Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ծեծվիր առանց վրեժխնդրության

Օգոստոս 16,2002 00:00

Ծեծվիր առանց վրեժխնդրության Թե ինչպես եւ ինչու է Աշոտ Գիզիրյանին ՆԳՆ 6-րդ վարչության պետ նշանակելը «քաղաքական լուծում», միայն Գալուստ Սահակյանին է հայտնի։ Սահմանադրության խախտման օրինակները մեզանում այնքան են շատացել (երկրի նախագահից սկսած), որ այլեւս գնահատականներ չեն տրվում եւ մի տեսակ տարօրինակ է թվում, որ կարելի է նաեւ Սահմանադրությունը չխախտել։ Գիզիրյան- պատգամավոր Հակոբյան միջադեպը թեպետ ոչ ոք չի առարկում, որ օրենքի ոտնահարման եւ պաշտոնական դիրքի չարաշահման բնորոշ օրինակ է, բայց ոչ համարժեք «պատիժը» ամենեւին անսպասելի չէր։ Այսպես կոչված՝ իշխող կուսակցության ներկայացուցիչներն էլ սկզբում ձեւ արեցին, թե վրդովված են, «արդար դատ» են պահանջում եւ, երբ Երեւանի ՆԳՆ վարչության պետին դարձրին 6-րդ վարչության պետ, ՀՀԿ-ն իրեն «բավարարված» համարեց։ Խորհրդարանական մեծամասնություն խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն, օրինակ, հասցրեց գտնել մի նոր պատասխան, ըստ որի՝ քաղաքական լուծումները վրեժխնդրության հիմք չունեն. «Խախտվել է օրենքը, մենք խնդիր ենք բարձրացրել, եւ համակարգը լուծել է այդպես, ե՛ւ նախկին օրենքներով, ե՛ւ վերջերս ընդունված «Ոստիկանության մասին» օրենքով Երեւանի ՆԳ վարչության պետը համարվում է համակարգում երկրորդ մարդը։ Պրն Գիզիրյանը ղեկավարել է համակարգը Երեւան քաղաքում եւ սպասարկել է, որը վերաբերել է ընդհանրապես հասարակության համակեցության ապահովմանը, բազմաոլորտ պրոֆիլ, եւ հիմա տեղափոխվել է որոշակի ոլորտային պրոֆիլ, որը, կարծում եմ, պիտի զբաղվի տնտեսական հանցագործությունների խնդրով։ Նախ պաշտոնի բնույթն է տարբեր եւ լուծումների տեսակետից պաշտոնի իջեցում է»։ Այսինքն՝ Գալուստ Սահակյանին բավարարո՞ւմ է հարցի նման լուծումը. «հենց որ խոսքը վերաբերում է բավարարելուն, նշանակում է՝ ենթադրյալ կարծիք կա, որ որոշակի վրեժխնդրություն ունեինք եւ էդ վրեժը լուծել ենք։ Խնդիրը դրա մասին չի, դա մեր իրականության մեջ առաջին իրողությունն է, որ հնարավոր դարձավ քաղաքական ուժի կողմից հասկանալի դարձնել, որ մեծ պաշտոնյաները, մեծ չինովնիկները օրենքի առաջ ինչ-որ չափով պիտի պատասխան տան»։ «Ինչ-որ չափով»-ը լավ ստացվեց, չէ՞, իսկ ոմանք շարունակում են միամտաբար կարծել, թե օրենքի առաջ բոլորը նույն եւ հավասար չափով պիտի պատասխան տան, եւ ոչ ոք որեւէ չինովնիկի համար «ինչ-որ չափ» չի սահմանել։ Սակայն այս պահին Հանրապետականին հարմար է նման մեկնաբանություններ անելը եւ «թուլանալով հաճույք ստանալը», իբր ինքը պահանջեց, եւ հարցը լուծվեց, սակայն «Միասնություն» խմբակցությունից դուրս գալու դիմում գրած պատգամավորները շարունակում են մնալ իրենց որոշմանը, եւ իզուր է խմբակցության ղեկավարը փորձում տպավորություն ստեղծել, թե խմբակցության ներսում ամեն ինչ «օ քեյ» է։ Խմբակցությունը դեռեւս հարցը չի քննարկել՝ արձակուրդի պատճառով, սակայն, ըստ Գալուստ Սահակյանի՝ «առանձին զրույցների ընթացքում մեր մոտ էլ այդ խնդիրը կա, որ առանձին պատգամավորներ մտածում են ոչ թե հասարակական երեւույթների տրամաբանության կամ քաղաքական խնդիրների լուծման տարբերակով, այլ անընդհատ միտքը նա է, որ եթե խնդիր է առաջանում, ու եթե քաղաքական ուժ ենք, պիտի ջարդենք-փշրենք։ Կոնկրետ հանրապետականները որեւէ հարցի լուծում հեղափոխական ճանապարհով չեն տեսնում, այլ՝ քաղաքական»։ Որեւէ մեկը չի կարող բացառել նոր «ծեծի» հնարավորությունը, եւ եթե ծեծվողը կրկին որեւէ հանրապետական լինի, ի՞նչ «քաղաքական լուծում է» առաջարկելու այս անգամ «ոչ հեղափոխական» կուսակցությունը։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել