Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԵՏԱՐՔԻՐ ԽԻՆԴԻՐ»

Օգոստոս 17,2002 00:00

«ՀԵՏԱՐՔԻՐ ԽԻՆԴԻՐ» Արձակուրդ մեկնելուց առաջ «Առավոտի» վերջին՝ հուլիսի 27-ի համարում տպագրել էինք նախագահի խոսնակ Վահե Գաբրիելյանի պատասխանները մեր մի քանի հարցերին: Այժմ, ինչպես եւ խոստացել էինք՝ մեկնաբանությունները: ՀՀ նախագահին կից Անվտանգության խորհրդի, առաջիկա ընտրություններում արտերկրի ազդեցության եւ Սերժ Սարգսյան-ՀՅԴ հարաբերությունների մասին հարցերը ծագել էին ոչ այնքան քաղաքական զարգացումների, որքան մամուլում եղած հրապարակումների առիթով։ Առաջին հարցադրումը, որ ինչ172որ տեղ ընդհանրացնում էր տեւականորեն չդադարող ենթադրություն-կռահումները, թե ով կլինի Քոչարյանի հենարանը առաջիկա նախագահական ընտրություններում, արդեն ժամանակավրեպ է եւ ինչ-որ տեղ իմաստազուրկ: Դա չի լինելու ո՛չ ՀՅԴ-ն, որի մասին ակնարկել էր Վահե Գաբրիելյանը, ո՛չ էլ Սերժ Սարգսյանը, ում վերաբերյալ պատասխանում լռություն էր պահպանվել՝ գոհանալով դիտարկմամբ, թե ՊՆ նախարարի եւ ՀՅԴ-ի միջեւ որեւէ լարվածություն նախագահին հայտնի չէ: Մինչդեռ 1995-ին Հայաստանում ապրած ցանկացած մեկն էլ պատկերացնում է, որ Սերժ Սարգսյանի եւ ՀՅԴ ղեկավարության հարաբերություններում չի կարող թեկուզ ներքին լարվածություն չլինել: 1995172ին ԱԱ նախարարությունը ղեկավարում էր Սերժ Սարգսյանը, երբ պետական հեղաշրջման մեղադրանքով ձերբակալվեցին Վահան Հովհաննիսյանը եւ մյուսները։ Թե որքանով որոշիչ է եղել Սարգսյանի դերակատարությունը այդ ձերբակալություններում՝ դժվար է ասել, բայց այդ մարդը սովորություն չի ցուցաբերում կատարած քայլերից հրաժարվելու։ Դեռ մի կողմ թողած Սարգսյանին վերագրվող զվարճախոսությունը, թե «Դրոն Քաջազնունու ձեռքից բռնած էլ գա, ինքը դաշնակներին ՆԳՆ չի տա», Սարգսյանն ինքն էլ չի թաքցնում, որ ՀՅԴ-ին ոչ մերժում է, ոչ էլ ընդունում: Բայց ՀՅԴ-ն էլ, Սերժ Սարգսյանն էլ արդեն առաջնաբեմում չեն: Անցնող մեկ ամսվա ընթացքում հաստատվեց այն, ինչի մասին խոսում էին դեռ փետրվարին։ Քոչարյանը, եթե առաջադրվի, նրա նախընտրական արշավը ղեկավարելու է Հովիկ Աբրահամյանը։ Այլ կերպ ասած՝ Քոչարյանի հույսերը եւ հաշվարկները չեն կառուցվում քաղաքական ուժի եւ մեթոդների, կամ նույնիսկ իշխանական ազդեցության վրա: Այլ՝ կաշառատվության, կեղծիքների եւ ճնշումների։ Յուրաքանչյուրն ընտրում է այն, ինչ հարիր է իր էությանը: Մնում է տեսնել՝ քանի՞ գործչի արժանապատվությունը կների Հովիկ Աբրահամյանին ստորակայվելու, թե՞ վերջինս կդառնա Քոչարյանին կործանողը: Երկրորդ հարցադրումը վերաբերում էր Քոչարյանի ծավալած ձախավեր քարոզին, թե իբր ինքն ունի միջազգային հեղինակություն։ Ինչպես նախարարներից մեկի հարցազրույցից էինք տեղեկացել, 19 երկրից նախագահական պատվիրակություններ է ընդունել, մի 9 երկիր էլ անձամբ է այցելել։ Հետաքրքիր է, եթե ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնում է Քոչարյանը, պատվիրակություններ ընդունելու եւ այցելություններ կատարելու «ծանր խաչը» ո՞վ պետք է կրի։ Միջպետական հարաբերություններում գոյություն ունի դիվանագիտական էթիկետ: Եվ եթե որեւ մեկը զբաղեցնում է նախագահի պաշտոն, արարողակարգով նրան վերապահված պարտականություններն այլոց պատվիրակվել չեն կարող։ Դա ո՛չ նախագահական պաշտոնը զբաղեցնողի հեղինակության մասին է վկայում, ո՛չ նրա հանդեպ գոյություն ունեցող հարգանքի, ո՛չ էլ արտերկրի կողմից ընդունված լինելու հանգամանքի: Եթե Քոչարյանի անձը բացառություն է եւ դեր է կատարում միջպետական շփումներում, թող ԼՂՀ-ում պաշտոնավարության շրջանին էլ նրան արտերկրի թեկուզ մի ետին նախարար ընդուներ: Այս տարրական դրվածքները գիտակցում են երեւի թե ամենուր, բացառությամբ՝ Քոչարյանի գավառական շրջապատի, որտեղից մամուլին հայտարարել էին. «Եթե ձեզ թվում է, թե Հայաստանում ապրող 3 մլն բնակիչը միայն պիտի ընտրի երկրի նախագահ՝ շատ եք սխալվում։ Երկրի նախագահը պիտի ընդունվի աշխարհի կողմից՝ Ռուսաստանի, ԱՄՆ172ի, Ֆրանսիայի եւ այլ երկրների կողմից…»։ Ահա այդպես: Իսկ Վահե Գաբրիելյանը առաջիկա ընտրություններում արտերկրի դերակատարության մասին փոքր-ինչ սադրիչ հարցադրմանը «անշրջահայացորեն» պատասխանում է. «Հավանաբար այն փաստը, որ երկար ժամանակ պետականություն չենք ունեցել, նպաստել է մեր հայրենակիցներից շատերի մոտ այն ամոթալի համոզմունքի ձեւավորմանը, թե մեր իսկ երկրի ներսում, մեր իսկ որոշումների համար՝ անհրաժեշտ է օտարների եթե ոչ թույլտվությունը, ապա առնվազն հավանությունը»: Իհարկե ամոթալի մտածողություն է, եւ այդ մտածողության արժանի մերկացում: Միայն թե Վահե Գաբրիելյանի կողմից նման ճշմարտություն ասելը անշրջահայացություն է, որովհետեւ այդ ամոթալի մտածողության կրողն ու բարձրաձայնողը Քոչարյանի մերձավոր շրջապատն է։ Պրն Գաբրիելյանին ուղղված մեր վերջին հարցադրումն էր, թե ինչո՞վ է բացատրվում ավելի քան 2 տարի ՀՀ Անվտանգության խորհրդի նիստ չգումարելը։ Հասկանալիորեն, այլ հարց է, երբ նման տեղեկություն հայտնում է մամուլը, եւ բոլորովին այլ, երբ տեղեկությունը հաստատել է Անվտանգության խորհրդի քարտուղարը: Վերջին պարագան ակամա նշանակում է հետեւյալը՝ եթե իշխանությունից հեռանալուց հետո Քոչարյանին քարկոծեն ու մեղադրեն վարած քաղաքականության համար, ապա ԱԽ մյուս անդամները ապահովել են ալիբի՝ պաշտոնապես իրենց հետ ոչ ոք չի խորհրդակցել: Իսկ Քոչարյանը այս ապիկարության, քծնանքի ու հրաժարումների մթնոլորտում իրեն զգում է հանգիստ ու վստահ։ Երեւի դա արտահայտվում է «ականջներ քաշելով», զինվորական կոչումներից զրկելով: «Հետարքիր խինդիր ա»,- ինչպես կասեր Քոչարյանը: Եթե այսքանը դեռ հանգիստ ու ինքնավստահ հոգեվիճակի արտահայտություններ են, անհավասարակշռությունը լինելու է պարսատիկով պատուհաններ կոտրե՞լը։ ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել