Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԲԱՄԲԱՍԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑԱՆ

Օգոստոս 20,2002 00:00

ԲԱՄԲԱՍԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑԱՆ Ավանի թաղապետարանը զրկում է բնակչին Հնաոճ գորգերի վերականգնմամբ զբաղվող Մեհրի Մարկոսյանի կարծիքով, Ավանի թաղապետարանը դարձել է չարիք իր ընտանիքի համար. այն զրկել է իրեն՝ 3 անչափահասների մորը ապրուստի հնարավորությունից եւ սեփական քրտինքով հացը վաստակելուց։ Ըստ Մեհրիի, շուտով իր ընտանիքը կհայտնվի ծայրաստիճան աղքատության շեմին, որովհետեւ Ավանի թաղապետարանը խոչընդոտում է մեծ ջանքերի ու զրկանքների գնով հիմնած իրենց ընտանեկան՝ «Ահարոն-Մեհրի» ՍՊԸ-ի գործունեությանը։ Մեհրի Մարկոսյանի՝ «Առավոտին» ուղարկած նամակից տեղեկանում ենք, որ 2000թ. հունվարին Ավանի թաղապետ Հարություն Մարգարյանի որոշմամբ բավարարվել է իր դիմումը եւ իրեն տրամադրվել 160 քմ տարածք՝ լուծարված թիվ 1 մսուր-մանկապարտեզի շենքում, որտեղ էլ Մեհրին ծավալել է հնաոճ գորգերի վերականգնման եւ արտադրության գործունեություն։ Իսկ Մեհրիի զբաղեցրածին կից՝ վարձակալությամբ տարածք է հատկացվել նաեւ նույն համայնքի մեկ ուրիշ բնակչի՝ դպրոցներից մեկում իբրեւ փոխտնօրեն աշխատող Քնարիկ Բայրամյանին։ Վերջինս էլ այդտեղ զբաղվել է «խաղային բիզնեսով»։ Այժմ, երբ վերջապես 2 տարվա քրտնաջան աշխատանքից հետո Մեհրիին հաջողվել է լուծել վարձակալական հիմունքներով հանձնված անմիթար վիճակում գտնվող տարածքի հոսանքի, սանհանգույցի, ջարդված ապակիների, անգամ քայքայված տանիքի հարցը, բացվել են նոր աշխատատեղեր, նրա առջեւ փորձում են փակել բոլոր դռները։ Մեհրին հավաստիացնում է, որ մշտապես պարտաճանաչ վճարել է վարձակալության գումարները, չհաշված մեկ-երկու ուշացումները։ Մեհրիի նամակից տեղեկանում ենք նաեւ, որ վերջին անգամ վարձակալության գումարը նա ուշացրել է դեկտեմբեր ամսին։ Հենց այդ պատրվակն էլ օգտագործել է թաղապետարանը եւ, առանց նախօրոք զգուշացնելու, կապարակնքել իրեն հատկացված տարածքը։ Եղածը շտկելու համար Մ. Մարկոսյանը վարկ է վերցրել, մարել պարտքերը, գնել նոր հաստոցներ, թել, նյութեր եւ այլն՝ կատարած աշխատանքի պտուղները առաջիկայում տեսնելու ակնկալիքով։ «Քանի որ Ավանը փոքր, համարյա գյուղատիպ թաղամաս է, խոսակցություններն էլ շուտ են տեղ հասնում։ Տեղեկացա, որ մանկապարտեզը վաճառում են»,- պատմում է Մ. Մարկոսյանը։ Նա դիմում է թաղապետին՝ վարձակալած տարածքը իրեն վաճառելու խնդրանքով, քանի որ այնտեղ արդեն տեղադրված էին իր անավարտ գորգերով 30 հաստոցները։ Ըստ Մեհրիի, թաղապետարանում մերժել են դիմումը, եւ նախկինում վարձակալությամբ իրեն հանձնված տարածքը վաճառել մեկ ուրիշի՝ Մեհրիի հարեւանին, այն դեպքում, երբ, բացի դրանից, միմյանց կից 3 մասնաշենքեր էլ կային։ Այժմ Մ. Մարկոսյանը հուսալքված է, որովհետեւ «Ահարոն-Մեհրի» ՍՊԸ-ում, բացի իրենից, աշխատում է եւս 15 ընտանիք։ «Արտադրության փակումը իմ ընտանիքի քայքայումն է։ Տանը նստած՝ ես այդքան վարկ չեմ կարող վճարել»,- ասում է Մեհրի Մարկոսյանը՝ հույսով, որ իր նման անթիկունք մեկին գոնե «Առավոտը» սատար կկանգնի։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ Հ. Գ. Ի դեպ, Ավանի թաղապետարանում հրաշալի տեղյակ էին Մեհրիի «գործին», քանի որ «գորգ» բառը լսելուն պես համապատասխան պատճառաբանություններ էին հնչեցնում, հետո էլ խորհուրդ տալիս ավելի ստույգ պարզաբանում ստանալ կոմունալ բաժնի պետ Հովիկ Մովսիսյանից։ Նրա հետ մի կերպ կապվեցինք հեռախոսով։ Վերջինս, ի հակառակ Մեհրի Մարկոսյանի այն պնդումների, որ քանիցս գրավոր դիմել է թաղապետարան, ասաց. «Այդ կինը գրավոր խնդրանքով երբեւէ մեզ չի դիմել։ Եթե դիմեր, գուցե տարածքն իրեն վաճառեինք։ Իսկ այժմ նպատակահարմար ենք գտել այն վաճառել ուրիշի»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել