ԱՆՎԵՐՋ ՍԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ Ծառայողական պարտականությունների բերումով դիվանագետները իրենց կյանքի մեծ մասը անց են կացնում տարբեր երկրներում։ Տարիներ շարունակ ապրելով մեր կողքին, մենք գրեթե չենք իմանում, թե, ի վերջո, ինչպես են նրանք իրենց զգում մեր երկրում, որքանով են առնչվում մեր սովորույթներին ու ապրելակերպին։ Դիվանագետներին բացահայտելու նպատակով էլ կփորձենք «Առավոտի» էջերում անկեղծ զրույցի հրավիրել նրանց։ Բոլորովին վերջերս մեր երկրում իր առաքելությունն ավարտեց Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Օվեյս Սաադաթը։ Նա էլ դարձավ մեր առաջին զրուցակիցը։ Ջանադիր աշխատանքը մարդուն չի սպանում «Ծնվել եմ Պակիստանի Յղոր քաղաքում, այնուհետեւ տեղափոխվել ենք Հնդկաստան: Տատս աֆղանստանցի էր: Մենք գյուղատնտեսությամբ զբաղվող ընտանիք էինք, բայց ապրում էինք քաղաքում: Ես շատ երջանիկ եմ, որ մայրս այդքան մեծ նշանակություն տվեց իր երեխաների կրթությանը (մայրս անձամբ կրթական համակարգի մարդ էր),172 սիրով հիշում է պրն Սաադաթը եւ ավելացնում։172 Գիտե՞ք, սովորաբար մեր երկրում գյուղատնտեսությամբ կամ երկրագործությամբ զբաղվողներն առանձնապես կարեւորություն չեն տալիս կրթությանը: Մեր ընտանիքի բոլոր անդամները երկու սկզբունքի էին հետեւում։ Առաջին՝ որ չքավորությունը բնածին երեւույթ չէ եւ ամոթալի բան չէ, պարզապես պետք է աշխատել այն վերացնելու համար: Եվ երկրորդ սկզբունքն էլ այն է, որ ջանադիր կամ շատ աշխատանքը երբեք մարդուն չի սպանում: Ես այն առաջին մարդկանցից մեկն եմ, որ ընդունվել եմ Համաշխարհային բանկում աշխատելու՝ չավարտելով հայտնի, էլիտար համալսարաններ։ Այսինքն, ավարտել եմ իմ երկրի համալսարանը: Դա յոթանասունական թվականներն էին: Եվ ես շատ ուրախ եմ, որ ՀԲ -ում սկսել եմ աշխատել իմ հայրենիքում ստացած կրթությամբ, իհարկե՝ հետո ուսանել եմ ավելի բարձրակարգ համալսարանում»: Թերթելով հիշողության էջերը, Օվեյս Սաադաթը սիրով հիշում է, թե ինչպես Հայաստանում, այնպես էլ իր երկրում աշխատանք ձեռք բերելու հնարավորությունը շատ սահմանափակ է: Տնտեսագետի մասնագիտության ընտրության հիմնական նախապայմանն այն է եղել, որ այդ մասնագիտության դեպքում աշխատանք գտնելու տարբերակները շատ էին: Երկրորդ նախապայմանը նրա անձնական ընտրությունն էր: ՀԲ172ում աշխատանքի անցնելու իր մտադրությունը հետեւյալ կերպ մեկնաբանեց պրն Սաադաթը. «Երբ ես արդեն չափահաս երիտասարդ էի՝ տեսնում էի, թե ինչպես է հասարակության եկամուտները անհավասար բաշխվում ու միշտ մտածում էի աշխատել հասարակական որեւէ կառույցում, որը իսկապես նպատակաուղղված կլիներ չքավոր խավի խնդիրների լուծմանը: Հենց դրա համար էլ եկա ՀԲ: 1965-68 թվականներին, երբ ես ուսանող էի, անդամագրվեցի մի կուսակցության, որը հիմնականում սոցիալիստական ուղղվածություն ուներ: Դա մի կուսակցություն էր, որ իսկապես իմ երկրում վերացրեց ֆեոդալիզմը եւ դրանով իսկ պայմաններ ստեղծեց չքավորության վերացման համար: Դրա համար էլ ես հարեցի այդ կուսակցությանը: Ղեկավարը՝ Բհուտոն, իսկապես իմ հերոսներից մեկն է եղել, այնպես, ինչպես ցանկացած երեխա ունենում է իր հերոսը: Բացի այդ, նա ծնվել է նույն օրը, ինչ՝ ես: Չնայած նրա իշխանությունը հաջողություն չունեցավ, բայց նրա գործունեությունը իսկապես մեծ փոփոխություն բերեց»: Պրն Սաադաթի հետ զրույցից պարզեցի, որ կինը պրոֆեսիոնալ երգչուհի է։ Միաժամանակ աշխատել է ՀԲ172ում գրեթե 7տարի: Ինչպես ցանկացած արեւելյան կին, տիկին Սաադաթը եւս որոշակի «զոհաբերությունների» է գնացել։ Հայաստանում ամուսնուն ուղեկցելու պատճառով, մասամբ թողել է երգչուհու պրոֆեսիոնալ աշխատանքը, միաժամանակ հրաժարվել է ՀԲ-ում իր աշխատանքից: Տիկին Սաադաթը երգում է 12 տարեկանից եւ հիմնականում երգում է Ռավինա Թագորի ստեղծած երաժշտական ուղղությամբ: Նա իր երկրում հայտնի ազգային երգչուհի է: Հայաստանում տիկին Սաադաթը աշխատել է ՄԱԿ172ի զարգացման ծրագրում, միաժամանակ կարողացել է շարունակել իր երգարվեստը՝ մասնակցելով «Օրրան» մանկական երգչախմբի աշխատանքներին: Ես արեւելցի տղամարդ եմ – Ծնունդով պակիստանցի լինելով, Դուք ապրել եք Ամերիկայում։ Կարո՞ղ եք առանձնացնել արեւելյան եւ արեւմտյան տղամարդու տարբերություններն ու նմանությունները: Ինքներդ Ձեզ արեւելքի՞, թե՞ արեւմուտքի տղամարդ եք համարում: – Ես շարունակում եմ ինձ համարել արեւելյան տղամարդ (բոլոր քաղաքակրթություններում իհարկե կան դրական եւ բացասական գծեր): Հիմա, երբ հիսունն անց եմ, կարող եմ ասել, որ արեւելյան մշակույթն ավելի հոգեհարազատ է ինձ, քանի որ այն ավելի մարդկային է: Մենք ինդիվիդուալիստներ չենք: Մենք հիմնականում ընտանիքով, համայնքով ապրող մարդիկ ենք: Այդ իսկ պատճառով ես ինձ Հայաստանում շատ լավ եմ զգում՝ ինչպես ձուկը ջրում: 26 տարի է աշխատում եմ ՀԲ-ում, դրա միայն կեսն եմ ապրել Վաշինգթոնում, մյուս կեսը հիմնականում աշխատել, ապրել եմ զարգացող երկրներում: Ինքս բնույթով այդպիսին լինելով՝ ցանկացել եմ ինձ նվիրել մարդկանց: Եթե հետաքրքրվեք, կտեսնեք, որ ՀԲ-ի աշխատակիցների մեծ մասը հիմնականում Վաշինգթոնում է աշխատում: Բայց ես այդպես չվարվեցի: Ես՝ որպես արեւելյան տղամարդ, ունեմ 4-5 առանձնահատկություն՝ հարգանք ծերերի, ավանդույթների, մշակույթի նկատմամբ։ Եթե մարդիկ չքավոր են, բայց որոշակի մշակութային արժեքների կրող են՝ արդեն հարուստ են: Իհարկե, խորհրդային շրջանում եւս որոշակի մշակութային արժեքներ կային, որոնք փլուզվեցին: Մնայուն արժեքները դարերի պատմություն ունեն, նրանց արմատները չափազանց խորն են, իսկ խորհրդային քաղաքակրթությունն անմիջապես փլուզվեց, քանի որ ուժի վրա էր հիմնված: Մշակութային ավանդույթները, որպես արեւելյան տղամարդ, շատ կարեւոր եմ համարում: Եվ դա է պատճառը, հավանաբար, որ Հայաստանը, անկախ կրած դժվարություններից, գոյատեւել է, որովհետեւ այդ երկրի մարդիկ իրենց արմատներով խորապես կապված են իրենց մշակութային ավանդույթներին: – Ձեր խոսքում մի քանի անգամ նշեցիք, որ հայերի շրջապատում շատ լավ եք զգում: Կարելի՞ է ասել, որ աշխատանքային Ձեր բազմամյա գործունեության ընթացքում Հայաստանն է հենց այն երկիրը, ուր Ձեր փոխհարաբերությունները միանգամից են ստացվել՝ ոչ միայն ծառայողական, այլ նաեւ մարդկային շփումների առումով: – Համեստ լինելով իմ դատողություններում, ուզում եմ ասել, որ Հայաստանում վերջերս ավելի շատ նկատվում է առավել արեւմտյան կողմնորոշում, բայց այդ շարժը կատարվում է արեւելյան ոճով: Եվ շատ հետաքրքիր կլիներ Հայաստանը տեսնել մի 10 տարի հետո։ Արդյո՞ք Հայաստանն այդ ժամանակ կմնա արեւելյան մշակույթին հարազատ երկիր, թե՞ կդառնա լրիվ եվրոպական քաղաքակրթության երկիր: Մի օրինակ եմ ուզում բերել: Քաղաքներում մարդիկ հագնվում են եվրոպական ոճով, խիստ մոդայիկ, բայց երբ խոսքը գնում է հյուրասիրության, երեխաների նկատմամբ ունեցած վերաբերմունքի կամ տարեցներին հարգելու, իրենց հարեւանների օգնության մասին՝ նրանք 100 տոկոսանոց արեւելցի են: Սա է իմ կարծիքը եւ այն միանշանակ թույլ է տալիս ապագայի հանդեպ լավատեսորեն տրամադրվել: Սրանով կարող ենք ասել, որ հայ ժողովուրդը բաց է՝ եվրոպական քաղաքակրթության եւ ընդհանրապես աշխարհընկալման առումով: Իսկ եթե հետեւենք արեւելյան որոշ երկրների, դրանք երկար ժամանակ փակ էին, քանի որ չէր թույլատրվում, որ այլ մշակույթներ ներթափանցեն այնտեղ: Այս առումով կարող ենք ասել, որ Հայաստանը բախտավոր է, որ գտնվում է քաղաքակրթությունների խաչմերուկում, ինչն էլ հնարավորություն է տալիս արագ ընկալելու այլ մշակույթներ՝ միաժամանակ պահպանելով իր արմատները: – Որքան ես նկատել եմ, Դուք ջերմ փոխհարաբերություններ ունեք քաղաքական բոլոր շրջանակների հետ։ Ինչի՞ն վերագրել դա՝ Ձեր խառնվածքի՞ն, թե՞ ծառայողական պարտավորություններին: Եվ որպես հարցի շարունակություն՝ կուզենայի իմանալ՝ մարդկային շփումները օգնո՞ւմ, թե՞ խանգարում են այսօրինակ աշխատանքում: – Ինքս, ընդհանուր առմամբ, շատ բաց, հաղորդակցվող մարդ եմ, բայց միշտ չէ, որ հնարավոր է այն իրականացնել, որովհետեւ ինձ նման մարդկանց մոտ արժեքները վտանգված են, նրանք միշտ պայքարում են այդ արժեքները պաշտպանելու համար: Բայց, քանի դեռ նրանք այդ պայքարը շարունակում են, կարելի է ասել, նրանք նաեւ սովորող մարդիկ են: Ես եկել եմ այն եզրահանգման, որ մի հարցի շուրջ կա մեկից ավելի տեսակետ: Հասկացել եմ նաեւ, որ թե դիմությունը, թե ընդդիմությունը ձգտում են երկրի բարօրության: Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանում կա այդ ընդդիմությունը։ Այսինքն, կա նաեւ մեկ այլ ձայն՝ խղճի ձայնը, հասարակայնության ձայնը: Իմ երկրորդ տեսակետն այն է, որ պետք է շարունակել աշխատել նաեւ ընդդիմության հետ: Հանդիպում եմ Ստեփան Դեմիրճյանի, Ալբերտ Բազեյանի, Արամ Սարգսյանի, Վիկտոր Դալլաքյանի հետ, թեպետ նա ՀԲ172ի մեծ քննադատ է: Քանի որ ՀԲ-ի, այսպես ասած, մանդատն է՝ լինել հայ ժողովրդի, այլ ոչ թե կառավարության հետ: Եթե մենք չլսենք հակադարձ կարծիքներ, չենք կարող մշակել մեր քաղաքականությունը: Հայաստանը կանգառ չէ ինձ համար, այլ մշտական ուղի Շրջելով Հայաստանի գրեթե բոլոր մարզերում, պրն Սաադաթը հանգել է հետեւյալ եզրակացության. «Եթե Հայաստանում կա աղքատություն, այն հիմնականում կարելի է վերագրել միջոցների բացակայությանը, այլ ոչ թե մտքի եւ ուղեղի չքավորությանը, քանի որ մարդկային հմտությունները, կարողությունները չափազանց բարձր են»: Թեպետ մեր զրույցը ընթանում էր թարգմանչի օգնությամբ, սակայն շատերը գիտեն, որ պրն Սաադաթը սովորել է հայերեն։ «Ապրել եւ աշխատել եմ Աֆրիկայում, Ասիայում, հիմա էլ Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում: Երբ եկա Հայաստան, հենց այդ ժամանակ ես հոգեւոր մտերմություն զգացի, ուզում եմ ասել, որ այդքան երկրներից որեւէ մեկի լեզուն չեմ ցանկացել սովորել: Իմ ներքին ձայնն էր ինձ ասում. սովորիր այդ լեզուն, այսինքն սովորիր, որովհետեւ սա քո որդեգրած երկիրն է։ Եթե ես ուզում եմ այդ մարդկանց հասկանալ, ուրեմն ես պետք է սովորեմ նրանց լեզուն: Ես այս վերջերս հայտնաբերեցի լորդ Բայրոնի խոսքերը՝ պետք է սովորես հայերեն, եթե ուզում ես հասկանալ հին քաղաքակրթությունը: Իմ ընկերները, բարեկամները ինձ միշտ հարցնում են, թե ինչու եմ սովորում հայերենը, մի լեզու, որով խոսում է ընդամենը երեք միլիոն մարդ: Բայց որպես արեւելցի, ես հավատում եմ դավանանքին: Եվ ինչո՞ւ եմ սովորել ձեր լեզուն, որովհետեւ ես պետք է անվերջ սեր ունենամ ձեր երկրի հետ: Ուզում եմ ասել, որ Հայաստանը ինձ համար երկաթուղային կանգառ չէ, այլ իմ կյանքի մշտական ուղին, որ երբեք դադար չի ունենալու»,172 հայերենի եւ հայկականության մասին այսպես արտահայտվեց պրն Սաադաթը։ Պրն Սաադաթը երաժշտության սիրահար է: 10-12 տարեկանում մայրը փորձել է նրան երաժշտական կրթության տալ, բայց ինչպես ցանկացած անչափահաս, ծնողների կամքին հակառակ է գնացել. «Բայց երաժշտությունն իմ հոգում է: Իմ հոբբին է լսել բոլոր ազգերի երաժշտությունը: Եվ իմ երաժշտական իմացությունները ավելացան եւս մեկով՝ հայկականով»: Ի դեպ, պրն Սաադաթի աշխատասենյակում մշտապես ցածր հնչում է երաժշտություն։ Շատ է հավանում Ջիվան Գասպարյանի արվեստը, զարմացած է մեր ժողովրդի՝ երաժշտության նկատմամբ ունեցած մեծ սիրով։ «Ես, անկեղծ ասած, ապշեցի, երբ մարդիկ անձրեւի տակ կանգնած, առանց տոմսի սպասում էին, թե ինչպես կարող են մտնել Սպիվակովի համերգին: Հայաստանը հրաշալի մի վայր է, որտեղ կարելի է երաժշտության հոբբի ձեռք բերել»,172 գտնում է նա: 1998 թվականին Հայաստան գալիս իր հետ բերել է 300 կտոր գիրք, մտածելով, որ մեր երկրում իր պարապությունը կլցնի ընթերցանությամբ։ Այս հոբբին պրն Սաադաթը Հայաստանում չկարողացավ իրականացնել եւ իր չկարդացած 300 կտոր գիրքը ստիպված տեղափոխեց Միջին Ասիա։ «Վերջերս ես ու կինս զրուցում էինք իմ աշխատանքային գործունեության ընթացքում ապրած երկրների մասին, մենք միաձայն համաձայնեցինք, որ Հայաստանն ամենաապահով երկիրն է օտարերկրացիների համար: Ես ու կինս շատ ենք սիրում հայկական կերակուրները՝ հատկապես կանաչին, իսկ ձուկը յուրահատուկ է: Միակ բանը, որ պակասում է՝ սուր կծվությունն է։ Ամենակարեւորը՝ հայկական կերակուրը առողջարար է: Օրերս ես հետազոտվեցի, պարզվեց, որ այս տարիների ընթացքում իմ օրգանիզմում խոլեստերինի տոկոսը պակասել է, նշանակում է ձեր սնունդը առողջարար է»,172 անկեղծացավ պրն Սաադաթը։ Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ