Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Դժգոհ մարդիկ տխուր քաղաքում

Օգոստոս 20,2002 00:00

Դժգոհ մարդիկ տխուր քաղաքում Գյումրին դեռեւս մնում է Հայաստանի ամենաբարդ խնդիրներ ունեցող տարածաշրջանը՝ իր բարոյահոգեբանական եւ սոցիալ-տնտեսական հարցերի առումով։ Չնայած հիմա այնտեղ բուռն շինարարական աշխատանքներ են ընթանում եւ, ըստ քաղաքապետի, քաղաքը դարձել է շինհրապարակ, միեւնույն է, ընդհանուր ոգեւորություն չկար։ Մարդիկ «տարօրինակ» վարքագիծ են դրսեւորում. նրանք ուրախ բնակարանամուտ նշելու փոխարեն դժվարությամբ են տեղափոխվում իրենց անհատույց հատկացված բնակարանները, քաղաքապետարանի համար ստեղծելով լուրջ խնդիր մարդկանց տեղահանելու եւ տարածքները տնակներից մաքրելու հարցում։ Պատճառը՝ ապրելով տնակում, մոտ 8000 դրամի չափ նպաստ են ստանում, իսկ տեղափոխվելուց հետո նրանք զրկվելու են դրանից։ Մռայլ է Գյումրին, ու հուսահատ գյումրեցիների հանդիպեցինք համարյա ամենուր։ Ե՛վ ունեւոր, ե՛ւ չունեւոր մարդիկ դժգոհելու իրենց պատճառներն ունեին։ Միջին տարիքի մի կին (արվեստի բնագավառի աշխատող. ներկայանալն համարեց անիմաստ՝ վկայակոչելով իր նման հարյուրավորներին) զարմացավ. «Դեռ չասված բա՞ն է մնացել։ Ո՞ւմ է հետաքրքիր, որ աշխատում ենք ու չենք վարձատրվում, որ աշխատավարձդ ստանալուց հետո չես պատկերացնում, թե այդքան գումարը ինչպես ծախսես, որ ճիշտ լինի, երբ այն չի բավականացնում անգամ մի ատամ հեռացնելուն։ Մնացածի մասին արժե՞ խոսել։ Նայում եմ մեր քաղաքի տղամարդկանց, սիրտս մղկտում է, ժամանակից շուտ ծերացել են, երիտասարդությունը չգիտի՝ ինչ անի»։ Գյումրիի կենտրոնում գտնվող ամենաշքեղ խանութներից մեկի տերը դառը քմծիծաղեց, երբ հարցրի իրենց քաղաքի մասին։ «Քաղա՞ք, ինչ եք ասում, Գյումրին դարձրին ռայոն, ուր մարդիկ միայն մեռել են թաղում։ Էսպես՝ հաստատ դեպի կործանում ենք գնում, ինքնասպառվում են մարդիկ, կորել է գյումրեցու համն ու հոտը։ Քաղաքում տղամարդ չի մնացել։ Ի՜նչ մարդիկ է տվել Գյումրին հայ ազգին, իսկ հիմա, ոչ մեռնում ենք, ոչ ապրում»։ Մի կին էլ (հավանաբար ցավոտ տեղին դիպա) միանգամից հուզվեց. «Մի՞թե հնարավոր է ինքն իրեն հարգել այսպես ապրելով, արդարանում են, թե բյուջե չկա, ճեղքվածք կա։ Ինձ՝ ինչ, իմ որդին ծերանում է, որովհետեւ չի գտնում իր տեղը, շատ լավ մասնագետ է, բայց ո՞ւմ է հետաքրքիր։ Գիտեք, ուզում եմ ռադս քաշեմ ու գնամ եւ պատճառը ավելի շատ հոգեբանական է, տնտեսականը մի կերպ կարելի է հաղթահարել։ Այսօր քաղաքում տիրում է կոռուպցիան իր գավառական դրսեւորման մեջ, կաշառակերությունն ու ամենաթողությունը։ Նայեք մարդկանց դեմքին եւ ամեն ինչ պարզ կլինի։ Մեր վերքերն այնքան խորն են եւ այնքան շատ բան է մնացել չարված»։ Հանդիպումները շատ էին, դժգոհություններն՝ ավելի։ Զրուցեցինք նաեւ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ ու խնդրեցինք ներկայացնել քաղաքը, արվածն ու արվելիքը։ «Քաղաքում ծավալվող շինարարությունը մեծ չափերի է հասնում այս տարի եւ մյուս տարվա կեսերին պետք է հանձնենք 4000 բնակարան։ Ունենք բազմաթիվ խնդիրներ։ Ամենակարեւորը աշխատատեղերի բացակայությունն է։ Հանրապետության երկրորդ քաղաքը պահանջում է այլ մոտեցումներ, քան մինչ այսօր ցուցաբերվում է նրա հանդեպ։ Չնայած մեզ մոտ բարձրացել է բնակարանների գինը։ Գյումրին բարգավաճ տեսնելու համար պիտի լինի ազատ տնտեսական դաշտ, հարկային այլ քաղաքականություն, ներդրումներ եւ հստակ ռազմավարություն պիտի մշակվի, որոնք, սակայն, չեն արվում։ Մենք ազգովի ենք մեղավոր, որ 95-96-97 թվերին ինչ-որ մարդիկ եկան Գյումրի, ամբողջ քաղաքը տակնուվրա արեցին ու փախան։ Դա այն ժամանակ էր, երբ ձեւավորվում էին մարզերը։ Աղետի գոտին պահեցին, որ իրենք արտասահմաններում ծավալվելու հնարավորություն ունենային եւ մենք մղվեցինք երկրորդ պլան, դարձանք մի տեսակ դոնորներ, որ սնենք մի քանի տասնյակ մարդկանց։ Իսկ հիմա ձեւավորվել է կարծես հանրապետություն-Երեւան եւ այնտեղ է ամեն ինչ։ Մարզերին ոչ ոք բանի տեղ չի դնում։ Գյումրիի մասին օրենք դուրս եկավ, որ հաստատ չի նպաստելու նրա զարգացմանը։ Տեղական ինքնակառավարման լծակները շատ սահմանափակ են։ Մենք կարող ենք խթանել միայն միջին եւ մանր բիզնեսը, որը եւ անում ենք, սակայն քաղաքին անհրաժեշտ մեծ արտադրության համար պիտի հոգա կառավարությունը, որը չի անում։ Վիճակը լավանալու փոխարեն վատանում է, եւ մարդիկ լքում են երկիրը։ Սակայն Գյումրին հավատավոր քաղաք է, չնայած վերջին տարիներին դժգոհության իմունիտետ ձեռք բերեցինք։ Գյումրեցին անընդհատ դժգոհ է եւ այդ դժգոհությունը ախտահարել է մեր միտքը, հոգին։ Չկա այն գիտակցությունը, որ դժգոհելով ոչնչի չես հասնի։ Ավելի վատ պայմաններում ենք ապրել։ Այսօր յուրաքանչյուրս պիտի մտածի մեղքի իր բաժնի մասին, ներկա վիճակի համար եւ շտկելու ուղիներ պիտի փնտրի»։ ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել