Լրահոս
Օրվա լրահոսը

Շահագրգռություն՝ առանց շահի

Օգոստոս 15,2002 00:00

Շահագրգռություն՝ առանց շահի Գյումրին հանրապետությունում գործազուրկների ամենաբարձր ցուցանիշ ունեցող քաղաքն է։ Վերջին մի քանի տարում աշխատատեղերի ստեղծմանն ու ավելացմանը հակառակ, նրանց թիվը մնում է անփոփոխ։ Սա իր բացատրությունն ունի. երբեմնի արդյունաբերական խոշոր կենտրոնում նորմալ գործող ձեռնարկություններ գրեթե չեն մնացել։ Պաշտոնական տեղեկությունների համաձայն, քաղաքի նախկին 39 հզոր ձեռնարկություններից այսօր գործում է 20-ը, որոնք աշխատում են իրենց հզորության շուրջ 7-8%-ի չափով։ Քաղաքի արդյունաբերական ճյուղերից հատկապես վատթար վիճակում է մեքենասարքաշինականը։ Ձեռնարկությունների մեծ մասը լուծարման գործընթացում է։ Թե՛ ձեռնարկատերերի եւ թե՛ Շիրակի մարզպետարանի արդյունաբերական վարչության բաժնի պետի հավաստմամբ, փաստը բացատրվում է նախկին ԽՍՀՄ երկրների սպառողական շուկայի հետ կապերի ընդհատմամբ։ Սակայն արտադրանքի մեծ պահանջարկ ունեցող ճյուղերում էլ վիճակը բարվոք չէ։ Իսկ Շիրակի մարզպետարանի արդյունաբերության վարչության պետ Հովսեփ Սիմոնյանի համար այդպես էլ անհայտ է մնում. պետական կառույցնե՞րն են աշխատեցնելու մասնավորներին, թե՝ հակառակը։ Վերջինիս կարծիքով, արդյունաբերողի շահագրգռությունը՝ բիզնես ծրագրեր ներկայացնելու, ինչպես նաեւ զարգանալու ձգտումը քիչ են։ Գործարարներից շատերի կարծիքը ճիշտ հակառակն է։ ԽՍՀՄ-ի տարիներին պատրաստի հրամցման, երբեմն նաեւ տնտեսագիտության ոսկե կանոնի խախտմանը սովոր (անկախ պահանջարկից ու որակից՝ կար առաջարկ) գյումրեցի արդյունաբերողներին այդպես էլ անհաս է մնում համաշխարհային շուկան։ Գործարարների պնդմամբ, այս քաղաքում առավել, քան երկրագնդի որեւէ կետում, բիզնեսի զարգացմանը նպաստող տարրական պայմաններ չկան. թե՛ հարկային դաշտը, թե՛ տուրքերն ու չինովնիկական պատնեշները պատրաստի խոչընդոտներ են։ Տվյալ դեպքում Գյումրի քաղաքի վերականգնման մասին օրենքն էլ փրկություն չէ. վերջինիս ընդունումից անցել է 4 ամիս, սակայն քաղաքում որեւէ ներդրող չի հայտնվել։ Փլված, երբեմն կիսախարխուլ, բարոյապես մաշված, ավելին, երբեմն նաեւ թալանված գույքի, ինչպես նաեւ չափազանց սահմանափակ սպառողական շուկայի կամ էլ համաշխարհային շուկա հասնելու հետ կապված հսկայական ծախսերի պայմաններում (Գյումրիում գործող միջազգային օդանավակայան չկա, այն գերատեսչական մարմինները, որոնց հետ շփվելու է ներդրողը՝ դարձյալ մայրաքաղաքում են) հիշյալ օրենքով սահմանված գույքահարկից ու հողահարկից ազատումն էլ չի ոգեւորում գործարարին։ Թերեւս տեղին է ասում սփյուռքահայ գործարարներից մեկը, թե արտերկրում կա շահագրգռություն, իսկ Հայաստան ժամանելիս շահն անհետանում է, մնում է միայն գրգռվածությունը։ Մի խոսքով, քաղաքում բիզնեսը չի զարգանում, իսկ տեղաբնակների մեծ մասն էլ փորձում է բախտ որոնել արտերկրյա շուկաներում՝ առեւտուր անելով։ ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել