Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՍԱՌԸ ՑՆՑՈՒՂ

Օգոստոս 20,2002 00:00

ՍԱՌԸ ՑՆՑՈՒՂ «Ռուսաստան-Բելառուս-Հայաստան» նախաձեռնության նախահայր Աղասի Արշակյանը միանգամայն կիսում է Բելառուսի նախագահի՝ մարզի կարգավիճակով ՌԴ-ին միանալու առաջարկի մերժումը։ Սակայն, ըստ նրա, «մերժվել է միություն ստեղծելու առաջարկվող ճանապարհը», մինչդեռ «գործընթացը շարունակական բնույթ է կրում» եւ պարոն Արշակյանը միանգամայն համոզված է, որ «վաղ թե ուշ միությունը լինելու է», ընդ որում՝ «հավասարության սկզբունքով»։ Իսկ ՌԴ նախագահի նման դիրքորոշումը նախաձեռնության հայաստանյան ջատագովը բացատրում է «այս հարցում հետխորհրդային բոլոր պետություններին ուղղված Արեւմուտքի դիրքորոշմամբ»։ Ինչպես հայտնի է, Արեւմուտքն այդ երկրներին պատրաստ է ներել ամեն ինչ, բացառությամբ միութենական գործունեություն ծավալելու տարբեր մոդիֆիկացիաներից։ Նրանք, փաստորեն, անգամ ՌԴ նման հզոր պետությանը, ըստ Ա. Արշակյանի, կարողացել են իրենց ֆինանսական մեքենայի ճնշման տակ դնել՝ ուղղակիորեն հասկացնելով, որ կդադարեցնեն ֆինանսական օգնությունները, կբարձրացնեն տոկոսադրույքները եւ ժամկետային սահմանափակումներ կպարտադրեն։ Ուստի, բնականորեն, ՌԴ-ն, որի արտաքին պարտքը ԽՍՀՄ պարտքի հետ միասին մոտ 140 մլրդ դոլար է կազմում, անելանելի կացության մեջ չընկնելու պատճառով, ըստ Ա. Արշակյանի, ստիպված է ժամանակավորապես հաշտվել եւ ընդունել ստեղծված իրավիճակը։ Մանավանդ, որ «այժմ Ռուսաստանն Արեւմուտքի հետ ընդհանուր շահեր ունի՝ սկսած միջազգային տեռորիզմի դեմ պայքարից, մինչեւ այս կամ այն լոնդոնյան ու փարիզյան ակումբներում ՌԴ կուտակած պարտքերի մարումը, սպասարկման ռեժիմի թուլացումը»։ «Դարձ ի շրջանս յուր» համատեքստում, Ա. Արշակյանը, հարցի այս նոր որակի պայմանում, դժվարանում է հնարավոր միության ստեղծման որոշակի ժամկետներ ուրվագծել, անգամ՝ դեպի երազած միություն՝ կոնկրետ քայլեր առաջարկել։ Սակայն, այն փաստը, որ 2004թ. հունվարի 1-ից ՌԴ-ն եւ Բելառուսը պատրաստվում են անցնել նույն դրամական գոտի, ըստ պարոն Արշակյանի, «մի աստիճանով մոտեցնում է միութենական համագործակցությանը»։ Դա կամրապնդի նաեւ ընդհանուր մաքսային տարածքի ստեղծման գաղափարը։ Իսկ դրա հիմքերը, ըստ Ա. Արշակյանի, ԱՊՀ շրջանակներում համագործակցության պայմանագրերն են։ Ու քանզի պարոն Արշակյանի համոզմամբ, տնտեսական զարգացումներն ի վերջո հանգեցնելու են երանելի միության հիմնադրմանը՝ «հարցի այսօրինակ զարգացումներին պետք է շարունակենք վերաբերվել զուսպ եւ առանց էմոցիաների»։ Շարժման նախահայրն այժմ էլ հակված է կարծելու, որ մեր ժողովրդի մեծ մասը ցանկանում է այդ միության կազմում լինել։ Թեեւ «նրանց մի մասը փաստացի ռեֆերենտացումը կատարել են, ցավոք, եւ քվեարկել են ոտքով՝ հեռանալով Հայաստանից»։ Իսկ չմեկնածների մոտ այդ ցանկությունը «քնած» է, որովհետեւ «միավորվող պետությունների ղեկավարները, վերը բերված հանգամանքներից ելնելով, չեն կարողանում ընդառաջ քայլել»։ Այս առումով Ա. Արշակյանը բնական է համարում ՌԴ նախագահի «հարցը ձգձգելու, արհեստական լուծում չտալու» դիրքորոշումը՝ «այսօրվա դրությամբ անհաղթահարելի խոչընդոտների առկայության պարագայում»։ «Եթե ՌԴ-ի նման պետությունն է ընտրության առջեւ կանգնել՝ Հայաստանն ի՞նչ կարող է անել,- հարցնում է Ա. Արշակյանը եւ հիմնավորում,- 93-94 թթ. մենք մեզ կոտորում էինք, որ պետք չէ այդպիսի ֆինանսական կախման մեջ ընկնել։ Հիմա էլ է այդպես։ Անհախ-անհաշիվ վարկեր ենք ստանում ու… Եթե առաջ միայն Մոսկվայից էինք կապված եւ այն էլ գոտկատեղից, հիմա ե՛ւ վզից, ե՛ւ ձեռքերից, ե՛ւ ոտքերից, անգամ ամեն մի մատից ենք կապկպված»։ Ինչ վերաբերում է «կոմունիստ ընկերներին», պարոն Արշակյանը վրդովվեց. «Եթե ժամանակին տարաձայնություններ չլինեին, Հայաստանը դրանից միայն կշահեր»։ Ապա հավելեց՝ «97-ին սկսած մեր գործունեության արդյունքում՝ օժանդակեցինք «Հայաստան-Ռուսաստան» մեծ պայմանագրի ստորագրմանը։ Չլիներ համաժողովրդական շարժումը՝ Արեւմուտքը դա չէր ընդունի»։ Իսկ նախագահ Տեր-Պետրոսյանն Ա. Արշակյանի կողմից գովեստի արժանացավ «իրադրությունը ճիշտ գնահատելու» եւ դրանից՝ հօգուտ Հայաստանի գործելու համար։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել