Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԺԿ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է

Օգոստոս 16,2002 00:00

ՀԺԿ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է Նախագահական, խորհրդարանական, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախօրեին ՀՀ իշխանությունների բացահայտ ճնշմամբ՝ Ընտրական օրենսգրքում օրինախախտումներով փոփոխություններ կատարվեցին, ինչի հետեւանքով ոչ միայն խախտվեց ԱԺ համամասնական եւ մեծամասնական տեղերի քանակի շուրջ քաղաքական ուժերի միջեւ կայացած համաձայնությունը, այլեւ ընտրական հանձնաժողովների ձեւավորման իրավունքը տրվեց ԱԺ-ում ներկայացված խմբակցություններին։ Այդ առիթով ստիպված ենք եւս մեկ անգամ հիշեցնել, որ «Միասնություն» խմբակցությունն արդյունք է երկու կուսակցությունների՝ ՀԺԿ-ի եւ ՀՀԿ-ի դաշինքի։ Հետեւաբար «Միասնություն» խմբակցությանն օրենքով հասանելիք տեղերը բոլոր մակարդակի ընտրական հանձնաժողովներում հավասարապես պետք է բաշխվեին երկու կուսակցությունների՝ ՀԺԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ։ Բայց Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի որդեգրած սկզբունքներին դավաճանած եւ վաղուց Ռ. Քոչարյանի կամակատար դարձած ՀՀԿ-ն, քողարկվելով նոր Ընտրական օրենսգրքով, ՀԺԿ-ին զրկեց ընտրական հանձնաժողովների ձեւավորմանը մասնակցելու իրավունքից այն պարագայում, երբ եթե անգամ «Միասնությանը» տրված քվեները կիսենք, ՀԺԿ-ն իր ստացած ձայների քանակով չի զիջում ԱԺ-ում ընդգրկված որեւէ քաղաքական ուժի։ ՀՀԿ-ի նման գործելակերպը մեզ հիմք է տալիս արձանագրելու, որ իշխանություններն այս ամենը անում են մեկ անգամ արդեն կեղծիքներով նախագահ դարձած անձին դարձյալ կեղծիքներով նախագահ դարձնելու, ԱԺ-ն ու տեղական ինքնակառավարման մարմինները նրա կամակատարներով կազմավորելու նպատակով, որի իրականացումը կործանարար կլինի մեր պետականության համար։ Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին միավորելու ջանքերն ընդդեմ ընտրակեղծիքների, ընտրությունների իրական արդյունքների նենգափոխման, հանուն ազատ, արդար ընտրություններով ժողովրդավարական իշխանության հաստատման։ Հայաստանի Ժողովրդական կուսակցության քաղխորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել