ԿԵՉԱՌԻՍԻ ՀԱԶԱՐԱՄՅԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ Առաջին իմաստուն քայլը, որ ձեռնարկեցին Խաղբակյանները իրենց տիրապետության տակ անցած Կեչառիսի վանքում, Գավիթ-ժամատան կառուցումն էր: Այն իրականացվեց 12-րդ դարի վերջերին եւ 13-րդ դարի սկզբներին` մեկընդմիշտ շեշտելով վանքի հայադավան բնույթը, քանզի ուղղափառ վանական համալիրներում բացակայում է Գավիթ-սրահների այս օրինակը: Սկիզբը՝ նախորդ համարում: Ժամանակագրական կարգով հաջորդը Սուրբ Կաթողիկե եկեղեցին է՝ կառուցված մինչեւ 1214թ.: Այն իր չափերով գերազանցում է Սուրբ Նշանին, սակայն զիջում է Սուրբ Գրիգոր Լուսավորչին: Նրա կառուցողները թեպետ եւ ունեին որոշ քաղաքական անկախություն եւ բավականաչափ հարստություն, սակայն չէին կարող խախտել Կեչառիսի խորհուրդը եւ եկեղեցին իր չափերով ստորադասվեց Մայր Տաճարին՝ շեշտելով թագավորական դարաշրջանի անհասանելիությունը: Խաղբակյանների հարստության եւ գեղարվեստական ճաշակի վառ ապացույցը թերեւս Սուրբ Կաթողիկեի ճոխ եւ քանդակազարդ ձեւավորումն է: Այս երեք եկեղեցիներն ու երկու ավերակ մատուռները կառուցված են այնպես, որ նրանց արեւելյան պատերը գտնվում են մի գծի վրա՝ ցուցադրելով հայոց առաքելական եկեղեցու դավանաբանական ուղու անխախտելիությունը ժամանակների մեջ: Կաթողիկեից մոտ հարյուր մետր դեպի արեւմուտք՝ նրա կենտրոնով անցնող արեւելք-արեւմուտք առանցքի վրա, վեր է խոյանում չորրորդ՝ Սուրբ Հարություն եկեղեցին: Եվ անվանումով, եւ դիրքով, եւ իր միաձույլ, եզակի Գավիթ -սրահով նա խորհրդանշում է մեր եկեղեցու ինքնության համար մղվող պայքարի այն դրվագը, երբ դավանաբանական վեճերը ընթանում էին նույնիսկ Զաքարյան եղբայրների ընտանիքում: Այդ ժամանակաշրջանում հեռավոր Սյունյաց եւ Արցախի անմատչելի լեռներում ծվարած հայ իշխանները մոնղոլական տիրապետողներից ստացել էին ինքնության վկայագիր եւ իրենց բարձր հեղինակությամբ նույնիսկ նպաստում էին Կիլիկյան հայոց թագավորների մերձեցմանը մոնղոլների հետ: Արեւելքից էր գալիս մեր հինավուրց հավատի պաշտպանությունը: Արցախի այս իշխաններն էին, որ կառուցեցին անկրկնելի Սուրբ Հարություն եկեղեցին, իսկ Խոխանաբերդի հզոր տիրակալ եւ Գանձասարը կերտող Հասան Ջալալ Դոլան 1240-1250թթ. հիմնովին վերանորոգեց Կեչառիսի վանքը եւ բազում գանձեր ծախսելով՝ նոր շունչ հաղորդեց նրան: Եվ որքան իմաստուն էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, երբ չորրորդ դարի սկզբներին արեւելք ուղարկեց քարոզելու իր թոռանը՝ հանճարեղ պատանի Գրիգորիսին՝ մարտիրոսվելու համար մի երկրամասում, որտեղից դարեր հետո պիտի շողշողար հայադավանության հավատի լույսը՝ վերակենդանացնելով Արարատյան աշխարհի հոգեւոր կյանքը: Մեծ եւ հզոր Պռոշ իշխանը՝ Վասակ Խաղբակյանի որդին, որը Վայոց Ձորում թողած արձանագրություններում անվանված է արքա, վախճանվեց 1284թ. եւ թաղվեց Կեչառիսի վանքում, իսկ մինչ այդ մի քանի տասնամյակների ընթացքում նա պետք է որ այստեղ կատարած լիներ իր դիրքի եւ կարողության համեմատ շինարարական եւ վերանորոգչական աշխատանքներ, ինչի մասին լռում են արձանագրությունները: Պռոշ իշխանը, որի մահը սգում էր ողջ հայ ժողովուրդը, եւ այդ ապրումները վարպետորեն նկարագրել է ժամանակակից Խաչատուր Կեչառեցին իր հայտնի «Ողբում», անկասկած շարունակել է իր հոր շինարարական գործունեությունը: Նրա կառույցները գտնվել են Կեչառիսի վանքից մոտ 300մ հյուսիս172արեւմտյան ուղղությամբ բարձրացող անտառապատ փոքրիկ բլրի գագաթին: Այստեղ նա կառուցել է իր եկեղեցին, որը, ցավոք, այժմ հիմնովին ավերված է եւ սպասում է հնագիտական պեղումների: Ամենայն հավանականությամբ՝ եկեղեցու հարեւանությամբ Պռոշի դղյակն էր, իսկ բլրի արեւելյան եզրին այժմ էլ վեր է հառնում նրա մահարձանը՝ բարձրարվեստ խաչքարի տեսքով: Հիմնական կառույցների քարերը, հավանաբար երկրաշարժից հետո, գլորվելով թեք լանջերով, վերածվել են սովորական շինանյութի՝ անդառնալիորեն զրկելով մեզ ըմբռնելու իրենց հնամենի ամբողջության խորհուրդը: Այսօր, երբ մեր ժողովուրդը մտել է 21-րդ դար եւ պատրաստվում է տոնելու Կեչառիսի հիմնադրման 1000 տարին, կարեւոր ենք համարում մտորելու այն միջոցառումների մասին, որոնցով հնարավոր կլինի հավերժացնել անմար հիշատակը բոլոր նրանց, ովքեր դարեր շարունակ արել են ամեն հնարավորը՝ մեր սերնդին հասցնելու Կեչառիսի հազարամյա խորհուրդը: Այդ շղթայում առաջին եւ ամենակարեւորը թերեւս վանքը նորաստեղծ Կոտայքի թեմական առաջնորդարանի, ասել է թե՝ հոգեւոր կենտրոնի վերածումն էր: Սակայն այսօր ունենալով մտածողության եւ գործունեության լիիրավ ազատություն՝ մենք, ցավոք, ավելի ու ավելի ենք խորացնում այն սխալները, որոնք հասցվել են համալիրին նախորդ տասնամյակներում: Մեծամասնականները, մի քանի անգամ վերանորոգելով եւ բարեկարգելով Կեչառիսը, այն դարձրել էին ընդամենը պատմական հուշարձան: Նախ դեպի ճոպանուղին գնացող ավտոմոբիլային ճանապարհը կառուցվեց հենց վանքի մեջտեղով՝ անգթորեն մեկուսացնելով Սուրբ Հարություն եկեղեցին մնացած սրբավայրերից, ինչով խախտվեցին վանքի ամբողջականությունն ու անդորրը: Մեր օրերի հիմնական վերանորոգումից հետո այս ճանապարհի ամենաբարձր կետում կառուցվեց ավտոկայանատեղ՝ իր սանհանգույցներով: Սրանք իրենց դիրքով պարզապես վերադասված են վանքից, ինչի հետեւանքով ստիպված ենք մտածել, որ Կեչառիսն ավելի շատ զբոսաշրջությանը, քան հոգեւոր պահանջմունքների բավարարմանն է նպատակաուղղվում: Եվ այսօր անպատասխանատու մոտեցման արդյունքում ստացվել է ճչացող եւ, մեր կարծիքով, 1000172ամյա սրբությունները ոտնահարող իրադրություն: Վանքի ամենաբարձր կետում՝ Սուրբ Աստվածածնի գավիթից մի քանի մետր հեռավորության վրա, կարծես հենց նրա մեջքին կառուցված վերոհիշյալ ասֆալտապատ հրապարակում կանգնում են ավտոմեքենաները եւ մարդիկ իջնելով աստիճաններով ներքեւ՝ վանք են մտնում ավելի շատ զբոսնելու, քան մերձենալու Բարձրյալի հետ եւ մաքրվելու ու թողություն հայցելու, քանզի հենց ֆիզիկապես բարձրանալն է նախապատրաստում մարդուն դեպի հոգեւոր բարձրացում: Հայոց բազմադարյան եկեղեցաշինությունը առաջին հերթին ներդաշնակությունն է Աստծո ստեղծած բնության հետ եւ եկեղեցի նույնն է, թե Աստծո տուն. կարելի է միայն բարձրանալ եւ ոչ թե իջնել: Վանքի գլխավոր մուտքը անտարակույս դարեր շարունակ եղել է արեւելքից, այն հրապարակից, որը մի քանի մետրով ցածր է գտնվում Կեչառիսի հիմնական շինություններից: Այսօր այս հարթության մի մասում մարզադպրոցի խաղադաշտերն են, մյուսում՝ վանքի նորակառույց հենապատ-պարսպի հարեւանությամբ, դարձյալ մեծամասնականների որոշմամբ 60-ականներին տնկվեց պուրակ, որի ծառերն այսօր հասել են համարյա Մայր Տաճարի գմբեթի բարձրությանը եւ իրենց թանձր սաղարթներով զրկում են մեզ հեռվից ընկալելու վանքի համայնապատկերն այնպես, ինչպես դա ծրագրել էին նրա կառուցողները: Ըստ մեզ, այսօր գոյություն ունի Կեչառիսի վանքային համալիրի ապագան որոշող երկու տարբերակ: Առաջինը՝ այն դարձնել հայոց միջնադարյան ճարտարապետության եւ քանդակագործության թանգարան, եւ երկրորդը՝ լիարժեք հոգեւոր մշակութային կենտրոն: Վանքը Էջմիածնի տնօրինությանը հանձնելով՝ կարծում ենք, արդեն իսկ ընտրվել է երկրորդ տարբերակը, եւ այսօր այս ճանապարհին իրագործվելիք ամենաանհրաժեշտ քայլերը հետեւյալներն են՝ 1. Վանքի տարածքից դուրս բերել Ծաղկաձորը իր արեւմտյան թաղամասերին կապող ավտոճանապարհը: Դրա լուծման երկու հնարավորություն կա. կամ վանքը շրջանցել հյուսիսից, մարզադպրոցի ննջարանային մասնաշենքի մոտով, ճանապարհը հասցնելով մինչեւ «Սեւան» ճամբարի մատույցները, ինչի արդյունքում անհրաժեշտ կլինի կառուցելու մոտ 200մ նոր ճանապարհ, կամ վանքը շրջանցել հարավից: Այս դեպքում հարկ կլինի կառուցել մոտավորապես նույն երկարությամբ նոր ճանապարհ, Սուրբ Հարություն եկեղեցու մոտից մինչեւ «Վիարդո» հանգրվանը: 2. Անհրաժեշտ է պարսպապատել ողջ վանքային համալիրը՝ ներառյալ Սուրբ Հարություն եկեղեցին: Վանքի համար որպես գլխավոր դարպաս ծառայեցնել արեւելյան պարսպի մի հատվածը՝ Սուրբ Նշանի եւ Կաթողիկեի միջեւ գոյացած միջանցքի ուղղությամբ: Հետագայում հանդիսավոր բարձրացող աստիճանավանդակի երկու կողմերում կարելի է տեղադրել գործունեությամբ Կեչառիսի վանքի հետ կապված միջնադարյան մեր երախտավորների արձանները: Վանքի տնտեսական գործունեությունը իրականացնելու համար կարելի է երկրորդ դարպասը ավտոմեքենաների մուտքով տեղադրել «Սեւան» ճամբարի դիմաց՝ վանքի արեւմտյան ծայրամասում: 3. Ի նշանավորումն Կեչառիսի վանքի 1000172ամյա գործունեության, անհրաժեշտ է մտածել այս առթիվ համապատասխան կոթողի մասին: Մեզ թվում է, որ այն կարող է վեր խոյանալ ամբողջացած համալիրի կենտրոնում, երկհարկ հուշարձան-եկեղեցու տեսքով: Հուշարձանի առաջին հարկը կարելի է նախագծել որպես փոքրիկ թանգարան, որտեղ կհավաքվեն Կեչառիսի պատմության հետ կապված բոլոր նյութական արժեքներն ու վավերագրերի կրկնօրինակները, իսկ երկրորդ հարկը ծառայեցնել որպես գործող զանգակատուն, ինչից ցավալիորեն զուրկ է վանքը ներկայումս: 4. Այսօր արդեն անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել եկեղեցուն վերադարձնելու որպես կառավարական հանգստյան տուն ծառայող այն համալիրը, որն ընկած է թեմական առաջնորդարանի եւ վանքի միջեւ, եւ որի տարածքում մինչեւ այսօր կանգուն բազմաթիվ խաչքարերը հուշում են նրա իսկական տիրոջ անունը: Հաշվի առնելով ներկայումս Ծաղկաձորում ընթացող անկառավարելի սեփականաշնորհման գործընթացները՝ առաջարկվող տարբերակը վաղը կարող է դառնալ անիրագործելի: Այս ընդարձակ տարածքը կարելի է օգտագործել՝ այն ծառայեցնելով Հայ առաքելական եկեղեցու ինքնահաստատման եւ հզորացման շահերին: Այդ նպատակի իրագործման ճանապարհին տրամաբանական կհամարվեր գոյություն ունեցող տնակները տրամադրել հայաստանյան եւ արտասահմանյան թեմական առաջնորդարաններին, որով ավելի կաշխուժանային Հայրենիք-Սփյուռք առնչությունները: Ապագայում անհրաժեշտ վերակառուցումից եւ սպասարկման ժամանակակից պայմանների ստեղծումից հետո համալիրը կարելի է ծառայեցնել ոչ միայն հանգստի, այլեւ տարբեր եկեղեցական միջոցառումների եւ միջեկեղեցական շփումների համար: Եթե այսօր մեր եկեղեցին չունի հնարավորություն եւ միջոցներ մրցակցելու Կեչառիսի վանքի դիմացի լանջին օրեցօր ընդարձակվող օտարադավան հանգրվանի հետ, ապա մեր ղեկավար այրերը պետք է անեն ամեն ինչ՝ օգնելու նրան, այլապես վաղը կարող է ուշ լինել: Այս առումով Կեչառիսի հազարամյա խորհուրդը պահանջում է եկեղեցուն վերադարձնել վարչապետի աշխատակազմին ենթակա, բայց նախարարների կողմից երբեւէ չօգտագործվող հանգստյան տան տարածքները: Այսօր, երբ մենք թեւակոխում ենք մեր անկախության երկրորդ տասնամյակը, չմտածել նման հիմնարար խնդիրների մասին, այլ բավականանալ միայն, ճիշտ է, անչափ կարեւոր, սակայն այսօրեական վերանորոգումներով ու բարեկարգմամբ, կարծում ենք, մեզ իրավունք չի տալիս ոչ միայն Կեչառիսը կերտողների սրբազան հիշատակը, այլեւ պարտքը գալիք սերունդների հանդեպ: Մենք առավել քան համոզված ենք, որ եթե վերը շարադրված մտահոգությունները անհրաժեշտ, խորազնին վերլուծություններով եւ պատշաճ մակարդակով ներկայացվի ներկա իշխանություններին, ապա ակնկալվող լուծումները չեն հապաղի: ՄԱՆՈՒԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ Ծաղկաձոր