Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՆԴԻՐԸ ԼՈՒԾՎԵՑ ԵՐԵՎԱՆՈ՞ՒՄ

Օգոստոս 16,2002 00:00

ԽՆԴԻՐԸ ԼՈՒԾՎԵՑ ԵՐԵՎԱՆՈ՞ՒՄ Երեկ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում Հայաստանի նախորդ առաջնության 3-րդ մրցանակակիր Երեւանի «Սպարտակը» ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության մեկնարկային տուրում ընդունեց Շվեյցարիայի «Սերվետին» ու տանուլ տվեց 0։2 հաշվով։ Լրագրողի մասնագիտությունը ոչ միայն աշխարհի հինգ ամենավտանգավոր աշխատանքներից է, այլեւ ամենապատասխանատուն ու ամենաանշնորհակալը։ Մի կողմից՝ գրիչ վերցնելով, մտածում ես, որ պարտավոր ես գրել ճշմարտությունը, մյուս կողմից՝ մտատանջությունը խանգարում է, որովհետեւ գիտակցում ես, որ դեռ ամեն բան ավարտված չէ, որ ճշմարտությունն ասելով, ակամա ստիպված ես լինելու մի քանի դառը խոսք ասել քո երբեմնի կուռքի հասցեին։ Նկատի ունեմ «Արարատ-73»-ի լեգենդար ավագ Հովհաննես Զանազանյանին, որն այսօր «Սպարտակի» գլխավոր մարզիչն է։ Այս պահին վիճակս այնքան էլ նախանձելի չէ, որովհետեւ պարզապես չգիտեմ ինչպես ներկայացնել վերոհիշյալ խաղը։ Ու դրանում ոչ թե ես եմ մեղավոր, այլ «Սպարտակը», որը 90 րոպեների ընթացքում այդպես էլ ոչ մի արժանահիշատակ բան չարեց, որպեսզի դրանից կառչելու հնարավորություն ունենամ։ Իսկ այդպիսի անզուսպ ցանկություն, իրոք, ունեմ։ Ասել, թե «Սերվերն» աչքի ընկավ իր խաղամակարդակով, լեզուս չի պտտվի։ Բայց որ «Սպարտակն» էլ, ըստ էության, խաղ չցուցադրեց, փաստ է։ Պարզապես, խաղադաշտում միմյանց արժանի թիմեր էին, որոնցից մեկը հանդես էր գալիս մրցակցի դաշտում ու ամենայն հավանականությամբ իր իսկական խաղը չէր ցուցադրում, որովհետեւ կաշկանդված էր, իսկ մյուսը, որ պարտավոր էր կաշվից դուրս գալով գոնե հաճույք պատճառել տրիբունաներում տեղ զբաղեցրած երկրպագուներին, այդ բանն անել ի զորու չէր։ Ոչ մի կերպ չեմ կարողանում ըմբռնել, թե ինչպե՞ս կարող է ՈՒԵՖԱ-ում երկիր ներկայացնող թիմը հարազատ հարկի տակ երկու խաղակես վազվզել ու ընդամենը երկու անգամ շատ թե քիչ վտանգավոր հարված կատարել մրցակցի դարպասին։ Գիտեմ ու փաստում եմ, որ այդ խաղում «Սպարտակի» կազմում բացակայում էին գլխավոր հարվածային ուժը կազմող Արա եւ Հայկ Հակոբյանները։ Ու դա մեծապես ազդեց մեր թիմի ձեռագրի վրա։ Բայց հարցը սկզբունքորեն դնելու համար ինձ հիմք են տալիս «Սպարտակի» գլխավոր մարզչի՝ «Ֆուտբոլ+»-ում տպագրված հարցազրույցում արտահայտած մտքերը, որոնք ընդամենը ֆուտբոլասերներից իրականությունը թաքցնել էին նշանակում։ Հանդիպման նախորդ օրը հրավիրված մամուլի ասուլիսից առաջ մեր թիմի գլխավոր մարզչին ասացի, թե նրա ասածների մեջ ավելի շատ ցանկություն եմ տեսնում, քան իրական հնարավորությունների գնահատում։ Բայց երբ նա պատասխանեց, թե դրա համար հիմքեր ունի, ինքս էլ հակվեցի հավատալու, մանավանդ, որ նույն հարցազրույցում հայտարարվել էր, որ հարձակման գծի բացերը լրացվելու են հինգ կիսապաշտպաններով, որոնցից երեքը հարձակվողական ոճի ֆուտբոլիստներ են, երկուսը՝ պաշտպանական։ Ավաղ, խաղը ցույց տվեց, ու դա տեսան մարզադաշտ եկած ֆուտբոլասերները, որ կիսապաշտպանություն կոչված գիծ ընդհանրապես չկար, մանավանդ այն մասը, որը կոչված էր թեւ ու թիկունք լինել հարձակվողներին։ Իսկ եթե փորձենք անդրադառնալ մեր տղաների վարպետության ընդհանուր մակարդակին, ստիպված ենք արձանագրել, որ նրանց գործողություններում մշակված ու յուրացված գործողություններ չտեսանք, իսկ մտահղացումներն էլ ավարտվում էին մրցակցի տուգանային հրապարակի մատույցներում։ Ինչեւէ, «Սպարտակի» ասածը՝ «Մենք պետք է ձգտենք Երեւանում լուծել խնդիրը», ամենայն հավանականությամբ, իրականացավ, ցավոք, հակառակ իմաստով։ Սակայն այդ օրը խաղից հետո հրավիրված մամուլի ասուլիսում մի հաճելի անակնկալ եղավ. ճանաչված բանաստեղծ Արմեն Շեկոյանի հետ ստադիոնում էր նաեւ նկարիչ-ճարտարապետ Սերվետ Պողոսյանը, ու երեքով երկրպագում էինք «Սպարտակին»։ Երբ մարզական լրագրողները ավարտեցին հարցերը թիմերի գլխավոր մարզիչներին, Սերվետ Պողոսյանը հյուրերին՝ իր անվանակից «Սերվետ» ակումբին, նվիրեց իր «Համախմբում» նկարը, որը, ըստ իս, դարձավ Հայաստանի ու Շվեյցարիայի ու նաեւ հայկական ֆուտբոլի օղակների ճիշտ եւ անհրաժեշտ խորհրդանիշը։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել