Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցանակ՝ ցածր վարձատրվելու համար

Օգոստոս 17,2002 00:00

Մրցանակ՝ ցածր վարձատրվելու համար 2002թ. հուլիսի 14-ին BIO (բիզնես նախաձեռնությունների տնօրինություն) միջազգային կազմակերպության ամենամյա գագաթնաժողովին, «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն 163 երկրների թվում արժանացել է աշխատանքի գերազանց որակի ճանաչման «Ոսկե» կատեգորիայի միջազգային մրցանակի եւ դիպլոմի։ Այդ, նաեւ մետրոպոլիտենի տնօրինության համար «մեծ անակնկալը» առիթ էր դարձել մամուլի ասուլիս հրավիրելու։ BIO-ի մրցանակաբաշխության նպատակը, ըստ մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանի, գործարար աշխարհում որոշակի հաջողությունների հասած ընկերություններին միջազգային ճանաչում բերելն է, որը նաեւ գովազդ է։ Իսկ աշխարհի այս կամ այն ընկերությունների մասին BIO-ն տեղեկատվություն է ստանում բիզնեսի կոմունիկացիաների ոլորտում փորձագետների միջազգային խմբի միջոցով։ «Կ. Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի պարագայում, ըստ տնօրեն Փայլակ Յայլոյանի, որոշակի դեր է խաղացել դեռեւս 1999-ին մետրոպոլիտենի չափահաս դառնալու (18 տարին լրանալու) առիթով՝ արտադրանքի եւ ծառայությունների մատուցման որակի ասպարեզում ՀՀ կառավարության կողմից մրցանակի արժանանալու փաստը։ Ի դեպ, երկու դեպքում էլ, ըստ տնօրենի, «մետրոպոլիտենի կողմից մատուցվող ծառայությունների որակի հիմնական ու բնորոշիչ ցուցանիշներն են՝ ուղեւորափոխադրումների անվտանգության ապահովումը, երթեւեկության գրաֆիկի անխափան կատարումը եւ ուղեւորների պատշաճ սպասարկումը»։ Մեծ հաշվով դա նաեւ խրախուսական մրցանակ է այն առումով, որ, փաստորեն, ըստ Փ. Յայլոյանի, մեր մետրոպոլիտենի 1200 աշխատակիցները ԱՊՀ ցուցանիշներով ամենացածր վարձատրվողներն են։ Նմանապես փոքր գումար են կազմում շահագործման աշխատանքների համար տրամադրվող գումարները, բայց այդ պայմաններում անգամ մետրոպոլիտենն աշխատում է «բարձր սանիտարական վիճակում, անխափան, հուսալի եւ անվտանգ»։ Ընդհանուր առմամբ, ըստ տնօրենի, մետրոպոլիտենը վնասով աշխատող ձեռնարկություն է (բոլոր երկրներում), մասնավորապես մեր երկրում ուղեւորավարձի 120 դրամ ինքնարժեքի փոխարեն այն 40 դրամ է։ Վնասը փոխհատուցում է կառավարությունը։ Ուղեւորափոխադրումները կազմում են օրական 40 հազար մարդ, որոնցից 25%-ն անվճար երթեւեկողներն են։ Եթե համեմատենք 1993-ի հետ, երբ մետրոպոլիտենի ծանրաբեռնվածությունը 60-65% էր (300 հազար մարդ), ապա ուղեւորափոխադրումները 8 անգամ նվազել են։ Դրա պատճառը հիմնականում, այսպես ասած, բարի կամքի բացակայությունն է։ Եթե գոյություն ունենա եւ իրագործվի վերգետնյա-ստորգետնյա տրանսպորտի գործունեության համապատասխան ծրագիր, խնդիրն ինքնըստինքյան կլուծվի։ Իսկ մինչ այդ նա վստահեցնում է, որ ուղեւորափոխադրումների նվազումը չի կարող ազդել նախապես հայտարարված մետրոպոլիտենի կայարանների շինարարության վրա։ Մասնավորապես, Աջափնյակի կայարանի վրա արդեն 50% ներդրումներ են եղել եւ եթե կառավարությունը մյուս 50-ն էլ տրամադրի, Փ. Յայլոյանը վստահ է, որ 3 տարում կայարանը շահագործման կհանձնվի։ «Քըրքորյանն էդքան փողեր է տրամադրել քաղաքի շինարարության համար, թող մի 20 մլն էլ դրան տրամադրեն»,- շեֆին հավելեց ոլորտում 30 տարվա աշխատանքային փորձ ունեցող նրա տեղակալ Արմենակ Զորյանը։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել