Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՆՐԱՆՔ ՏԵՍԱԿԵՏ ՉՈՒՆԵՆ

Օգոստոս 20,2002 00:00

ՆՐԱՆՔ ՏԵՍԱԿԵՏ ՉՈՒՆԵՆ Որովհետեւ չեն ուզում խնդիրներ ունենալ Մարդկանց մեջ վախ ու անհանգստություն սերմանելու «նոմինացիայով» վարկանիշային աղյուսակում «ԱրմենՏելը» հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանից հետո երկրորդ տեղն է զբաղեցնում։ Իր մենաշնորհային բարձունքներից ընդամենը մի քանի վարչական միջոցներ կիրառելով՝ այս ընկերությունը հայաստանյան շուրջ մեկ տասնյակ պրովայդեր ընկերություններին զրկեց խոսելու ցանկությունից։ Հիշեցնենք, «ԱրմենՏել»-«Արմինկո» հակասություն էր առաջացել վերջերս, որի պատճառն, ըստ առաջինի, պրովայդերի ապօրինի անցկացրած 2 կապուղիներն են։ Իսկ վերջինը պնդում է, որ դա հնարավոր չէր անել։ Հետո՝ տարածքն ազատելու «ուլտիմատում» եւ այլն։ Ինտերնետային կապ մատակարարող ընկերությունների ղեկավարները կամ աշխատակիցները «ԱրմենՏել»-«Արմինկո» հակամարտության վերաբերյալ մեկնաբանություններ, կարծիքներ կամ տեսակետներ հայտնելու մեր խնդրանքին ի պատասխան, խուսափողական պատասխաններ տվեցին կամ ընդհանրապես հրաժարվեցին որեւէ բան ասել։ «Չեմ ցանկանում «ԱրմենՏելի» հետ խնդիրներ ունենալ»,- հիմնականում այս պատասխանն էր տրվում։ Մինչդեռ, խոսքն ընդամենը սեփական կարծիքն ու տեսակետն արտահայտելու մասին էր, որը նրանց տրված է երկրի գլխավոր օրենքով։ Հնչում էին նաեւ «զբաղված է», «մենք ձեզ կզանգենք», «այդ հարցի վերաբերյալ տնօրենը կհրաժարվի տեսակետ հայտնել» պատասխանները։ Ու որքան էլ «ԱրմենՏելը» կամ մյուսները պնդեն, թե հարցը իրավական հարթությունում կլուծվի, այնուամենայնիվ, պրովայդեր ընկերությունների մտավախությունները վկայում են, որ նրանք չեն բացառում կամայականություններ իրենց նկատմամբ եւս, ինչպիսիք, պետք է ենթադրել, տեսել են ընդհանրապես։ Չի բացառվում, սակայն, որ իրենց բիզնեսում ամեն ինչ չէ, որ կարգին է, ինչն «ԱրմենՏելն» ամեն վայրկյան կարող է մատնացույց անել, զրկելով հետագա գործունեության հնարավորությունից։ Այսպիսով, «Հարդ», «Կոռնետ ամբա», «VIP security sistems», «Նետսիս», «Դոֆին» ընկերություններից չհաջողվեց այս մասին որեւէ բառ անգամ լսել։ Ոմանց հետ չհաջողվեց կապվել, իսկ, օրինակ, «Հայհամակարգիչն» արդեն կարծես թե չի գործում, դատական քաշքշուկների մեջ է նմանատիպ պատճառներով։ Ոլորտի հետ այս կամ այն կերպ առնչություն ունեցողների կարծիքով, սա «ԱրմենՏելի» հերթական կամայականությունն է, որը չի բացառվում նաեւ մրցակցություն ապահովող ցանկացած այլ ընկերության նկատմամբ։ Միայն «WEB» ընկերության տնօրեն Կոլյա Հովհաննիսյանը նշեց. «Ինձ համար պարզ չեն այն տեխնիկական պայմանները, որոնց պատճառով առաջացել է վեճը, դրա համար էլ լուրջ գնահատական տալը բարդ է»։ Իսկ «հնարավոր համարո՞ւմ եք, որ այս քայլը հանդուրժելու դեպքում նման «կամայականություններ» կարող են կիրառվել նաեւ Ձեր եւ մյուս ընկերությունների նկատմամբ» հարցին պատասխանեց. «Ցանկացած նման տիպի քայլերը, եթե լինեն այդպիսիք, կարող են պատժվել դատական կարգով»։ Այսինքն, պարոն Հովհաննիսյանը զերծ է մնում որակումներ տալուց, խնդրի լուծումը վստահելով դատարանին։ «Արմինկոն» նույնպես որեւէ տեղեկատվություն չհաղորդեց։ Իսկ «ԱրմենՏելից» հայտնեցին, որ որոշակի ոչ մի նորություն չկա, դեռ բանակցում են եւ որ մինչեւ շաբաթվա վերջ խնդիրը կլուծվի։ Ընթացքում կարծես թե աչքաթող են արվում բաժանորդների շահերը, որոնք այս օրերին երբեմն-երբեմն զրկվում են ինտերնետային կապից, կրելով նաեւ տնտեսական վնասներ, իսկ մնացած ժամանակ անորակ կապ են ստանում։ «Արմինկոն» ինքը վնասներ է կրում, ըստ ամենայնի։ Մյուս կողմից, եթե իրոք ապօրինի լարանցում է եղել, ապա «ԱրմենՏելի» քայլերը հասկանալի են։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱ Հ. Գ. Հիշենք, որ երբ պրովայդեր ընկերությունները բողոքում էին «ԱրմենՏելի» կամայականություններից ու քաղաքականությունից, «Արմինկոն» զբաղված էր «ԱրմենՏելի» հետ համատեղ «ԱրմենՍել» ընկերությունն ստեղծելով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել