ԲՈԼՈՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐԻ ԿԱՐԾԻՔԸ Բացի սկզբնաղբյուրից Համընդհանուր քաղաքական նիրհի մեջ սկուտեղի վրա մատուցվեց «ԱԺ պատգամավոր Գեւորգ Հակոբյան-Երեւանի ՆԳ վարչության պետ Աշոտ Գիզիրյան» միջադեպը։ Թուղթ ու գիր անելով էլ քաղաքական իդիլիան նման ձեւով չէր ալեկոծվի։ Խոսափող- գրիչներն անմիջապես գործի դրվեցին։ Միջադեպ-հենքը կար, այն ներկայացվեց էլեկտրոնային հզոր խոշորացույցով՝ տասնապատիկ, հարյուրապատիկ մեծ։ Առիթը բաց չթողեցին նաեւ քաղաքական գործիչ «աշխատող» այրերը։ Բոլորը հարցնում են բոլորի կարծիքը։ Բացի միակից՝ սկզբնաղբյուրից՝ Գեւորգ Հակոբյանից։ Գոնե ճիշտ գրեին նրան անունը՝ «Գեւորգ, Վլադիմիր, Վլադ, Կոմբիկորմի Վլադ…»։ Ամեն ինչ խառնեցին, ամեն ինչ խեղաթյուրվեց, աղավաղվեց։ Համոզված եմ, որ միջադեպի երկու մասնակիցներն այսօր էլ չեն կարողանա ստույգ ասել, թե իրականում ինչ է տեղի ունեցել։ Հարցեր պարզելու անվան տակ երեք բարձրաստիճան պաշտոնյա (այդ թվում եւ միջադեպի մասնակիցներից մեկը) սեղան են նստել։ Աղ ու հացը պարտավորեցնող է՝ պետք է լինել շիտակ, ազնիվ, հոգացավ։ Մանավանդ որ, հարցը ի սկզբանե դուրս էր եկել միջադեպի մասնակիցների անձնական ուղեծրից։ Բայց… հանդիպումն իր մանրամասներով դարձավ հանրության սեփականությունը։ Ինչո՞ւ… Որովհետեւ մատնիչը (այլ կերպ չես որակի, քանզի անմեղ բերանբացության հետեւանքով չէ) փաստորեն խիստ անտարբեր է եղել ե՛ւ պատգամավորի, ե՛ւ ոստիկանապետի, ե՛ւ նրանց փոխհարաբերությունների նկատմամբ։ Նա ունեցել է իր շահը։ Կան նաեւ չբավարարված ամբիցիաներ՝ «Մենք գնացինք վարչություն, բայց մեզ մեծ շուքով, մեծարանքով չընդունեցին»։ Ուրե՞մն… Պարզ է, մեծ մեծարանքի չարժանացնողը պետք է մեծ պատժի ենթարկվի։ Ցավոք, հասարակական կարծիքը ուղղորդելու փոխարեն ավելի խճճեցին «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի պատասխանները. ի տարբերություն հրապարակման հաջողված, կողմնորոշող վերնագրերի («Փոթորիկ մի բաժակ ջրում», «Երբ ձուկն ի պղտոր ջրեն հանեն», նրա պատասխանները կարծես միտումնավոր մթագնած են, կասկածները խորացնող, մի ինչ-որ շա՜տ ծանր արարքը փրկելու, «դուրս գրելու» ծանր պարտք կատարող առաքյալի մտահոգության տակ ճկռած մարդու ցուցմունք է հիշեցնում։ Ավելի լավ չէ՞ր հրաժարվել նման ասուլիսներից, երկխոսություններից։ Հին, վաղուց դուրս գրված նման «դիվանագիտական» պատասխանները ի՞նչ նպատակ են հետապնդում՝ «Եթե (???) նման տհաճ միջադեպ տեղի ունենար, անմիջապես միջոցներ կձեռնարկեի», «Եթե (?) նման բան լիներ, Գեւորգ Հակոբյանը առաջինը ինձ կահազանգեր», «Անհնար է այդպիսի լուրջ միջադեպ տեղի ունենար», «արարքի (???) բնութագիրը դեռեւս չկա», «քրեական գործ ԿԱՐԾԵՍ թե (???) չի հարուցված, նման տեղեկատվություն մենք չունենք (?)»։ Իսկ դժվա՞ր էր մեկ րոպե կորցնել (ոչ թե ինքը, այլ օգնականը, վարորդը, քարտուղարուհին, գործավարը, փորձագետը, մասնագետը…) եւ շիտակ պատասխան տալ տեղեկատվության կարոտ ժողովրդին… Այդ «եթե»-ներով էլ կբավարարվեինք, եթե հանկարծ հասարակական անդորրը չխախտեր տրամագծորեն բոլորովին այլ հայտարարություն, արտաբերած նույն քաղաքական թեւի ղեկավար, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կողմից։ Նման արտահայտությունը զգուշացնում է, քանզի դրա իրականացումը մեզ կտանի դեպի ջունգլիական օրինականություն։ Լրագրողների հարցին նա պատասխանել է. «Պատգամավոր Հակոբյանի նկատմամբ վերաբերմունքը համարժեք արձագանք պետք է ստանա» կարծիքս չի փոխվել։ Այժմ արձագանքի ձեւերն են քննարկվում»։ Իսկ ի՞նչ վերաբերմունքի մասին է խոսքը, ո՞վ է ապացուցել այդ վերաբերմունքը, ովքե՞ր եւ որտե՞ղ են քննարկում (եւ այն էլ գաղտագողի)՝ ոչ մի խոսք։ Իսկ իրավասո՞ւ են պաշտոնապես քննարկել պաշտոնապես չեղածը։ Զարմանալի է, ոչ ոք չի ուզում նկատել, որ իր գերակտիվ «հանրօգուտ» սրտացավությամբ… վիրավորում է ԱԺ պատգամավորին, «Միասնություն» խմբակցության՝ կառավարող «Հանրապետական» կուսակցության եւ, ի վերջո, ողջ խորհրդարանի արժանապատվությունը։ Հետեւաբար՝ մեզ բոլորիս։ Ստացվում է, որ պատգամավոր Գեւորգ Հակոբյանը մինչեւ հիմա չի ընկալել, թե իրեն վիրավորել են, բռնություն են գործադրել։ Նա ոչ մի տեղ, ոչ մի տող չի գրել-ներկայացրել։ Անհիմն է նաեւ գլխավոր դատախազի հասցեին հնչող անառարկայական քննադատությունը։ Ի՞նչ չի արել, որ պետք է աներ։ Ենթադրում եմ պատասխանը՝ մամուլը մեկ ամիս անընդհատ գրում է, պետական բարձրաստիճան այրերը հրապարակային ելույթներ են ունենում, միջադեպը նույնիսկ հնչեցվել է տարբեր երկրների տարբեր «Ձայն»-երով, «Ինտերնետով»։ Այս ամենը ճիշտ է։ Ավելացնեմ, որ համաձայն ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 175 հոդվածի, դատախազը պարտավոր է հանցագործության մասին հրապարակումները ընդունել որպես քրեական գործ հարուցելու ԱՌԻԹ։ Բայց նույն հոդվածը ԱՌԻԹԻ հետ միաժամանակ երկրորդ պարտադիր պայման է նշել՝ ՀԻՄՔԻ առկայություն։ Կա՞ այդ հիմքը։ «Ըսին-ըսավ» մակարդակը հարիր է միայն հումորի երեկոներին։ Ինձ էլ պատմեցին, որ «Կոմբիկորմի Վլադի» վերնաշապիկի գրպանից խուզարկության ժամանակ հայտնաբերել են երկու հրթիռ, մեկ տանկ։ Ինչո՞ւ արձագանքի ձեւերը չենք քննարկում… Պատգամավորների հետ միջադեպերը քիչ չեն։ Պատգամավոր Վարդան Այվազյանին Սեւանի գեղատեսիլ լճափին ծեծելն իր կողմից որակվեց որպես քաղաքական ծեծ։ Ավելին, նա հրավիրեց ասուլիս՝ այդ գնահատականը հիմնավորելու համար։ Ազգային ժողովը հանդես եկավ հայտարարությամբ։ Քաղաքական ծեծը համարվեց «կենցաղային ծեծ»։ Վարդան Այվազյանը արագ փոխեց իր դիրքորոշումը։ Որոշ ժամանակ անց հրապարակվեց մեկ այլ պատգամավորի՝ Մարտին Հովհաննիսյանին «տնավարի, հավեսով» ծեծելու մասին։ Ինչպես գրվեց մամուլում, ծեծի պատճառը «մեծ գումարներ գցելն» է եղել։ Արձագանք չկա: Պ. ՍԵՐՈԲՅԱՆ