Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ապահովել «խիստ» ստուգում

Օգոստոս 17,2002 00:00

Ապահովել «խիստ» ստուգում Հայոց լեզվի առարկայական հանձնաժողովների նախագահները հայտարարում են, թե գործող շտեմարանը շատ հեշտ է, որի պատճառով գնահատականները շատ բարձր են։ Բայց որքան էլ զարմանալի է, իրենք էլ են ամբողջ հանձնաժողովով հանդերձ երբեմն սխալվում եւ դիմորդների միանգամայն ճիշտ լուծումները սխալ համարում։ Դրա հետեւանքով ոմանք կարող են բուհ չընդունվել կամ անվճարի փոխարեն վճարովի անցնել։ Հետեւաբար, ստուգողների այսպիսի ճակատագրական սխալները կարող են քրեական հանցանքի բնույթ ձեռք բերել։ Ուստի պետք է զգույշ լինել, անտեղի խստության ու դաժանության չգնալ։ Օրինակ՝ օգոստոսի 8-ին բժշկական համալսարանի շենքում տեղի ունեցած քննության ժամանակ «եղած» դերբայի փոխակերպումը «կար» բայաձեւով համարվել է սխալ լուծում, իբր ճիշտ է «էր» բայաձեւով փոխակերպումը։ 17 գրավոր բողոքարկվել էր։ Հանձնաժողովի անդամներից ոմանք խոստովանեցին, որ իրենք սխալ են, սակայն այդքան մեծ քանակով վերանայումներ անել չեն կարող։ Ուստի ստուգողների սխալը մնաց չուղղված։ Եվ, իրոք, դպրոցական դասագիրքը սովորեցնում է, որ «կամ» պակասավոր բայի հարացույցը լրացվում է «լինել» անկանոն բայի համապատասխան ձեւերով։ Դա նշանակում է, որ տվյալ դեպքում «եղած» դերբայը ընդհանուր է թե՛ «կամ», թե՛ «լինել» բայերի համար։ Ուստի «եղած-կար» փոխակերպումը միանգամայն օրինական է։ Ճիշտ է, «եմ» էակական բայի պակասող ձեւերին եւս կարող են փոխարինել «լինել» բայի ձեւերը։ Բայց դա վերոհիշյալը ժխտելու կամ սխալ համարելու հիմք չէ բնավ, այլ ընդամենը զուգաձեւության հնարավորության մասին է խոսում։ Ընդ որում՝ տվյալ դեպքում «եղած-կար» փոխակերպումն անհամեմատ ճշգրիտ էր եւ ոճականորեն հարթ, քան «եղած-էր» փոխակերպումը (տե՛ս Հայոց լեզվի 2002թ. շտեմարանի 5.2.16. նախադասությունը)։ Այսպիսի սխալները գուցե եւ անխուսափելի են։ Բայց էլ ո՞ւմ համար է բողոքարկման մեխանիզմը, եթե ավելի ուժեղ պիտի լինի սեփական թքածը չլիզելու սկզբունքը։ Սխալներին գումարվում է ստուգողների դաժանությունը։ Նույն օրը արդեն քանիերորդ անգամ հանդիպեց մի չարաբաստիկ վրիպակ։ Հարցաթերթիկի պահանջների մեջ 4 անգամ կրկնվում է «ուղղակի» բառը, որն արտագրելիս դիմորդները երբեմն բաց են թողնում 2 ղ-երից մեկը։ Լավ մանկավարժներն ու հոգեբանները գիտեն, որ արտագրելիս 3 անգամ ճիշտ գրողը եթե մեկ անգամ վրիպում է, ապա դա երբեք չի նշանակում, թե նա ուղղագրությունից կաղում է։ Մանավանդ, եթե ամբողջ գրավորը գրել է գերազանցի։ Թելադրությամբ քննության գնահատման կարգի մեջ հատուկ կետ կա այս մասին, որը պահանջում է մի քանի անգամ ճիշտ գրածը մեկ անգամ սխալ գրված հանդիպելիս համարել վրիպակ։ Բայց այս տարվա ստուգողները սադիստական հաճույքով անտեսում են մանկավարժական այդ հրահանգը եւ նման վրիպակների համար հանում առնվազն 0,5 միավոր։ Հետո էլ արդարանում են, թե նախարարն իրենցից պահանջում է ավելի խիստ ստուգում։ Խստությունն անարդարություն ու դաժանություն չպետք է լինի։ Իսկ դրա օրինակներ շատ կարելի է բերել (այս տարվա ստուգողները եթե խնդրեն, կբերենք)։ Իսկ ավելի ամբողջական կլինի պատկերը, եթե Ճապոնիայից կամ Շվեդիայից հրավիրված մի հատուկ հանձնախումբ վերստուգի այս տարվա բոլոր գնահատականները եւ պարզի առարկայական հանձնաժողովների արդարության ու անաչառության չափը։ ԼՈՒՍԻՆԵ ԱՍԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել