Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀԿ-Ն ԱՐՀԱՄԱՐՀԵՑ ԺՈՂՈՎՐԴԻ ՔՎԵՆ

Օգոստոս 17,2002 00:00

ՀՀԿ-Ն ԱՐՀԱՄԱՐՀԵՑ ԺՈՂՈՎՐԴԻ ՔՎԵՆ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ձեւավորումը, ըստ նոր ընդունված «Ընտրական օրենսգրքի», առաջին հայացքից աննկատ անցավ, քանի որ տպագիր մամուլն արձակուրդում էր, հեռուստաընկերություններն էլ զուտ պաշտոնական տեղեկատվություն էին հաղորդում։ Սակայն ՀԺԿ նախորդ օրվա հայտարարությունը ցրեց կասկածները, թե ԿԸՀ ձեւավորումը միայն իշխանությանն է հետաքրքրում։ Իրականում, ինչպես նշված էր ՀԺԿ հայտարարության մեջ, ՀՀԿ-ն, քողարկվելով նոր Ընտրական օրենսգրքով, ՀԺԿ-ին զրկեց ընտրական հանձնաժողովների ձեւավորմանը մասնակցելու իրավունքից։ ՀԺԿ քարտուղար, ԱԺ պատգամավոր, «Միասնություն» խմբակցության նախկին քարտուղար Վարդան Մկրտչյանն ասաց, որ իշխանության կամակատար ԿԸՀ-ի ձեւավորումը սկսվեց Ընտրական օրենսգրքի ընդունումից անմիջապես հետո։ ՀԺԿ-ն ու ՀՀԿ-ն օրենքին համապատասխան պետք է քննարկեին ԿԸՀ անդամ թեկնածուի հարցը եւ խմբակցությունում համաձայնության չգալու դեպքում միայն կարելի կլիներ վարվել այլ կերպ։ ՀՀԿ-ն այս դեպքում ինքնագլուխ է վարվել եւ իր թեկնածուին է առաջ քաշել։ Պրն Մկրտչյանը չժխտեց, որ սկզբնական շրջանում բանակցությունների պես մի բան է եղել, որի ժամանակ ՀԺԿ-ն առաջարկել է իր տարբերակը. «Մեր տարբերակը եղել է հետեւյալը՝ ձայները կիսել 50/50-ի, ձեւավորել հանձնաժողովները։ Իսկ Դաշինքի ձեւավորման ժամանակ որդեգրված սկզբունք կար Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի միջեւ, ըստ որի, ԿԸՀ անդամը («Միասնությունը» ներկայացնող) պետք է չլինի կուսակցական եւ պետք է լինի անկողմնակալ։ Աշոտ Սարգսյանը (խմբակցության ներկայացուցիչը ԿԸՀ-ում- Մ. Ե.) իր աշխատանքի երեք տարիների ընթացքում որեւէ կողմնակալություն չի ցուցաբերել։ ՀՀԿ-ի հետ խոսակցությունների ընթացքում իրենք եւս ասացին, որ անձի վերաբերյալ որեւէ դժգոհություն չունեն, բայց, ինչպես տեսաք՝ սկզբունքներին ՀՀԿ-ն ազատորեն դավաճանում է։ Իսկ թե ինչո՞ւ է դավաճանում, մեր քաղխորհրդի հայտարարության մեջ ասված է։ Միտումը պարզ էր՝ ՀՀԿ-ն ձգտում էր իր տեղերն ունենալ։ Չմոռանանք, որ կառավարությունը կորցրել է երեք տեղ, եւ ակնհայտ է, որ ՀՀԿ-ն այս անգամ պատրաստվում է կեղծիքների եւ ձգտում է կեղծիքներով ձեւավորել կամակատար ԱԺ-ն, ինքնակառավարման մարմինները եւ նախագահ դարձնել անձին, որին մեկ անգամ արդեն կեղծիքներով դարձրել էին»։ Վարդան Մկրտչյանը հայտնեց, որ ՀԺԿ-ն բավականին ակտիվորեն նախապատրաստվում է թե՛ տեղական ինքնակառավարման, թե՛ մնացած բոլոր ընտրություններին. «Իհարկե, ցավալի է, որ ընտրական հանձնաժողովների հարցն այդպես լուծվեց եւ, փաստորեն, ժողովրդի կողմից տրված քվեն արհամարհվեց ու անտեսվեց Հանրապետական կուսակցության կողմից։ ՀԺԿ-ն բավականին երկար ժամանակ աշխատում է վստահված անձերի վերապատրաստման ուղղությամբ։ Դուք շատ լավ գիտեք, որ մեր կուսակցությունը բոլոր տարածքներում ունի իր կառույցները, եւ մեր վստահված անձինք կլինեն բոլոր հանձնաժողովներում եւ նաեւ նրանց շնորհիվ մենք կկարողանանք ազդել ազատ եւ արդար ընտրությունների անցկացման վրա։ Հուսով եմ՝ այդ գործում Ժողովրդական կուսակցությունը միայնակ չի լինի եւ բազմաթիվ քաղաքական ուժեր կմիանան եւ միասնաբար կկարողանանք աշխատել այդ ուղղությամբ»։ ՀԺԿ քարտուղարը հայտնեց, որ կուսակցությունը թեկնածուներ կառաջադրի եւ հետամուտ կլինի արդար ընտրությունների անցկացմանը. «Ժողովրդական կուսակցությունը պարտավոր է մասնակցել բոլոր ընտրություններին, որովհետեւ մեծ է, ժողովրդական է, եւ ժողովուրդն ակնկալիք ունի մեր կուսակցությունից»։ ՀԺԿ-ն վերջին շրջանում մասնակցեց տեղական ինքնակառավարման մի քանի արտահերթ ընտրությունների եւ փաստորեն՝ ՀԺԿ-իշխանություն «առճակատման» ժամանակ «ՀԺԿ-ն քիչ տոկոսներ չհավաքեց. հիշեք Ալավերդու քաղաքապետի ընտրությունները, երբ ՀԺԿ ներկայացուցիչ Լարիսա Փարեմուզյանը 35% ձայն հավաքեց։ Սա վատ արդյունք չէ, եթե հաշվի առնենք, որ մեր թեկնածուի դեմ աշխատել է ամբողջ իշխանական մեքենան»։ Ընդդիմադիր քաղաքական ուժերի միասնականությունից առաջիկա ընտրություններում շատ բան է կախված, եւ Վարդան Մկրտչյանի ներկայացմամբ, 13 ընդդիմադիր ուժերը շարունակում են հաստատակամ լինել իրենց հիմնական նպատակների մեջ՝ օր առաջ ազատվել այսօրվա իշխանություններից։ Վարդան Մկրտչյանը՝ որպես ՀԺԿ քարտուղար, ամբողջ ամառ այցելել է հանրապետության բոլոր մարզեր։ Արդյո՞ք այդ բազում այցերը կապված են կուսակցության ինչ-ինչ խնդիրների հետ։ Մեր կասկածները ցրելով, պրն Մկրտչյանն ասաց. «Կուսակցությունը միշտ էլ խնդիրներ ունի լուծելու, դա ամենօրյա աշխատանք է»։ Կուսակցությունը աշխատանք է տանում կառույցների հետ՝ դրանք ավելի ուժեղացնելու, նաեւ՝ ինֆորմացիա հաղորդելու ուղղությամբ, «քանի որ վերջին շրջանում «Ա1+»-ի եւ «Նոյյան տապանի» փակումով բնակչությունը զրկվեց ինֆորմացիա ստանալու հնարավորությունից։ Մեր այցերի արդյունքում նախապատրաստվում ենք ընտրություններին»։ Կուսակցությունից հեռացվածների կուսակցությունը՝ ԺԴԿ-ն, արդյո՞ք «ոտնձգություն» չի անում ՀԺԿ կառույցների վրա։ Մեր այս հարցին պրն Մկրտչյանը պատասխանեց՝ ասելով. «Նրանք հենց առաջին օրվանից հայտարարություն արեցին, թե իրենց կուսակցությունը չեն ձեւավորելու ՀԺԿ-ի հաշվին, բայց դա անկեղծ չէր, որովհետեւ շրջաններ կատարած այցերի ժամանակ իմացվում է, որ փորձում են հիմնական հենարան դարձնել ՀԺԿ-ն, բայց, ի պատիվ մեր կուսակցականների եւ մեր կառույցների ղեկավարների, նրանք որեւէ հաջողության չեն հասնում, մեր կուսակցականները շատ պինդ են»։ Զրուցեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ Հ. Գ. Վարդան Մկրտչյանն ասաց, որ եթե ժողովրդի համար մինչ այժմ հիմնական խնդիրը սոցիալական էր, այժմ ավելի շատ հարցեր են հնչում իշխանափոխության եւ «Հոկտեմբերի 27»-ի վերաբերյալ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել