորսկան եւ Յերզի Յասկերնիան երեկ ԱԺ-ում հանդիպեցին հանրապետության լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Հարցեր տվողն այս անգամ ոչ թե լրագրողներն էին, այլ՝ հյուրերը, իսկ նրանց հետաքրքրում էին բոլոր այն հարցերը, որոնք վերաբերում են ԵԽ անդամ դառնալուց ի վեր Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանը։ Դիտարկման հանձնաժողովին հետաքրքրում էին մեզանում խոսքի ազատությունը, քաղբանտարկյալների առկայությունը, մարդու իրավունքները, միասեռականների իրավունքները, Եհովայի վկաների խնդիրները, մասնավորեցման գործընթացի թափանցիկությունը, դատավորների անկախությունը, ընդդիմությունը եւ այլն։ Եվրոպացիք կարծես եկել էին հատուկ ծրագրով, ուզում էին լսել այն, ինչ ուզում էին լսել, ընդհատում էին եւ իրենց «ծրագրին» համապատասխան հարցեր էին տալիս, ակնհայտորեն մեր մեջ չէին ուզում նկատել ազգ, ժողովուրդ եւ մարդ, նայում էին մեր միջով եւ տեսնում էին միայն իրենց (մեր) պարտավորությունների ցուցակը։ Ազգային առանձնահատկություն ասվածը նրանց համար մեր պարագայում գոյություն չուներ, կար գծված սցենար, որից ԵԽ համազեկուցողները պարզապես կառչած էին։ Այնուամենայնիվ, ԵԽ անդամ երկրի լրատվամիջոցներն ավելի բարեկիրթ եւ հանդուրժող գտնվեցին եւ պատասխանեցին հանձնախմբին հետաքրքրող հարցերին։ «Ազատություն» ռ/կ-ի ներկայացուցիչն անդրադարձավ կրոնի ազատության խնդրին, ասելով, որ վերջերս կառավարությանը կից ստեղծվել է Կրոնի գործերով խորհուրդ, որում նախագահելու է վարչապետը, եւ լինելու են նաեւ դատախազության ներկայացուցիչներ։ Այստեղ էր, որ պրն Յասկերնիան պարզապես ապշեցրեց իր եվրոմտքով, քանի որ այսպիսի հարց տվեց. «Ինչո՞ւ եք կարծում, որ ինքնիշխան պետության դատախազության ներկայացուցչի ներկայությունը կարող է ինչ-որ բանի տեղիք տալ…»։ Թերեւս մեր կիսաեվրոպական խառնվածքը ստիպեց լռել ու չհրավիրել պրն Յասկերնիային՝ գալ-մի քանի ամիս ապրել Հայաստանում, ընկնել իրավապահ մարմինների ձեռքը եւ սեփական մաշկի վրա փորձել «դատախազի ներկայացուցչի» ներկայությունը։ «ՀԺ»-ի թղթակիցը, պատասխանելով մարդու իրավունքների եւ ԶԼՄ-ների անկախության վերաբերյալ հարցերին, ԵԽ դիտարկման խմբին պատմեց «Հայկական ժամանակ» օրաթերթի աշխատակցի՝ Արաբկիրի ՆԳ բաժանմունքի աշխատակցի կողմից տարվելու մասին, ասվեց, որ նրանից փորձել են տեղեկություններ ստանալ թերթի աշխատակիցների անձնական կյանքի վերաբերյալ։ Ավելի ուշ իրավապահ մարմինները պարզաբանել են, թե «ՀԺ»-ի աշխատակցին շփոթել են «Հայոց Տուն» կազմակերպության աշխատակցի հետ։ Բայց ինչո՞ւ են «ՀԺ»-ի աշխատակիցների վերաբերյալ հարցեր տվել։ Այս տեղեկատվության առաջին մասն «անուշադրության մատնելով»՝ ԵԽ ներկայացուցիչները փորձեցին ճշտել՝ իրենց հետ հանդիպմանը հրավիրվա՞ծ է «Հայոց տան» լրատվամիջոցի ներկայացուցիչը։ ԵԽ ներկայացուցիչները որեւէ կերպ չկարողացան հասկանալ նաեւ, թե ինչ է նշանակում «քրդի շուն» արտահայտությունը եւ թե ի՞նչ կապ ունի այն նախագահ Քոչարյանի հետ, երբ թղթակիցը պատմեց Արարատ քաղաքի բնակիչ Ջանիկ Ադամյանի գրած ոտանավորի եւ կալանքի մասին, մեջբերվեց ոտանավորի տողը՝ «մի անաղուհաց քրդի շուն»։ ԵԽ ներկայացուցիչը կարծես չընկալեց նաեւ «անաղուհաց» արտահայտությունը, թեպետ խնդրեց հնարավորինս շատ տեղեկատվություն հաղորդել այդ եւ նման դեպքերի մասին, եթե կան։ Անդրադառնալով «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործների հետ հանդիպելու ԵԽ ներկայացուցիչների օրեր առաջ արտահայտած ցանկությանը, «Առավոտ» օրաթերթը հայտնեց, որ այդ ցանկությունը խիստ բացասաբար է ընդունվել հասարակության կողմից, եւ եթե իրոք հանձնախումբը մտադիր է հանդիպել ոճրագործներին, ապա պետք է անպայման հանդիպի նաեւ «Հոկտեմբերի 27»-ին զոհվածների հարազատներին։ «Առավոտը» մի դիտարկում եւս հայտնեց ԵԽ ներկայացուցիչներին, ասելով, որ վերջիններս, իրենց ցանկությամբ, թերեւս, առանց կռահելու «երես են տվել» Նաիրի Հունանյանին, քանի որ վերջինս նախորդ օրը թույլ չի տվել դատարանում հանել ձեռնաշղթաները։ ԵԽ ներկայացուցիչները, մեր տպավորությամբ, արդեն տեղեկացված էին այս ամենի մասին եւ կարծես փոխել էին իրենց մտադրությունը հանդիպման վերաբերյալ։ «Առավոտը» հայտնեց, որ չի կարծում, թե Հայաստանում կգտնվի գոնե մեկ մարդ, որը թույլ կտա, որ ԵԽ-ն արտոնյալ վերաբերմունք ցուցաբերի Նաիրի Հունանյանի նկատմամբ։ Տիկին Իրենա Բելոհորսկան անցումը կատարեց մահապատժի մասին խոսելով. «Մահապատիժն այն պայմաններից մեկն է, որ ձեր երկիրը եւ ձեր կառավարությունը ստորագրել են, որովհետեւ դուք ցանկանում էիք դառնալ ԵԽ անդամ։ ԵԽ-ն չափազանց խիստ է՝ ոչ մի մահապատիժ»։ Մասամբ անդրադառնալով քաղբանտարկյալների խնդրին, «Առավոտը» պարզապես մեկ օրինակ բերեց, առաջարկելով, որ ԵԽ ներկայացուցիչներն իրենք որոշեն՝ քաղբանտարկյա՞լ է մի մարդ, որի կատարած հանցանքների մասին հիշվում է այն պահին, երբ վերջինս հրապարակավ իր կասկածներն է հայտնում «Հոկտեմբերի 27»-ի հնարավոր կազմակերպիչների մասին։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել