Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔՈՉԱՐՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐՆ ԱՐԴՅՈՒՆՔ ՉԵՆ ՏԱԼՈՒ»

Օգոստոս 16,2002 00:00

«ՔՈՉԱՐՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐՆ ԱՐԴՅՈՒՆՔ ՉԵՆ ՏԱԼՈՒ» Հարցազրույց նախկին արտգործնախարար Վահան Փափազյանի հետ – Պարոն Փափազյան, վերջին հանդիպումից հետո, հերթական անգամ կրքերը բորբոքվեցին եւ տարաբնույթ հայտարարություններ հնչեցին։ Մասնավորապես, Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով նախկին խորհրդական Վաֆա Գուլուզադեն կարծիք հայտնեց՝ թե՛ այդ հանդիպումը, թե՛ դրանից առաջ կայացած եւ հետո կայանալիք բոլոր հանդիպումներն էլ անպտուղ են եւ, ըստ էության, միջազգային հանրության ու սեփական ժողովրդի «աչքին թոզ փչելու» մի տարբերակ են։ Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումը։ – Քոչարյանն ու Ալիեւը կարող են հանդիպել 10-20-30 եւ ավելի անգամներ, բայց դրանով խնդիրը չի լուծվելու։ Ես արդեն ձանձրացել եմ ասելուց, որ այդ հանդիպումներն արդյունք չեն տալու՝ նկատի ունենալով, որ առանց Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների մասնակցության՝ Ղարաբաղի հարցը լուծում չունի։ Եվ, բնականաբար, անգամ ղարաբաղցի լինելով՝ նույնիսկ ցանկության դեպքում, թեպետ այդտեղ ես կասկածներ ունեմ, Քոչարյանը միայնակ չի կարող Լեռնային Ղարաբաղի համար պատասխանատվություն հանձն առնել։ Ճիշտ այնպես, ինչպես Միլոշեւիչը չէր կարող պատասխանատվություն հանձն առնել բոսնիացի սերբերի համար եւ այլն։ Սա ակնհայտ ճշմարտություն է։ Ինձ եւ, կարծում եմ, այն մարդկանց համար էլ, ովքեր բոլոր ջանքերն ու կարողությունները նախորդ տարիներին ներդրել էին, որպեսզի ԼՂՀ-ն դառնա բանակցությունների լիարժեք կողմ, ցավալի է, որ եռակողմ հանդիպումների ֆորմատն իշխանափոխությունից հետո փոխարինվեց Ալիեւ-Քոչարյան հանդիպումներով։ Այնպես որ, այդ հանդիպումների հետ չարժե հույսեր կապել։ Կասկած չկա, որ դրանք արդյունք չեն տալու։ – Պարոն Գուլուզադեն նաեւ հայտարարեց, որ Մինսկի խումբն այն կառույցը չէ, որն ի վիճակի է ԼՂՀ հարցին վերջնական կարգավորում տալ, քանզի, ըստ նրա, այդ խումբը համապատասխան լծակներ չունի։ Որքանո՞վ է այդ կարծիքն իրատեսական։ – Կարող եմ միայն մի ենթադրություն անել. ըստ երեւույթին, մարդու նյարդերը չեն դիմանում, որ նման մեկնաբանություններ է անում կամ էլ գուցե տարիքն է շատ առաջ անցել, եւ արդեն չի կարողանում իրավիճակը գնահատել այնպես, ինչպես հարկն է։ Ի՞նչ է նշանակում՝ Մինսկի խումբը լծակներ չունի։ Այն 1992-ին ստեղծվել է ԵԱՀԿ որոշմամբ, ունեցել է տարբեր զարգացումներ, այժմ ունենք համանախագահողների ֆորմատը՝ մնացած երկրներով։ Եթե Մինսկի խումբը կամ համանախագահների ֆորմատը լծակներ չունի, ապա էլ ուրիշ ո՞վ այս աշխարհում լծակներ ունի։ Խոսքը վերաբերում է ԱՄՆ-ին, ՌԴ-ին եւ Եվրամիությանը՝ հանձին Ֆրանսիայի։ Այստեղ այլ խնդիր է. արդյո՞ք օգտագործում են նրանք իրենց լծակները, թե՞ ոչ։ Մեր դեպքում, ճիշտ է, կտրուկ դիվանագիտական, քաղաքական լծակներ առայժմ չեն կիրառվել։ – Ինչո՞ւ։ – Կարծում եմ, մի շատ պարզ պատճառով՝ Ղարաբաղի խնդիրը, որպես այդպիսին, այսօր մեծ հետաքրքրություն չի ներկայացնում։ Սակայն վաղ թե ուշ այդ լծակները կկիրառվեն։ Ցանկացած կոնֆլիկտ վաղ թե ուշ իր լուծումը ստանում է։ Ղարաբաղի հարցն էլ է ստանալու իր լուծումը։ Ցավալին այն է, որ ըստ էության Հայաստանի Հանրապետությունն արդեն ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն իբրեւ հիմք՝ լուծելու համար ԼՂՀ հիմնահարցը՝ 1999թ. Ստամբուլի խարտիան ստորագրելով։ Քոչարյանին եւ Ալիեւին՝ նախընտրական խնդիրներից ելնելով, ձեռնտու է, եւ նրանք կխուսանավեն վերջնական փաստաթուղթ ստորագրելուց։ Բայց Հայաստանի հաջորդ իշխանությունները կանգնած են լինելու կատարված փաստի առաջ։ – Նկատի ունենալով Վրաստանի շուրջ առաջացած հետաքրքրությունը, կարելի է ենթադրել, որ Ղարաբաղի հարցը եւս միջազգային հանրության համար մոտ ժամանակներս ակտուալ կդառնա։ – Մի բան կարծես թե նկատելի է, բայց դա ոչ թե կապված է Վրաստանի հետ, այլ՝ ԼՂՀ վերջին նախագահական ընտրությունների։ Բոլոր շահագրգիռ կողմերը շատ կոշտ հայտարարություններ արեցին։ Դա նախադեպը չունեցող երեւույթ էր, եւ դրա պատճառներից մեկն էլ հավանաբար այն է, որ բոլոր միջնորդ պետությունները «մինչեւ կոկորդները» կուշտ են այսօրվա Հայաստանի ղեկավարների տղայական եւ անպատասխանատու կեցվածքից։ Հարցազրույցը վարեց ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել