Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԸ ԼԱՅՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆ Է»

Օգոստոս 16,2002 00:00

«ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԸ ԼԱՅՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆ Է» «Միջազգային համաներում» («Amnesty International») կազմակերպության պաշտոնյան պարզաբանումներ է ներկայացրել ահաբեկիչ Նաիրի Հունանյանին քաղբանտարկյալ ճանաչելու առնչությամբ։ Ամիսներ առաջ հայտնել էինք մեր ընթերցողներին, որ «Միջազգային համաներում» հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի գծով տնօրենի պաշտոնակատար Նիկոլա Դաքուորթը հայտարարել էր. «Մենք կարծում ենք, որ «Հոկտեմբերի 27»-ի գործը տեղավորվում է քաղաքական բանտարկյալների մեր սահմանման շրջանակներում, քանի որ որոշակի քաղաքական ձգտումներ կային նրանց կատարած հանցագործության պատճառների ետեւում»։ Բացի այդ, Նաիրի Հունանյանի եւ իր խմբի (իրավաբանորեն չհաստատված) բողոքներն իրենց բռնարարքների ենթարկելու վերաբերյալ տեղադրված են Հայաստանի վերաբերյալ «Amnesty»-ի ամենամյա զեկույցի «Քաղաքական բանտարկյալների» բաժնում։ Այս առնչությամբ մեր ընթերցողներին առաջարկել էինք նամակներով իրենց բողոքը հայտնել «Amnesty»-ին։ Մեր այդ կոչին արձագանքողներ եղել են, իսկ լրագրող Վահագն Ղուկասյանը, որը նույնպես հայտնել է իր բողոքը, «Amnesty»-ի ներկայացուցիչներից ստացել է հանգամանալից պարզաբանումներ։ Հիշեցնենք, որ Վահագն Ղուկասյանի անունը եւս տեղ է գտնում «Amnesty»-ի ամենամյա զեկույցներում՝ նրա նկատմամբ ՆԳՆ Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հրաչյա Հարությունյանի գործած բռնության առնչությամբ։ Թեեւ լրագրողը համոզված է, որ իր նկատմամբ հետապնդումները դադարել են, քանի որ այդ գործը մնում է «Amnesty»-ի ուշադրության կենտրոնում, բայց Նաիրի Հունանյանին քաղբանտարկյալ ճանաչելու առնչությամբ Վահագն Ղուկասյանը բավական կոշտ շեշտադրումներով մի նամակ է հղել այս կազմակերպությանը, մասնավորապես նշելով, թե Նիկոլա Դաքուորթի վերոհիշյալ արտահայտությունը բացասական արձագանք է ստացել հայ հասարակությունում. «Եվ դա միանգամայն արդարացի է։ Տպավորություն է ստեղծվում, որ «Էմնիսթի ինթերնեյշնըլ»-ը ոչ թե իրավապաշտպան, այլ ահաբեկիչներին աջակցող կազմակերպություն է»։ Լրագրողը նաեւ գրել է. «Հուսով եմ, որ տեղի ունեցածը թյուրիմացություն է, եւ պրն Դաքուորթը, հավանաբար, ներողություն կխնդրի հայ հասարակությունից, ինչպես նաեւ՝ այդ կապակցությամբ պարզաբանումներ կտա։ (…) Հակառակ դեպքում, ցավով պիտի խնդրեմ, որ իմ անունը հանեք «Էմնիսթի ինթերնեյշնըլի» զեկույցներից, քանի որ ամենեւին էլ պատիվ չէ քաղաքական հետապնդվող ճանաչվել մի կազմակերպության կողմից, որի թիվ երկրորդ պաշտոնյան սոցիալիստական կողմնորոշում ունեցող, բռնապետական վարչակարգի կողմնակից, ահաբեկիչ-մարդասպան Նաիրի Հունանյանին կարող է համարել մարդասպան։ Հավատացնում եմ, որ դա խիստ կարժեզրկի «քաղբանտարկյալ» հասկացությունը եւ սովետական ամբողջատիրական 70-ամյա վարչակարգի ընթացքում դաստիարակված ժողովրդի մոտ եվրոպական քաղաքակրթության հանդեպ կձեւավորի քամահրանք եւ ատելություն, ինչն անթույլատրելի է»։ «Amnesty»-ի Կովկասյան տարածաշրջանով զբաղվող մի պատասխանատու ներկայացուցիչ, որը խնդրել է իր նամակից մեջբերելու պարագայում չհրապարակել իր անունը, Վահագն Ղուկասյանի բողոքին ի պատասխան ներկայացրել է հանգամանալից պարզաբանումներ իրենց դիրքորոշման վերաբերյալ։ Նա նախ նշել է, թե առաջին անգամը չէ, որ «Amnesty»-ն համանման արձագանքներ է ստանում, եւ իրենք վաղուց են անհրաժեշտ համարում պարզ եւ հստակ մատուցել հայ հասարակայնությանն իրենց ընկալումները «քաղբանտարկյալ» հասկացության վերաբերյալ՝ թյուրընկալումներից խուսափելու համար։ Ահա նամակի այս հատվածն «Amnesty»-ի պաշտոնատարն արտոնել է հրապարակել ամբողջությամբ։ Նա նշել է, որ «Միջազգային համաներումը» տարբերակում է կալանավորներին՝ «խղճի բանտարկյալներ», «քաղբանտարկյալներ» եւ պարզ, սովորական կալանավորներ. «Խղճի բանտարկյալները, մեր կարծիքով, մարդիկ են, որոնք բռնություն չեն կիրառել, եւ որոնց կալանավորել են իրենց քաղաքական, կրոնական կամ այլ համոզմունքների համար։ Քաղաքական բանտարկյալները բոլոր նրանք են, ովքեր գուցե գործադրել են բռնություն, բայց նրանց գործերում կա քաղաքական ինչ-որ տարր։ Ամենակարեւորն այս է. մեր ընկալումները, քաղբանտարկյալի մեր սահմանումը տարբերվում է նրանից, ինչ ենթադրվում էր այդ հասկացության ներքո նախկին Խորհրդային Միությունում։ Այս պարագայում կարեւոր է նաեւ այն, որ կալանավորների այս տարբեր կատեգորիաների նկատմամբ մեր պահանջներն էլ են տարբեր։ Խղճի կալանավորների գործերում մենք հանդես ենք գալիս նրանց ազատ արձակման օգտին։ Քաղբանտարկյալների գործերում մենք արդեն հանդես ենք գալիս միայն հօգուտ արդար դատի։ Նաեւ բոլո՛ր կալանավորների գործերում մենք հանդես ենք գալիս ընդդեմ խոշտանգումների եւ բռնարարքների։ Ուրեմն, Հունանյանի եւ մյուսների գործում մենք ամենեւին հանդես չենք գալիս նրանց ազատ արձակման օգտին եւ բոլորովին չենք ասում, թե նրանք անմեղ են կամ, որ այս գործում քաղաքական ինչ-որ տարրը որեւէ կերպ արդարացնում է նրանց արարքը։ Բոլորովին ո՛չ։ Բայց մենք ասում ենք, թե մենք ուզում ենք, որ անգամ նրանք արժանանան արդար դատի, որը կվարվի միջազգային չափանիշներին համապատասխան եւ, որ նրանց չխոշտանգեն եւ ծեծեն»։ «Amnesty»-ի ներկայացուցիչն իր նամակում ընդունել է, թե քաղբանտարկյալի իրենց սահմանումը շատ լայն հասկացություն է. անվանման այդ ընտրությունն անհաջող է եւ կարող է տեղիք տալ վտանգավոր թյուրիմացությունների։ Նամակագրությունը շարունակություն է ունեցել, եւ Վահագն Ղուկասյանը փորձել է հստակեցնել. «Միջազգային համաներումը» քաղբանտարկյալ է համարում Նաիրի Հունանյանին՝ նկատի ունենալով նրա քաղաքական նպատակնե՞րը։ Այսինքն, «Միջազգային համաներումը» համարո՞ւմ է, որ Հունանյանը եւ մյուսները ոչ թե քրեական հանցագործներ են, այլ կալանավորվել են քաղաքական հանցագործության պատճառով։ Եթե ճիշտ եմ հասկացել ձեր դիրքորոշումը, այդ դեպքում կարող եմ հստակ ասել, որ այդպես է համարում (թե «27»-ը քաղաքական նպատակներ հետապնդող պետական հեղաշրջման փորձ էր) Հայաստանի բնակչության մեծամասնությունը»։ Հետեւել է պատասխանը. «Ինձ թվում է, մենք այժմ հասկացանք մեկս մյուսին»։ Վահագն Ղուկասյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք նա բավարարվա՞ծ է իր ստացած պատասխաններով եւ արդյոք համաձա՞յն է, որ Հունանյանն ու իր խումբը քաղաքական հանցագործներ են։ «Բայց ո՞վ համաձայն չէ, որ Նաիրի Հունանյանն ու մյուսները քաղաքական նպատակներով չէին արել այդ ամենը,- հարցին հարցով պատասխանեց լրագրողը, որն, ի դեպ, մանրամասն ուսումնասիրել է «Հոկտեմբերի 27»-ի գործի բոլոր 42 հատորները եւ այդ նյութերի վերաբերյալ շուրջ 5 տասնյակ հոդվածներ հրապարակել։- Միայն իշխանություններն էին գտնում, թե նրանք ընդամենը 5 թմրամոլներ են։ Քաղաքական նպատակներով գործված հանցագործության համար կալանավորվածը, բնականաբար, քաղաքական եւ ոչ քրեական բանտարկյալ է։ Եվ հենց ընդդիմությունն էր կռիվ տալիս, որ սա քաղաքական հանցագործություն է։ Բայց ինձ բացատրեցին, թե դա չի նշանակում՝ եթե քաղաքական է, ուրեմն, բրավո՛… Բավարարված եմ այս պատասխանով։ Հարցաքննությունների ընթացքում բռնություններ կիրառելը ոչ միայն Նաիրի Հունանյանի, այլ ցանկացածի նկատմամբ իրոք դատապարտելի է։ Այլ հարց է, թե նրանց ծեծե՞լ են։ Ես համոզված եմ, որ ոչ»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել