Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀԱՇՏՎԵՆՔ ՈՒ ԳՈՐԾ ԱՆԵՆՔ

Օգոստոս 20,2002 00:00

ՀԱՇՏՎԵՆՔ ՈՒ ԳՈՐԾ ԱՆԵՆՔ Օգոստոսի 16-19-ը Հայաստանում էր թուրք գործարարների 36 հոգանոց մի խումբ՝ Իգդիրից ու Էրզրումից։ Գործարարները հյուրընկալվել են Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների միությունում, ծանոթացել Երեւանի ոսկերչական գործարանի, «ՍԻԼ» կոնցեռնի, «Գարուն» ձեռնարկության, «Մետաքս» ընկերության, Երեւանի գարեջրի գործարանի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումներ են եղել նաեւ Հայաստանի գյուղատնտեսության փոքր եւ միջին ձեռնարկությունների շուկաների զարգացման ծրագրի ներկայացուցիչների հետ։ Երեկ, մեկնելուց առաջ, թուրք գործարարները հանդիպեցին լրագրողների հետ։ Հայ-թուրքական գործարար համաժողովի քարտուղար Աշոտ Սողոմոնյանն ասաց, որ որեւէ կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Այցելության նպատակը հայ գործընկերների հետ ծանոթանալն էր։ Իգդիրի առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահ Թայյար Օրալը, խոսելով հայ-թուրքական տնտեսական հարաբերությունների հաստատման անհրաժեշտության մասին, կոչ արեց Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին գնալ խաղաղության ուղով եւ հաշտեցման համաձայնագիր ստորագրել, որովհետեւ թուրքական պետությունը հայտարարում է, որ թուրք-հայկական սահմանը կարող է բացվել միայն ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո։ Գործարարն ասաց, որ Իգդիրը ավելի մոտ է՝ իր տպավորությամբ, զարգացած Երեւանին, քան Թուրքիայի կենտրոնին եւ իրենք ուզում են օգտվել Երեւանին մոտ լինելու հանգամանքից՝ գործարար կապեր հաստատելով հայ գործարարների հետ։ Նկատի ունենալով ցեղասպանության խնդիրը, Թայյար Օրալը կարծում է, որ չպետք է նայել ետ՝ անցյալին, ավելի լավ է ապագային նայել։ Որովհետեւ հայերն ու թուրքերը նույն տարածաշրջանում կողք կողքի ապրող ժողովուրդներ են։ Իսկ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ առեւտրա-տնտեսական հարաբերությունները կարող են երկուստեք շահավետ լինել։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել