ԿՊԱՇՏՊԱՆԵ՞Ն ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ «Առաջիկա նախագահական ընտրություններում Լեւոն Տեր- Պետրոսյանի քաղաքական հենարանը կլինեն ոչ միայն աջ, այլեւ ձախ կենտրոնամետ եւ աջ կենտրոնամետ ուժերը»,- քաղաքագետ, «Արմատ» կենտրոնի խորհրդի անդամ Ստեփան Գրիգորյանն այս համոզմանն է հանգել՝ «Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ մշտական շփումների արդյունքում»։ Ի դեպ, ըստ Ստ. Գրիգորյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի կոնցեպցիայում մեծ դեր են խաղալու նաեւ առանձին անձինք: Քաղաքագետը ենթադրում է, որ դրանք կարող են լինել Րաֆֆի Հովհաննիսյանը, Արտաշես Գեղամյանը, Ստեփան Դեմիրճյանը եւ այլ քաղաքական գործիչներ։ Նաեւ՝ հասարակական գործիչներ, գիտնականներ, մտավորականներ։ Պրն Գրիգորյանը միանշանակ պնդում է, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ՝ հաղթելու պայմանով դուրս գալու միակ այլընտրանքային տարբերակը Հայաստանի զարգացման այս փուլում Լ. Տեր- Պետրոսյանն է: «Ընդդիմությունը միայն համաժողովրդական դաշինք կազմելով եւ Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբվելով կարող է արդյունքի հասնել»։ Իսկ ինչ վերաբերում է ժողովրդին, Ստ. Գրիգորյանը համոզված է, որ «ժողովուրդն իր վստահության քվեն կտա Տեր-Պետրոսյանին, որն էլ՝ դաշինքի կայացման արդյունքում կդառնա ոչ թե մեկ կուսակցության լիդեր, այլ համաժողովրդական առաջնորդ»: Իր՝ «Ի վերջո, ի՞նչ ենք ուզում» հռետորական հարցին քաղաքագետը նույնքան հռետորական պատասխան տվեց. «Հայաստանի նախագահը լինի ոչ լեգիտիմ եւ ցածր կրթական ցենզո՞վ, թե՞ աշխարհում մեծ հեղինակություն վայելող մարդ, որը հակված չէ ուժային մեթոդներով հարցեր լուծել»։ Եվ իբրեւ վերն ասվածի հիմնավորում՝ Ստ. Գրիգորյանը հերթական անգամ հիշեցնում է, որ «Ազգայնամոլ ուժերի իշխանության օրոք պետությունները միշտ էլ տարածքային կորուստներ են ունեցել։ Կոնկրետ դեպքում, գործող իշխանությունների օրոք, մենք կորցրինք Իսրայելի հայկական եկեղեցու տարածքները՝ պաշտոնական Երեւանի հակահրեական քաղաքականության արդյունքում»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ