«Բազարները» կսկսվեն աշնանը Նախագահական ընտրությունների օրն արդեն հայտարարված է՝ 2003-ի փետրվարի 19-ը, սակայն նախագահ Քոչարյանը՝ անկախ ընտրությունների արդյունքից, իր լիազորությունները պետք է շարունակի մինչեւ ապրիլի 9-ը՝ իր լիազորությունների անցման հնգամյակի օրը։ Այնպես որ, չպատճառաբանված է որոշ գործիչների լավատեսությունը (կամ՝ ուրիշների հուսահատությունը), թե նախագահի լիմիտը սպառված է եւ ամենամեծ ցանկության դեպքում անգամ Ռոբերտ Քոչարյանը չի կարող լուծարել խորհրդարանը։ Կարող է, սակայն այլ հարց է, թե որքանով է այդ լուծարումը ձեռնտու Քոչարյանին։ Նախագահի պաշտոնում Ռոբերտ Քոչարյանն ավելի դյուրին կկարողանա «ղեկավարել» խորհրդարանական ընտրությունները՝ ստանալով իրեն ենթակա օրենսդիր մարմին, որը նախագահական ընտրություններում արդեն կներկայացվի որպես «նախագահի կուսակցություն», եւ համապատասխան քվեները «մեխանիկորեն» կտեղափոխվեն Ռոբերտ Քոչարյանի օգտին։ Առայժմ տեղի է ունենում ընտրական տեղամասերի ակտիվ վերաձեւում, որին առավել «ջանասիրաբար» մասնակցում են ՀՀԿ-ն, «ՕԵ»-ն, ՀՅԴ-ն եւ «Ժողպատգամավորը»։ Այսօր կատարվող ընտրական տեղամասերի բաժանում-միացումները, արտաքուստ թվում է, կապված են Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունների հետ, սակայն իրականում խնդիր ունեն նախագահական ընտրությունների հետ կապված տարածքային հարցերը լուծել։ Վիկտոր Դալլաքյանի կարծիքով, ճիշտն այն է, որ ընտրատարածքների բաժանումը տեղի ունենա ոչ թե ԿԸՀ հայեցողությամբ, այլ՝ ԱԺ կողմից սահմանվի օրենքով։ Ըստ նախնական կանխատեսումների, աշնանը տեղի ունենալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ առավել կլինեն «խաղաբաժինները»։ Աժ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանի ներկայացմամբ՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների գինը շատ մեծ է. «որովհետեւ այդ ընտրությունները փորձաշրջան են նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից առաջ։ Ընդ որում, հնարավոր են շատ անկանխատեսելի դաշինքներ, հնարավոր են հակասություններ հենց իշխանական ճամբարում»։ Այս բախումներն այնքան սուր են լինելու, որ հիմք են հանդիսանալու որոշակի դաշինքների ձեւավորման նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, որը «մենք չենք էլ մտածել»։ Կանխատեսումները հուշում են, որ լարվածությունը կուժեղանա ինչպես «Հոկտեմբերի 27»-ի շուրջ, այնպես էլ Ղարաբաղի խնդրի եւ սոցիալական լարվածության հողի վրա. «այս չորս խնդիրներն անպայման նպաստելու են լարված աշնանը»։ Մ. ԵՍԱՅԱՆ