Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ե՛Վ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ, Ե՛Վ ՍՏՎԵՐԱՅԻՆ ԿԱԲԻՆԵՏ

Օգոստոս 20,2002 00:00

Ե՛Վ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ, Ե՛Վ ՍՏՎԵՐԱՅԻՆ ԿԱԲԻՆԵՏ ՀԿԿ Կենտկոմի քարտուղար Խորեն Սարգսյանը օրերս է վերադարձել իր հայրենի Մարտունու շրջանի Ծովինար գյուղից, եւ վերադարձել է այն հաստատ համոզմամբ, որ. «եթե առաջ ես ասում էի, որ ժողովուրդը գուցե 2 տոկոսի ձայն տա հանրապետության նախագահին, հիմա համոզված ասում եմ (եղել եմ երկու շրջանում), որ իմ այցելած երկու շրջաններից գեթ մեկ գյուղացի ձայն կտա Ռոբերտ Քոչարյանին։ Այսինքն՝ արդեն այդ երկու տոկոսին էլ չեմ հավատում»։ Խորեն Սարգսյանն իր բազմաթիվ հանդիպումների ընթացքում մեկ ուրիշ եզրակացության էլ է եկել՝ ժողովուրդը սպասում է իշխանափոխության. «Ժողովուրդն այսօր քաղաքական ուժերից պահանջում է միասնություն եւ պահանջում է նաեւ, որ քաղաքական ուժերը մեկ թեկնածուի շուրջ պայմանավորվեն եւ ժողովրդին տանեն ընտրության»։ Խորեն Սարգսյանը Կենտկոմի քարտուղարն է միջկուսակցական հարաբերությունների հարցերով, եւ շփումներն այլ կուսակցությունների հետ նրան բավարար հիմք տալիս են համոզված լինելու, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը մտածում են միանալ մեկ միասնական թեկնածուի շուրջը. «Ես ուրախ եմ, որ այն քաղաքական ուժերը, որոնց հետ խոսել եմ (ՀԴԿ, «Հանրապետություն», «ԱՄ», ՀԺԿ- Մ. Ե.) եւ ոչ մեկը այդ կուսակցություններից ամբիցիաներով չի տառապում եւ չի պնդում, թե իր կուսակցության լիդերը պետք է լինի միասնական թեկնածուն։ Նրանք եւս մտածում են, որ նպատակը երկիրն այս վիճակից դուրս բերելն է եւ նորմալ զարգացման ռելսի վրա դելը։ Սա արդեն բավարար է անկախ նրանից, թե ինչ քաղաքական ուժի ներկայացուցիչ է դառնալու հանրապետության նախագահը»։ Թռչունիչը վստահ է, որ ով էլ լինի հանրապետության նախագահը (Ռոբերտ Քոչարյանից հետո), կարճ ժամանակում կգնա դեպի խորհրդարանական հանրապետություն. «Հայաստանի ապագան խորհրդարանական հանրապետության մեջ է, նաեւ՝ արտաքին քաղաքականության մեջ Ռուսաստանի հետ լինելու մեջ է, Հայաստանի ապագան կատարված սեփականաշնորհման սխալներն ուղղելու մեջ է»։ Այսօր արդեն նախագահի թեկնածության կոնկրետ հավակնորդների անուններ կան հրապարակում, առայժմ որեւէ կոմունիստ թեկնածուի անուն հրապարակային չի դարձել որպես հավակնորդ։ Թեպետ Կոմկուսը չի զլանում հայտարարարել, որ Կոմկուսը եթե պետք լինի, ի զորու է նաեւ իր թեկնածուին առաջադրել։ Խորեն Սարգսյանն իր հերթին հայտարարեց, որ Կոմկուսը ոչ թե մեկ, այլ մի քանի նախագահի թեկնածու ունի. «Եթե բոլոր քաղաքական ուժերը թեկնածուներ ունեն, մի-մի հատ, ուրեմն Կոմկուսը՝ մի քանի հատ։ Սա պարծենալու բան չէ, սա իրողություն է։ Յոթանասուն-ութանասուն տարի Կոմկուսը երկիր է ղեկավարել, փորձ ունի, ամեն ինչ ունի։ Թեկնածուի հարցը որոշելու են բոլոր ուժերը միասին եւ ամբիցիաները մի կողմ թողած։ Եթե մեկն ու մեկը փորձեց ասել՝ «Ես եմ լինելու», այդ «ես»-ը չի ընդունվելու։ Եվ հետո, իսկ ո՞վ ասաց, որ թեկնածուն լինելու է հայտնի քաղաքական ուժերից, ինչո՞ւ բացառել, որ թեկնածուն կլինի բոլորովին ոչ քաղաքական եւ չքաղաքականացված մեկը»։ Արդյո՞ք Խորեն Թռչունիչի այս վստահությունը նշանակում է, թե ինքն արդեն գիտի, թե ո՞վ է լինելու միասնական թեկնածուն. «Դեռեւս այդ թեկնածուն չկա, այդ թեկնածուն կլինի, երբ որ քաղաքական ուժերը հանդես գան իրենց ծրագրերով։ Այդ ժամանակ ոչ միայն միասնական թեկնածուի անունը պետք է տրվի, այլ նաեւ՝ կառավարության։ Ժողովուրդը պետք է իմանա, որ եթե այս դաշինքը գալիս է իշխանության, ապա պետք է պարզ լինի, թե որ ուժը որ ոլորտների պատասխանատվությունն է վերցնելու եւ կոնկրետ ժամանակացույց պիտի ներկայացվի ժողովրդին, թե քանի մասից ինչ գործեր են արվելու։ Ստվերային կաբինետը պետք է պատրաստ լինի մինչեւ ընտրություններ։ Գուցե մի x-ի դնում ենք հանրապետության նախագահ, այդ x-ից բացի y-ներն ովքե՞ր են լինելու»։ Դեպքերից առաջ չընկնենք, որովհետեւ մինչ x-ի եւ y-ի բացահայտումը բազմաթիվ ուրիշ գործողություններ տեղի ունեցան, օրինակ, այն, որ ԿԸՀ-ն ձեւավորվեց ՀՀ նախագահի թելադրանքով։ Այս մասին Խորեն Սարգսյանը հատուկ կարծիք ուներ եւ ուզեց. «Առավոտ» թերթի միջոցով ասում եմ՝ ինչքան էլ կուզեք՝ խախտումներ արեք, դուք էդ խախտումներով հազիվ կկարողանաք մի քանի տոկոս ձայն բերել, դրանից բացի դուք ձեր երեխաների աչքերի մեջ նայելու իրավունք չեք ունենա։ Մեկ ա, իշխանափոխություն լինելու է, կամ լինելու է էս քարտեզի վրա տարածք, որտեղ հայեր չեն ապրելու»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել