Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՒՆԱՆՅԱՆԸ «ՀԱՄԱԿՐՈՒՄ» ԷՐ ԴԵՄԻՐՃՅԱՆԻՆ

Օգոստոս 17,2002 00:00

ՀՈՒՆԱՆՅԱՆԸ «ՀԱՄԱԿՐՈՒՄ» ԷՐ ԴԵՄԻՐՃՅԱՆԻՆ «Չորրորդ իշխանություն» թերթը հրապարակել է Լոս Անջելեսի «Վարագույր» հեռուստաժամին Հայաստանի ազգային հեռուստատեսության նախկին աշխատակից Տիգրան Նազարյանի հարցազրույցը, սակայն այդ հրապարակումից դուրս են մնացել, մեր կարծիքով, բավական ուշագրավ հատվածներ, որոնք եւ ներկայացնում ենք ընթերցողների ուշադրությանը։ 5-րդը ԱԱՆ-ի՞ց Ավելի քան 1 ժամանոց հարցազրույցի վերջում վարողը՝ «Վարագույր» հեռուստաժամի տնօրեն Ռուդիկ Հովսեփյանն ասում է Տիգրան Նազարյանին. «Ես այս հաղորդումն ուղարկելու եմ Երեւան. ի սկզբանե ասում եմ, որ հետո չնեղանաք։ Եթե որեւէ բան ունեք ասելու՝ ուղղակի ասեք։ (…) Եվ լրագրողներին, որոնք Ձեր մասին գրում են՝ «Դուք սա եք, սա եք», ի՞նչ ցանկություն ունեք ասելու»։ Տիգրան Նազարյանը պատասխանում է. «Որեւէ լրագրողի մտքով չանցավ, որ տե՛ս՝ ես ամեն օր շփվում էի այս մարդու հետ, սուրճ էինք խմում, եւ պարզվում է, որ ԱԱ փոխգնդապետ է, պարզվում է, որ ահա այսպիսի մեծ հանցագործի հետ եմ գործ ունեցել ես, որը փախել է… մի հատ փորձենք գտնել։ Որպես լրագրողական հետաքննության նյութ»։ Դժվար է լրագրողական հետաքննությամբ պարզել, թե արդյոք այսինչը ԱԱՆ գործակալ կամ աշխատակի՞ց է, թե՞ ոչ, քանզի այդ կառույցը, հայտնի է, տեղեկանքներ չի տրամադրում այդ մասին։ Ավելին, օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող կամ համագործակցած, աջակցություն ցուցաբերող անձանց վերաբերյալ տեղեկությունները, համաձայն կառավարության 1998թ. մարտի 13-ի որոշման (այն վավերացրել է նախագահի պաշտոնակատար Ռոբերտ Քոչարյանը), դասվում են պետական գաղտնիքների շարքը։ Ինքը՝ Տիգրան Նազարյանը, կարող էր հստակ պատասխանել այս հարցին, բայց թեեւ «Վարագույրի» զրույցում 4-5 հիշատակում կա ԱԱՆ-ին նրա առնչությունների մասին՝ այդպես էլ չի հետեւում որեւէ հստակ հերքում։ Մի անդրադարձը «Չորրորդ իշխանությունը» մեջբերել էր: Ռուդիկ Հովսեփյանն ասում է. «Տիգրան Նազարյանը, ըստ մամուլի, եղել է դաշնակցական, սկաուտական շարժման մեջ, ԿԳԲ-ի փոխգնդապետ»։ Նշենք՝ այս հիշատակմանն ի պատասխան, Տիգրան Նազարյանը, որ ողջ հարցազրույցի ընթացքում աշխույժ բացատրություններ է տալիս, հոնքն անգամ չի շարժում, գլխահակ շոյում է ջրի բաժակը եւ նույնիսկ մի պահ չի դադարեցնում շարժումը։ Դաշնակցական-սկաուտական շարժման առնչությամբ նա հետո ասում է, թե կուսակցական չէր. «Հետաքրքրությունս կորցրի եւ աստիճանաբար դուրս մղվեցի»։ «Դուք համարում եք, թե այն, ինչ որ գրվում է, որ Դուք Դաշնակցության անդամ եք, հերյուրա՞նք է» հարցին էլ պատասխանում է. «Ի՞նչ ասեմ… հա, երեւի։ Անունը պետք է այդպես դնել»։ Սակայն ԱԱՆ-ին առնչությունները գոնե այսքան վեհերոտ էլ չեն հերքվում ոչ այս անգամ, ոչ երբ ինքը՝ Տիգրան Նազարյանն է ասում. «Եթե Դուք նայում եք այդ հրապարակումները, «մեղադրանքները», որ Տիգրան Նազարյանը ԿԳԲ-ի փոխգնդապետ է, Նաիրիի ընկերն է, 2 ժամ զրուցեց Հունանյանի հետ. այնպիսի մի տոնով է սա ասվում, կարծես մի ինչ-որ հայտնագործություն է արվել։ Նախ, շատ ներողություն, ինչո՞ւ փոխգնդապետ, միանգամից թող գեներալի կոչում տային»։ Սրան հավելենք հարցազրույցի մեկ այլ դրվագ. Ռուդիկ Հովսեփյանը հարցնում է. մի՞թե ԱԱՆ-ի աշխատակիցները չպետք է գաղտնալսեին Ռոբերտ Քոչարյանի, Ալեքսան Հարությունյանի եւ Նաիրի Հունանյանի առանձնազրույցը, «երբ այն դրությունը գար, որ հայհոյանքի հասներ կամ ասեր. «Տեսեք, ես հիմա ձեզ ինչ կանեմ, կամ ինչ-որ ձայն հանեին~ ներս մտնեին», Տիգրան Նազարյանն այսպես է պատասխանում. «Ես կատակի տալով ասեմ. երեւի դուք լուրջ ընդունել եք, որ ես ԱԱՆ փոխգնդապե՞տ եմ»։ Ռուդիկ Հովսեփյանն արձագանքում է. «Ես չգիտեմ՝ Դո՛ւք կասեք՝ ե՞ք, թե՞ չեք»։ Չի ասում։ Եվ հարցազրույցը վարողն ավելի ուշ դարձյալ է հարցնում. «Վերջերս գրվեց, որ դուք ԱԱՆ փոխգնդապետ եք։ Դա է՞լ է հերյուրանք։ Չէ՞ որ դա այնքան հեշտ է պարզել։ Եվ եթե Դուք այսօր ի լուր աշխարհի տարածեք, թե հերյուրանք է, կարող են մեկ վայրկյանում ապացուցել, որ իրոք գնդապետ եք»։ «Թող ապացուցեն»,- ցածրաձայն նետում է Տիգրան Նազարյանը։ «Ե՞ք, թե՞ չեք»,- դարձյալ հարցնում Է Ռուդիկ Հովսեփյանը, բայց պատասխանը նույնն է՝ ավելի ագրեսիվ շեշտադրումով. «Թող ապացուցեն»։ Ու հավելում. «Գնդապե՞տ։ Չէ, փո՛խգնդապետ, դեռ գնդապետի աստիճան չեմ ստացել։ Թող ապացուցեն, որ ես ԱԱ փոխգնդապետ եմ»։ Թերեւս Տիգրան Նազարյանն էլ անտեղյակ չէ, որ ԱԱՆ-ն նման տեղեկանքներ չի տալիս, եւ սա պետական գաղտնիք է։ Ակնհայտ է, որ նա փորձում է ժխտել իր փոխգնդապետ լինելը (գուցե կապիտան է կամ լեյտենանտ), բայց այդպես էլ որեւէ հերքում չի հետեւում ԱԱՆ-ի հետ իր առնչությունների վերաբերյալ։ Իսկ այս խնդիրը պարզելը ամենակարեւորներից մեկն է։ Արդյոք ԱԱՆ աշխատակիցներից միայն Կարեն Պարունակյանն ու Արամ Բեգոյա՞նն են շփվել Նաիրի Հունանյանի հետ։ Միայն ԱԱՆ Կառավարական կապի եւ տեղեկատվության վարչության մայոր Մելքոն Եսայանին ու ԱԱՆ Հատուկ ջոկատի մարտիկ Ղազար Սարգսյանին է ապագա ահաբեկիչը հայտնել երկրի ղեկավարներին մորթելու իր մտադրության մասին։ Թե կա նաեւ 5-րդ ԱԱՆ-ականը, որը Նաիրի Հունանյանի հետ իր մտերմության շնորհիվ ամենալավատեղյակն էր նրա տրամադրվածությանը։ Ուսանողական ընկերը «Մոտիկ ընկերոջ իմ հասկացողությունը փոքր-ինչ այլ է։ Միմյանց ծննդյան տարեդարձներին մենք չենք գնացել։ Իրար հետ ձկնորսության չենք գնացել»,- այսպես է «Վարագույրի» հարցազրույցում բնորոշում Նաիրի Հունանյանի հետ իր հարաբերությունները Տիգրան Նազարյանը։ Հաստատում է, թե նա միայն իր ուսանողական ընկերն էր, որպիսիք շատ ունի։ Բայց սա՝ ավելի ուշ։ Ավելի վաղ նրան մի շատ էական հարց է տրվում, որն ու հետագա երկխոսությունը դուրս են մնացել «ՉԻ»-ի հրապարակումից։ Մեջբերենք։ Ռ. Հ. «Ձեր ընկերության ժամանակ Նաիրի Հունանյանի հետ որեւէ անգամ Դուք զգացե՞լ եք, որ Նաիրի Հունանյանն ընդունակ է այդպիսի գործ անելու»։ Տ. Ն. «Գիտեք ինչ, մի առած կա, չէ՞, այն հովիվ տղայի մասին, որն անընդհատ կանչում էր. «Գայլե՜րը, գայլե՜րը»… Մի խոսքով, գիտեք՝ վերջում ոչ ոք չի հավատում։ Ես Նաիրիին ճանաչում եմ 1988 թվականից (հետո ճշտում է, որ ճանաչում է 1986-ից- Ա. Ի.)։ 88 թվականից անընդհատ իր բառապաշարում այդ բառերը շատ էին, հասկանո՞ւմ եք՝ «պիտի սպանե՛մ, պիտի կախե՛մ, պիտի, չգիտեմ, գլխատեմ, քառատեմ եւ այլն, եւ այլն»։ Ռ. Հ. «Ո՞ւմ»։ Տ. Ն. «Էական չի։ Ում հասավ։ Եվ երբ որ այդքան շատ է ասվում դա՝ արդեն ոչ ոք լուրջ չի ընդունում դա, չէ՞… Այսինքն, կարծես այդ մարդու խոսելաձեւն է այդպիսին։ Բնականաբար, ոչ ոք, կարծում եմ, չէր ենթադրում, որ ի վերջո նա կարող էր իր 12, 14 կամ 10-ամյա սպառնալիքները մի օր իրականացնել»։ Եթե Տիգրան Նազարյանն իրոք ԱԱՆ-ից է, կարելի է ասել, որ նա առնվազն խիստ անփույթ է վերաբերվել իր պարտականություններին, այնպես չէ՞։ Մանավանդ որ, սպառնալիքները վերաբերել են… Բայց ամեն ինչ՝ հերթով։ Թեեւ Տիգրան Նազարյանը «էական չէ» է պատասխանում այն հարցին, թե ում էր սպառնում Նաիրի Հունանյանը, հաշվի առնելով վերջինիս հետագա գործողությունները՝ ընթերցողները երեւի գուշակեցի՞ն, թե ում էր խոստանում սպանել կամ կախել։ Ակնհա՞յտ է նաեւ, թե ում համար հետո զրկանքներ կրեց, փոքրը զիջելով՝ չցանկացավ նրա հարցում զիջել եւ այժմ էլ ժամանակ առ ժամանակ հարգալից բաց նամակներ է հղում նրան։ «Վարագույրը» բացվում է եւ զրույցի մեկ այլ՝ դարձյալ չհրապարակված, դրվագից բոլորովին այլ պատկեր է փորձ արվում ձեւավորել։ Ռ. Հ. «Ձեր ընկերական շրջանում ինքը որ հայհոյում էր, անձնական հայհոյանք Վազգեն Սարգսյան, Դեմիրճյան, Քոչարյան…»։ Տ. Ն. «Չէ՛։ Երբե՛ք։ Քոչարյանի հասցեին՝ այո»։ Ռ. Հ. «Իսկ նրանց հասցեին՝ ո՞չ»։ Տ. Ն. «Ոչ»։ Ռ. Հ. «Այսինքն, անձնական ոչ մի բան դուք չե՞ք զգացել»։ Տ. Ն. «Գիտեք, Վազգեն Սարգսյանի համար նա ասում էր հետեւյալը. վարչապետը կամ չգիտի՝ ինչ պետք է անել երկիրն այս իրավիճակից դուրս բերելու համար, հետեւաբար ես կուզեի իր հետ հանդիպել եւ զրուցել այս մասին, կամ նա գիտի եւ չի անում, հետեւաբար՝ նա դավաճան է։ Այսինքն, ամենածանր մեղադրանքը եղել է դա։ Հայհոյանքներ, էդպիսի բաներ չեն եղել»։ Ռ. Հ. «Բայց կսպանեմ, կպայթեցնեմ…»։ Տ. Ն. «Չէ, չէ, չէ, չէ։ Դեմիրճյանի հասցեին ընդհանրապես, երբեք, որեւէ բան չի եղել։ Ես չեմ կարող ասել, որ նա մեծ հույսեր էր կապում Դեմիրճյանի հետ։ Ո՛չ։ Բայց համակրանք կար նրա նկատմամբ»։ Պարզ է, չէ՞, ինչ կարեւոր վկա է Տիգրան Նազարյանը, քանզի գիտի բաներ, որ ուրիշ որեւէ մեկի մտքով իրոք չեն անցնի։ Մանավանդ 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո։ Ի դեպ, ըստ «Վարագույրի» հարցազրույցի մեկ այլ չհրապարակված հատվածի՝ այդ օրը Նաիրի Հունանյանը փորձել է ԱԺ-ում պահել Տիգրան Նազարյանին. «Երկար համոզում էր, թե մնա, մնա, շատ կարեւոր սարք եմ բերելու, որը պետք է դնենք կամերայի վրա ու ուղիղ հեռարձակում է ապահովում («Կալաշնիկով» ավտոմատը նկատի չուներ- Ա. Ի.)։ Ես դե գիտեմ, որ այդպիսի բան կա։ Բոլոր քիչ թե շատ նորմալ հեռուստաընկերություններն ունեն նման բան։ Մենք չունենք։ Եվ դա, իհարկե, շատ հետաքրքիր էր ինձ։ Մյուս կողմից էլ ես գիտեի, որ գիշերը պետք է բարձրանամ հեռուստաընկերություն։ Այսինքն, դրանից առաջ պետք էր գնալ տուն, փոքր-ինչ հանգստանալ եւ այլն։ Ասացի՝ չէ, չեմ կարող մնալ։ Թող, շաբաթվա վերջին կգամ ձեր տուն՝ ցույց կտաս այդ սարքը։ Ասաց՝ չէ, ես շաբաթվա վերջին արդեն քաղաքում չեմ լինելու։ Իմիջիայլոց, երկու օր առաջ, այսինքն՝ ամսի 25-ին, ինքը դարձյալ ԱԺ էր եկել եւ այդ խոսակցությունը կար, որ շաբաթվա վերջին կամ ամեն դեպքում՝ շատ մոտ ժամանակներս պետք է մեկնեն Մոսկվա ինքն ու եղբայրը՝ Կարեն Հունանյանը։ Եվ այնտեղ պետք է զբաղվեն օծանելիքի բիզնեսով։ Դա ամսի 25-ին էր»։ Իսկ երբ հոկտեմբերի 27-ին Տիգրան Նազարյանը եկել էր ԱԺ դահլիճ՝ իբրեւ միջնորդ, Նաիրի Հունանյանը հարցրել էր. «Ի՞նչ ես կարծում, ի՞նչ պիտի արվի։ Ես ասացի. դու այս ամենը որ պլանավորել ես՝ վերջը չե՞ս մտածել, թե բա ինչ պիտի արվի»։ Եվ առաջարկել էր հանձնվել. «Ես զգացի, որ իր մեջ, թերեւս, ինչ-որ բան կոտրվեց։ Շատ վկայություններ տվողներ ճիշտ նկատում են (իրենք այլ բանի հետ են դա կապում), բայց է՛դ խոսակցությունից հետո ինքը կոտրվեց փոքր-ինչ»։ Սակայն հարցն այն է, որ Տիգրան Նազարյանը դահլիճ եկել է ժամը 22-ի սահմաններում, իսկ հանձնվելու, ինչ-որ լուծում գտնելու տրամադրություն, ըստ պատգամավորների վկայությունների, Հունանյանն ուներ սպանություններից արդեն 1-2 ժամ անց։ «Գաղջ մթնոլորտ» Հանրային հեռուստաընկերության նախագահ Տիգրան Նաղդալյանն արդեն իսկ հասցրել է մեկնաբանել «Վարագույրին» իր նախկին աշխատակցի բացահայտումները. «Ամենաթափանցիկը այդ հարցազրույցում այն է, որ Հայաստան վերադառնալու եւ ընտանիքի անվտանգության հետ կապված Տիգրանն ինչ-որ մտավախություններ ունի։ Ի դեպ, նա այդպիսի մտավախություններ ուներ դեռ Հայաստանում։ Հիմնավոր բացատրություններ այդ կապակցությամբ չկային, բայց կար վկայակոչում ընդամենը ստեղծված մթնոլորտի, որը, իհարկե, չեմ կարող վիճարկել։ Գաղջ մթնոլորտ էր։ Հիշում եք, թե ինչ էր կատարվում 99-ի հոկտեմբերի 27-ից մինչեւ 2000-ի մայիս-հունիս ամիսներն ընկած ժամանակահատվածում։ Վհուկների որսի մթնոլորտ էր ձեւավորվել»։ Տիգրան Նաղդալյանը որոշակիացնում է, թե նկատի ունի նաեւ «հարցաքննությունների, նվաստացուցիչ կասկածների ու մեղադրանքների մթնոլորտը»։ Եթե Տիգրան Նազարյանի հարցազրույցը հրապարակվեր ամբողջությամբ, Տիգրան Նաղդալյանը թերեւս ստիպված լիներ վերանայել իր հակափաստարկները։ Նրա նախկին աշխատակիցը վկայում է, որ մինչեւ 2000թ. օգոստոսը, երբ մեկնեց ԱՄՆ՝ որպես «Հ1»-ի աշխատակից, հանգիստ ապրել է եւ ոչ մի խնդիր չի ունեցել։ Ռուդիկ Հովսեփյանն առնվազն 3 անգամ հարցնում է, թե արդյոք հարցաքննությունների ժամանակ իրեն ճնշե՞լ են, վախեցրե՞լ, ծեծե՞լ կամ ստիպե՞լ, որ փոխի ցուցմունքները։ Եվ ամեն անգամ հետեւում է կտրուկ բացասական պատասխան։ Տիգրան Նազարյանն առանձնացնում է միայն մի միջադեպ, որն «իմ վրա շատ տհաճ, ծանր տպավորություն է թողել»։ Խոսքը հոկտեմբերի 27-ին Հունանյանի հեռախոսազանգերի շուրջ հարցաքննության մասին է. «Ես ասել էի, որ Նաիրի Հունանյանն ինձ զանգել է 2 անգամ, իրենք պարզել էին, թե նա ինձ զանգել է 3 անգամ։ Ամբողջ հարցն այն է, որ ինձ ասում էին՝ այդ 3-րդ անգամը որ քեզ զանգել է՝ շատ կարեւոր բան է ասել, ու դու մեզ չես ասում»։ Մինչեւ վերջ էլ իբրեւ վկա հարցաքննված Տիգրան Նազարյանը անտրամաբանական է համարում, որ «լուրջ կասկածներ ունեին, թե ես ինչ-որ բան եմ թաքցնում»։ Բայց տրամաբանակա՞ն է առանց կասկածի նշույլի վերաբերվել այն իրողությանը, որ համաձայն «ԱրմենՏելում» գրանցված տվյալների՝ հոկտեմբերի 27-ին, ժամը 16.32-16.34-ի ժամանակահատվածում, այսինքն՝ ոճրագործությունից կես ժամ առաջ՝ Հունանյանների բնակարանից 18 եւ 42 վայրկյան տեւողությամբ երկու հեռախոսազրույց է գրանցվել Տիգրան Նազարյանի բջջային հեռախոսի վրա։ Մինչդեռ Տիգրան Նազարյանը պնդում է, թե այդ ժամանակ քնած է եղել։ Եվ ուրիշ որեւէ մեկն էլ նրա հեռախոսազանգերին չի պատասխանել։ Այս առեղծվածն այդպես էլ չբացահայտվեց։ Բայց այժմ կարելի է փորձել գտնել թվացյալ ավելի հեշտ մի հարցի պատասխան։ Ինչո՞ւ Տիգրան Նազարյանը 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո տիրող «գաղջ մթնոլորտում» ապրում էր հանգիստ եւ առանց խնդիրների։ Իսկ այժմ, երբ այդ «գաղջ մթնոլորտն» իբրեւ թե վերացել է, ԱՄՆ-ում մնալու մտադրություն չունենալով հանդերձ՝ նա չի ցանկանում դեռեւս վերադառնալ Հայաստան, իսկ հարցերին պատրաստակամ է պատասխանել միայն Գլենդեյլում։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել