ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՎԱԿՈՒՈՒՄ Ճանաչված դերասան Կարեն Ջանիբեկյանը համոզված է, որ ինտելիգենցիան, մասնավորապես մշակույթի գործիչները, այսօր իրենց հոգիները վաճառել են սատանային։ Ըստ նրա, ամեն մեկն իր համար մի-մի «կերաման» է գտել ու ապրում է։ «Հիմա նրանք էլ չեն խոսում ժողովրդի մասին։ Էլ ամպագոռգոռ բառեր չեն ասում։ Մի՞թե կարելի է տարիներ շարունակ գոռալ ու ոչինչ չանել։ Եվ ի՞նչ է մնում՝ լուռ նստել ու սպասել, թե ե՞րբ կծնվի մի Դավիթ, որ գա, ամեն ինչ փշրի-փոխի»։ Ամենացավալին, ըստ նրա, այն է, որ ինտելիգենցիան ամեն գնով հարմարվում է, աչք փակում շատ ու շատ բաների վրա, միայն թե իրեն չկպչեն, որպեսզի կարողանա կողքից վայելել։ Ջանիբեկյանի համոզմամբ, առանց մշակույթի ու գիտության գործիչների միավորման՝ ոչինչ չի փոխվելու։ Նրանք անպայման պետք է ասեն իրենց ծանր խոսքը. «Իսկ ընտրություններ լինելու են ու էլի կլինեն։ Եթե չընտրվի նույն մարդը, ապա նրա տեսակն է փոխարինելու նրան եւ ոչ մի փոփոխություն էլ չի լինելու»։ Իսկ ժողովուրդն իրեն ձիգ է պահում՝ հետեւելով ինտելիգենցիայի կեցվածքին. ուրեմն վերջինս պարտավոր է լինել ժողովրդի հոգեւոր հենարանը։ Ըստ Կ. Ջանիբեկյանի, այսօր Հայաստանում մշակութային վակուում է։ Վերջին տասը տարիների համար ինքն ընդամենը 2 ֆիլմ է առանձնացնում՝ Վ. Չալդրանյանի «Լռության սիմֆոնիան» եւ Ա. Մկրտչյանի «Ուրախ ավտոբուսը»։ Գտնում է, որ թատրոնի դեմ էլ են գործում. ամեն ինչ անում են, որ սպանեն իսկական թատրոնը. «Չէ՞ որ թատրոնն ավանգարդն է։ Այն արտացոլում է այսօրվա կյանքը, քննադատում կարգերն ու բարքերը։ Իսկ եթե ուզում են վերացնել թատրոնը, վերցնում ու այնպիսի մեկին են գեղարվեստական ղեկավար նշանակում, որ…»։ Եվ չնայած ստեղծված վիճակին, Կ. Ջանիբեկյանի համոզմամբ, թատրոնը կապրի, մանավանդ որ, թատրոնի առաջին դերասանները եղել են քահանաները։ Իսկ ինչին Աստծո մատը խառն է՝ չի մեռնի, ինչպես չի կարող մեռնել կրոնը։ Ի դեպ, մշակույթի վակուումի պայմաններում իրականացվող մրցանակաբաշխությունները դերասանը որակում է իբրեւ «սոցմինիստրության կողմից օգնություն մոտիկներին, ծանոթներին»։ Իրեն ոչինչ պետք չէ՝ ո՛չ շքանշան, ո՛չ մեդալ՝ նախագահի կողմից շնորհված, ո՛չ էլ կոչում. «Երբ նախագահը կոչումներ է շնորհում, մտավորականության ներկայացուցիչներն իրենց շոյված են զգում, համարում են, որ նախագահի մարդն են։ Ես չեմ ուզում ո՛չ նման ձեւով շոյված լինել, ո՛չ էլ ինչ-որ մեկի մարդը լինել։ Ունեմ իմ տեղը, որը երբեք չեմ ծախի։ Իսկ կռիվս շարունակելու եմ մինչեւ վերջ»։ Ճիշտ է, հիմա փոխվել են ժամանակները, էլ չկա հեռուստաթատրոն, ռադիոթատրոն, նվիրյալ դերասանների վիճակն այնքան էլ լավ չէ, բայց Կ. Ջանիբեկյանը մտադիր չէ հեռանալ Հայաստանից։ Գիտի, որ մի օր կծնվի Դավիթը ու գեղեցիկ այս հեքիաթը, թե ռոմանտիզմը՝ իրականություն կդառնա։ Կարեւորն այն է, որ հաղթելու տրամադրվածություն ունի։ Իսկ մինչ կիրականանան 2003-ին նախատեսված համատեղ ծրագրերը (Վիգեն Չալդրանյանի, Դավիթ Սաֆարյանի ֆիլմերի հետ կապված), ինքը երկու հոգու «թատրոն» է ստեղծել իր սիրելի ու հավատարիմ շան՝ Չուկոյի հետ միասին, որի հետ անցորդները զրուցում են, նայում, հրճվում, համեմատում որոշ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ «Դերասանը կարիք ունի միշտ երեւալու։ Դա էլ թատրոն է։ Իսկ այդպես ես հանգստանում եմ»,- ասում է Կ. Ջանիբեկյանը։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ Հ. Գ. Հուլիսի 1-ին լրացավ սիրված դերասան Կարեն Ջանիբեկյանի 65 տարին։ Դերասանի հավաստմամբ, այն նշվել է մտերիմների ու հարազատների նեղ շրջանակում։ Իսկ մշակույթի նախարարությունը, Սունդուկյան եւ Համազգային թատրոններն անգամ չեն էլ հիշել այդ մասին։ Միակ շնորհավորական հեռագիրը նա ստացել է Րաֆֆի Հովհաննիսյանից։