Լրահոս
Օրվա լրահոսը

Բացարկի հիմքերը

Օգոստոս 17,2002 00:00

Բացարկի հիմքերը «Մարդու անձեռնմխելիությունը չպաշտպանած, ոտնահարած, խախտած դատավորը չի՛ կարող լինել խոսքի ազատության պաշտպան»,- Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատավոր Ռուբեն Ներսիսյանի վերաբերյալ «Առավոտին» օրեր առաջ ասել էր Աշոտ Բլեյանը։ Հաջորդ օրերին նա, Արտակ Զեյնալյանն ու Վիգեն Խաչատրյանն այս դատավորին պատասխանատվության ենթարկելու պահանջով դիմեցին պետական տարբեր ատյաններ։ Օգոստոսի 14-ին Ռուբեն Ներսիսյանին կրկին հայտնեցին բացարկ, որից որոշ հատվածներ ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը. «Գործով դիմողները 38-ն են, իսկ դատավորի 25.07.02թ. որոշման մեջ նշված են չորս դիմողների անուններ։ 18.07.02թ. դատական նիստում դիմողներն ավելացրել էին դիմումի հիմքը եւ պահանջի չափը, որոնք դատավորի 25.07.02թ., 06.08.02թ. որոշումներում անտեսված են։ 13.08.02թ. դատական նիստի մասին գործին մասնակցող անձինք (38 դիմողներ եւ 697 ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք) Քաղդատօրի 78, 79 հոդվածներով որոշված կարգով չեն ծանուցվել։ ՀՀ տասնյոթ քաղաքացի 31.07.02թ. դատարան հայցադիմում են ներկայացրել (համապատասխանողներ «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր «Մելտեքս» ՍՊԸ, «Նոյյան Տապան» ՍՊԸ, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարություն, ՀՀ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողով, ՀՀ արդարադատության նախարարություն)։ Հայցվորները պահանջել են գործով կիրառել արագացված դատաքննություն։ Դատավորը քննության չի առել արագացված դատական քննություն կիրառելու միջնորդությունը։ Դատավորը ապօրինի, 06.08. 02թ. որոշումով տարբեր անձանց (դիմողների, հայցվորների, երրորդ անձանց, պատասխանողների), տարբեր հիմքով եւ պահանջով քաղաքացիական գործերը միացրել է մեկ վարույթում։ Որոշումը, որպես առանձին ակտիվ ձեւով կայացրած դատարանի որոշում, չի ուղարկել գործին մասնակցող բոլոր անձանց։ Ս/թ օգոստոսի 2-ին մենք Քաղդատօրի 21-րդ հոդվածով (մաս 1-ին, մաս 2-րդ) որոշված կարգով բացարկ ենք հայտնել դատավորին։ Բացարկի միջնորդությունը նույն օրը պատշաճ կարգով ուղարկվել է դատարան։ Բացարկի լուծման որոշումը չենք ստացել, այն չի հրապարակվել նաեւ 13.08.02թ. 11.00 թիվ 2-1405-2-1450-2-1451-2-1452 քաղաքացիական գործի դատական նիստից առաջ։ Գործի քննությունը չի հետաձգվել մինչեւ բացարկի լուծումը. 13.08.02թ. 11.00 դատավորը սկսեց «միացյալ» գործի դատական նիստը։ Սրան ուղղված մեր բոլոր ջանքերը դատավորը կամայականորեն մերժեց։ Նիստը վարելու լիազորություն չունեցող դատավորը հետաձգեց դատական նիստը՝ առանց օրենքով որոշված հիմքի։ Դատավորը իր կամայական որոշումներով եւ գործողություններով ստեղծել է իրավական խառնաշփոթ, պարտադրում է դիմողներին, հայցվորներին եւ երրորդ անձանց քաղաքացիական գործերի վարույթի այլ կարգ, քան որոշված է ՀՀ օրենքով։ Դատավորը ձգձգում է դատական քննությունը, անպաշտպան թողնում քաղաքացիների խոսքի ազատության անօտարելի իրավունքը։ Դատավորը ոտնահարել է մեր իրավունքը, խախտել օրենքը՝ «Դատավորի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը։ Սրանք դատավորի անաչառության վերաբերյալ կասկած հարուցող փաստ ու հանգամանքներ են։ Ղեկավարվելով Քաղդատօրի հոդված 21-ով, մենք դատավոր Ռ. Ներսիսյանին կրկին բացարկ ենք հայտնում»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել