Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կեչառիսի հազարամյա խորհուրդը

Օգոստոս 16,2002 00:00

Կեչառիսի հազարամյա խորհուրդը 2003 թվականին նշվելու է Կեչառիսի վանքի 1000-ամյակը: Տպագրելով այս հոդվածը, «Առավոտը» հույս ունի, որ այն քննարկում (կամ գուցե բանավեճ) կխթանի այն հարցի շուրջ, թե ինչպես պետք է նշվի այդ տարելիցը: Այսօրվա Հայաստանի Հանրապետության ուղիղ աշխարհագրական կենտրոնում, Բարձրյալի ամենահաս օրհնությամբ ժամանակների դաժան փորձությունները հաղթահարած եւ գոյատեւման կենսափիլիսոփայությամբ լեցուն 21-րդ դարն է թեւակոխել Կեչառիսի հռչակավոր վանքային համալիրը: Այն հայոց միջնադարյան պատմության հանրագիտարանն է, այդ պատմության քարե արգասիքը: Վանքի յուրաքանչյուր կառույց, անգամ ամենափոքր խաչքարն իր վրա կրում է ստեղծման ժամանակաշրջանի ոգու դրոշմը: Չլինեին անգամ Կեչառիսի մասին մեր պատմիչների տեղեկությունները եւ եկեղեցիների վրայի արձանագրությունները, կարելի էր բացարձակ ճշգրտությամբ որոշել յուրաքանչյուր կառույցի ժամանակը եւ նրա դերը վանքի կառուցապատման՝ դարերով հյուսված շղթայի օղակում: Համալիրի գլխավոր՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին իր հսկայածավալ գմբեթով հանդարտորեն բարձրանում է ոչ միայն Կեչառիսի, այլեւ ամբողջ ծաղկաձորյան համայնապատկերի վրա: Պարզ համաչափություններով, վեհությամբ ու ամբողջ բնապատկերն ամփոփելու եւ իշխելու մղումով՝ այն գալիս է հաստատելու թագավորական շրջանի աշխարհընկալումը, ինչը հատկապես Գագիկ Առաջինի տարիներին լիիրավ անկախությունն էր թե քաղաքական առումով եւ թե հատկապես հոգեւոր դավանաբանական հարցերում: Մեծն Գրիգոր Ապիրատ Պահլավունու կառուցած եկեղեցին մի փառահեղ հուշարձան է այդ անկախությանը՝ հար եւ նման Հաղպատի, Սանահինի, Տաթեւի, Բջնու, Հավուց-Թառի եւ Մարմաշենի գլխավոր եկեղեցիներին իր դիրքով եւ միջնադարի թագավորական փառքը դարերի միջով մեզ հասցնելու խորհրդով: Ավաղ, իր դարաշրջանի նման հակասական եւ ողբերգական էր նաեւ եկեղեցին կառուցողի ճակատագիրը: Ներքաշվելով Գագիկի որդիների գահակալական ինտրիգների մեջ՝ Ապիրատը հեռացավ Անիից եւ ապաստան գտավ Դվինում, ուր եւ շուտով թունավորվեց մահմեդական կառավարողների կողմից՝ Ծաղկունյաց լեռների գրկում թողնելով անմար հիշատակ իր անձին եւ դարաշրջանին: Ժամանակագրորեն հաջորդը Գրիգոր Մագիստրոս Պահլավունու կառուցած Սուրբ Նշան եկեղեցին է: Այն իր փոքրիկ չափերով կարծես թաքնված է հզոր հարեւանների միջեւ: Աշխարհակալ Բյուզանդիան, 1045թ-ին խարդախությամբ նվաճելով Անիի թագավորությունը, ամենամեծ հարվածը հասցրեց հատկապես հայ եկեղեցուն՝ փորձելով ժողովրդին զրկել ինքնության իր վերջին պատվարից: Թալանվեց հայոց վանքերի ունեցվածքը, աքսորվեցին նշանավոր կրոնական գործիչները եւ հարկի տակ դրվեց ողջ եկեղեցին ընդհանրապես: Միայն մի պահ իր կյանքի մայրամուտին Կոնստանդին Մոնոմախ կայսրը հասկացավ այս քաղաքականության կործանարար ազդեցությունը իր երկրի համար եւ դադարեցրեց հալածանքներն ու հայոց եկեղեցին ազատագրեց հարկերից: Այս շրջանին է վերաբերում Գրիգոր Պահլավունու գործունեությունը Կեչառիսում 1050-1055թթ., որպես բյուզանդական պաշտոնյա եւ հայրենասեր իշխան: Սուրբ Նշանը այդ փոքրիկ ժամանակահատվածի արգասիքն է, քանզի 1055թ. վախճանվեց Մոնոմախը եւ հալածանքները բորբոքվեցին նոր ուժերով: Եկեղեցին կատարյալ է իր դիրքով: Նրա դողդոջուն, նվազ եւ վախվորած պատկերը ասես խտացնում է իր մեջ բյուզանդական նենգադավ քաղաքականության արձագանքը եւ այդ արձագանքի քարե խորհուրդը, որը իր ձգվածությամբ դեպի երկինք հայ ժողովրդի ոգու ճիչն է ու բողոքն առ Աստված: Հասկանալու համար հայ ժողովրդի հոգեկան իրավիճակը եւ Սուրբ Նշանի մեջ դրված խորհրդի դրդապատճառները՝ բավական է վերհիշել մի դրվագ այդ ժամանակաշրջանից: 1072թ., երբ Մանազկերտի ճակատամարտում որոշվելու էր Բյուզանդիայի լինել-չլինելու հարցը, Ռոմանոս Դիոգենես կայսրը ցինիկորեն հայտարարեց. «Այլադավաններին պարտության մատնելուց հետո ես աշխարհի երեսից արմատախիլ կանեմ հայադավանությունը»: Ճակատամարտին նախորդած ողջ գիշերը բոլոր հայկական եկեղեցիներում զանգերի ղողանջները եւ հոգեւորականների աղոթքներն ուղղված առ Աստված աղերսում էին կայսեր պարտությունը: Ճակատամարտում նա գերի ընկավ, եւ թուրքերի հաղթանակը կատարյալ էր: Սուրբ Գրիգոր եւ Սուրբ Նշան տաճարների միջեւ երբեմնի կանգուն մատուռներում հանգչում են այդ ողբերգական դարաշրջանի վերջին քաջարի գործիչները՝ Պահլավունյաց իշխանները, որոնք իրենց հետ գերեզման տարան հայոց թագավորության փառքն ու հզորությունը: 1072թ. մինչեւ դարավերջ Հայաստանը եւ հատկապես հայոց եկեղեցին գտնվում էին համեմատական խաղաղության եւ հանդուրժողական մթնոլորտում, սակայն ամբողջ 12-րդ դարն անցավ մահմեդական միջցեղային կռիվների, երկրի ամայացման եւ ժողովրդի շարունակական գաղթի պայմաններում: Այս դարի վերջում հզորացող Վրաստանը ծավալվեց դեպի հարավ, եւ հայերի ակտիվ մասնակցությամբ սկսվեց Հայաստանի ազատագրումը թուրք-սելջուկյան էմիրություններից: Զաքարյանները, որոնք հայ-վրացական միացյալ բանակների հրամանատարներն էին, ազատագրված տարածքներում կալվածքներ շնորհեցին առավել գործուն մասնակցություն ցուցաբերած հայ իշխանական տներին, որոնցից նշանավոր էին Օրբելյանները, Խաղբակյանները, Վաչուտյանները, Դոփյանները եւ ալյք: Հիմնականում Արցախից եւ Սյունիքից եկող այս թարմ հոսանքի շնորհիվ վերականգնվեց հայոց եկեղեցու խաթարված կարգը: Ընդարձակման առաջին շրջանում վրաց Բագրատունիները չէին արծարծում եկեղեցական դավանաբանական հարցեր, սակայն շուտով, երբ վերջնականապես նվաճվեց ամբողջ Հյուսիսային Հայաստանը՝ Բասենից մինչեւ Շամխոր, սկսվեցին անիմաստ եկեղեցական ժողովներն ու բանավեճերը, ինչի արդյունքում Քաղքեդոնական եպիսկոպոսություններ հաստատվեցին նշված տարածքի մեծ մասի վրա՝ նորից խաթարելով հայոց միաբնակ եկեղեցու բնականոն գործունեությունը: Շարունակելի ՄԱՆՈՒԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ Ծաղկաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել