Հունանյանն իր պաշտպանի հորեղբոր տղան չէ «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննությունը շարունակվում է եւ մենք արձակուրդների շրջանում չենք լուսաբանել, փաստորեն, 7 դատական նիստ։ Երեկ դատարան էր ներկայացել տուժող Լեռնիկ Ալեքսանյանը, որը «Միասնություն» խմբակցության եւ Հանրապետական կուսակցության անդամ է։ 1999թ. հոկտեմբերի 27-ին նա գտնվել է ԱԺ նիստերի դահլիճում։ Կատարված ոճրագործությունը նրա ընկալմամբ կազմակերպված հանցագործություն էր եւ հանցախումբն էլ կատարել է քիլլերի պարտականություն։ Տուժողը ահաբեկիչների մուտքը չէր հիշում, հիշում էր առաջին կրակոցները, որոնք արձակվել էին սպիտակ անձրեւանոցով դահլիճ ներխուժած ամբաստանյալ Կարեն Հունանյանի կողմից, որը կրակել էր առաջին շարքերի վրա։ Տուժողը հաստատեց, որ զրկված է եղել կապից, նրա հիշողությամբ 1-2 հոգի էին հավաքում հեռախոսները։ Նա տեղեկացրեց, որ ոճիրից հետո ահաբեկիչները նախատեսում էին նույնիսկ ԱԺ նիստ հրավիրել։ Տուժողը լսել էր, որ ահաբեկիչ Ն. Հունանյանը հեռախոսազանգերից մեկին պատասխանելով, ասել էր. «Արել ենք, եկեք»։ Տուժողին հարցեր տալու ժամանակ, երբ Կ. Դեմիրճյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանն առարկեց պաշտպան Բենիամին Մինասյանի մի հարցադրման («Եղե՞լ է թալան») ժամանակագրությունը ճշտելու հետ կապված, եւ «վկայակոչելով» նրա պաշտպանյալին, պաշտպան Բենիամին Մինասյանն ընդվզեց, ասելով. «Այնպես եք շեշտում պաշտպանյալ բառը, կարծես իմ հորեղբոր տղան է»։ Ա. Սարգսյանին ընդամենը հետաքրքրում էր՝ ո՞ր ժամանակաշրջանի թալանի մասին է խոսքը, մ.թ.ա՞., 1924-ի՞, մայիսի 30-ից մինչեւ հոկտեմբերի 27-ը՞, թե՞։ «Չե՞ք գտնում, որ եղել է թալան», «Կհաստատե՞ք այդ տեղեկությունը», «Պնդո՞ւմ եք ձեր քիչ առաջ ասածը» նախահարձակ հարցերով տուժողին սկսեցին քննել ամբաստանյալ Հունանյանները։ Վերջիններս չհամաձայնեցին դիտավորյալ սպանություններում իրենց մեղադրելու մեջ, Ն. Հունանյանը իբրեւ փաստարկ ասաց. «Մեզնից եւ ոչ մեկը չի մոտեցել սպանվածներին, չի հետաքրքրվել, թե նրանք սպանվել են, թե ոչ։ Հայտնի է, որ որեւէ մեկը չի ստուգել եւ չի հայտնել մեզ, որ նրանք դիտավորյալ սպանված են»։ «Դուք վստահ էիք, որ նրանք սպանված էին»,- հետեւեց պատասխանը։ Որ Ն. Հունանյանը նոր «դուխ» էր ստացել, երեւաց տուժողին տված նրա մի հարցից եւ նաեւ արդարանալուց, թե առաջին անգամ է այս հարցը տուժողին տալիս։ Նա ասաց, որ հոկտեմբերի 27-ից հետո բազմաթիվ կալանավորների հետ է հանդիպել, որոնք «տեղեկություն» են տվել, որ ժողովուրդն իրեն մեղադրում եւ անիծում է, որ մտնելով դահլիճ, բոլորին չի խփել։ «Կհաստատե՞ք այդ տեղեկությունը»,- հարցրեց նա։ Տուժողը, իհարկե, չհաստատեց։ Ամբաստանյալը միայն կալանավորների վրա «գործ չէր տվել», դա էլ արեց՝ ճիշտ ու սխալ լինելը թողնելով մեզ։ Ռ. Մ.