Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Փոխնախարար շոումենը

Օգոստոս 20,2002 00:00

Փոխնախարար շոումենը «Կեցցե՛ մշակույթի նախարարությունը» կամ «Կորչե՛ն քննադատողները»՝ մոտավորապես այս ոգով անցավ փոխնախարար Կարեն Արիստակեսյանի ասուլիսը, որին «Առավոտը» հատուկ չէր կանչվել։ Թեեւ փոխնախարարը հայտարարեց, որ մշակույթի նախարարությունը շոուներ չի կազմակերպելու եւ թվալ-երեւալու խնդիր չունի, սակայն իրականում այս ասուլիսը մի հերթական շոու էր։ Նրա նպատակն էր ներկայացնել նախարարության արժանիքները ամենավառ ու գրավիչ գույներով՝ ի հակադրություն տեղական լրատվամիջոցների, որոնք, իբր, ավելի բացասաբար են տրամադրված Հայաստանի թանգարաններին, քան օտարները։ Կ. Արիստակեսյանը տեղը տեղին մեղադրեց նաեւ թանգարանների տնօրեններին՝ մեր թերթում հայտնած այն կարծիքի համար, որ թանգարանային շենքերը չեն համապատասխանում եվրոպական չափանիշներին։ Արդարացավ, որ դրանք ԽՍՀՄ-ի օրոք են ստեղծվել։ Հետո էլ առիթը չկորցրեց հայտարարելու, որ իբր նույն նախարարության հերոսական ջանքերի շնորհիվ այդ շենքերը կարճ ժամանակ անց արդի պահանջներին համապատասխան ներքին եւ արտաքին հարդարանք կունենան։ Զարմանալի էր, որ Կ. Արիստակեսյանն ամեն ինչ աղավաղված էր ներկայացնում լրագրողներին, իսկ մեր թերթում եղած նախարարության անուշադրության ու անտարբերության վերաբերյալ որոշ թանգարանների տնօրենների բացասական գնահատականները, չգիտես ինչու, վերագրում էր թանգարաններին։ Այնուհետեւ փոխնախարարի ինքնասիրահարվածությունը հասավ գագաթնակետին։ Նա վերցրեց եւ լրագրողներին պատվիրեց, որ մշակույթի նախարարություն մտնեն այնպես, կարծես թանգարան են մտնում։ Ուրեմն ի՞նչ, այստեղից հետեւում է, որ լրագրողներն էլ իրեն պարտավոր են վերաբերվել իբրեւ թանգարանային հազվագյուտ նմուշի՞։ Կ. Արիստակեսյանը Լինսի հիմնադրամի հաշվին մշակութային օջախների վերանորոգման ժամանակ ծագած խնդիրների վերաբերյալ մամուլի հրապարակումները որակեց ավելորդ աղմուկ բարձրացնելու նկրտումներ։ Անհասկանալի էր միայն, թե ինքն ինչու էր աղմուկ բարձրացնում եւ հանդես գալիս ի պաշտպանություն Լինսի հիմնադրամի։ Չէ՞ որ վերջինիս մասին որեւէ բացասական կարծիք չի էլ հայտնվել։ Ընդհակառակը, մեր թերթում եղած բազմաթիվ հոդվածներում մշակութային օջախների ղեկավարները հիացմունքով են խոսել դրանք վերանորոգելու նախաձեռնության մասին։ Իսկ դժգոհություններ հայտնվել են նախագծային թերությունների, աշխատանքների ոչ ճիշտ հերթականության, ներքին բյուրոկրատական քաշքշուկների պատճառով այս կամ այն խնդրի լուծման դանդաղելու կամ շինարարներին հասանելիք գումարների ուշացման մասին։ Եվ որ ամենակարեւորն է, մշակույթի գործիչներին հատկապես զայրացրել է այն հանգամանքը, որ մշակույթի նախարարությունը ծրագրի իրականացման ընթացքում իրեն անտարբեր դիտորդի պես է պահում։ Գ. ՀԱԿՈԲՅԱՆ Հ. Գ. Որոշ բանակցություններից հետո Կ. Արիստակեսյանը խոստացավ տղամարդավարի հարցազրույց տալ «Առավոտին» ու տեր կանգնել իր ասածներին, ի տարբերություն այն թանգարանների տնօրենների, որոնք, իբր, հետո արդարացել են փոխնախարարի առաջ, թե նման բաներ չեն ասել, ինչ մեր թերթում է տպագրվել։ «Միայն թե նորից հեգնական բաներ չգրեք ձեր թերթում, թե չէ հետո կիմանաք, հա՜»,- նեղացած տոնով զգուշացրեց փոխնախարարը։ Ցավոք, ոչ հեգնելու, ոչ էլ գովաբանելու առիթ այդպես էլ մեզ չընձեռվեց, որովհետեւ խախտելով պայմանավորվածությունը, հաշված րոպեների ընթացքում փոխնախարարը անհայտ ուղղությամբ անորոշ ժամանակով լքել էր աշխատասենյակը։ Բայց կարող էր, չէ՞, տղամարդավարի հրաժարվել հարցազրույցից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել