Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԱՏՐՈ՞Ն, ԹԵ՞ «ԲՈՒՏԿԱ»

Օգոստոս 15,2002 00:00

ԹԱՏՐՈ՞Ն, ԹԵ՞ «ԲՈՒՏԿԱ» Տիկնիկային թատրոնը ազատագրված է «Երբ սկսվեց իրականացվել մշակութային օբյեկտների վերանորոգման ծրագիրը՝ Լինսի հիմնադրամի միջոցների հաշվին, ես հասկացա, որ նախագծային ինստիտուտներն ու շինարարական կազմակերպությունները դեռեւս լիովին պատրաստ չեն այս ոլորտում աշխատելու համար»,- կարծում է տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը։ Նա նաեւ գտնում է, որ վերջիններս, սովոր լինելով մեծ ծավալների աշխատանքների, սկզբում շատ թեթեւ էին վերաբերվում մշակութային օջախներին. «Երեւի մտածում էին, թե թատրոնի շենքը ինչ-որ բուդկա է, չպատկերացնելով, որ դա սպեցիֆիկ հիմնարկ է»։ Իսկ այդ ամենի պատճառը, ըստ տիկնիկային թատրոնի տնօրենի, սովետական իներցիան է՝ բնորոշ հատկապես մեծ կազմակերպություններին։ Ռուբեն Բաբայանը կարծում է, որ այս ծրագրի շարունակվելու դեպքում լավ կլինի, որ հետագայում մրցույթ անցկացվի ոչ միայն շինարարական, այլեւ նախագծային կազմակերպությունների միջեւ։ Ի դեպ, նա չժխտեց, որ տիկնիկային թատրոնի լուսաձայնային համակարգերի նախագծման մրցույթ իրականում չի եղել, ինչպես «Առավոտին» տված հարցազրույցում նշել էր «Արձագանք» ստուդիայի տնօրեն Եղիշե Պետրոսյանը։ Ըստ Ռ. Բաբայանի, «մրցույթի պես ինչ-որ բան» է իրականացվել, որին մասնակցել են «Արձագանք» ստուդիան եւ «Մաստեր-շոու» ընկերությունը։ Նա ասաց, որ չնայած թատրոնի տնօրինությունը նախապատվությունը տվել է «Մաստեր-շոուի» փաթեթին, սակայն նաեւ ակնարկեց, որ ներկայացված երկու նախագծերն էլ ունեին թերություններ. «Արձագանք» ստուդիայի նախագիծը գերադասելի էր ձայնային, իսկ «Մաստեր-շոուինը»՝ լուսային տեսակետից եւ ամեն ինչ կատարյալ կլիներ, եթե նրանք համատեղ հանդես գային»։ Մի հանգամանք եւս. ըստ Ռ. Բաբայանի, մեր երկրում, թեեւ մշակութային ազգ ենք համարվում, նման բաները սիրողական մակարդակի վրա են։ Ընդհանուր առմամբ, նա գոհ է կատարված վերանորոգումից. «Առաջին անգամ Հայաստանի նորագույն պատմության մեջ փակվել է սրճարան եւ բացվել թատրոն. այնպես որ, մեր տարածքն ազատագրվել է»։ Իսկ «ազատագրված» տարածքում նախատեսված է կառուցել 50 տեղանոց գողտրիկ դահլիճ, որտեղ էքսպերիմենտի կարգով ուսանողները կբեմադրեն իրենց գործերը։ «Թող որ 99%-ով ոչինչ չստացվի։ Բայց եթե 1% հաջողվի, դա էլ հաղթանակ է եւ արված գործն իսկապես արդարացված կլինի»,- համոզված է Ռ. Բաբայանը։ Տիկնիկային թատրոնի տնօրենը հավաստիացնում է, որ եթե ծրագրով նախատեսված ամեն ինչ իրականանա, ապա տիկնիկային թատրոնը իր հնարավորություններով ու նորամուծություններով 4-րդ կամ 5-րդը կլինի աշխարհում։ 1988թ. այստեղ գործում է նաեւ տիկնիկային թանգարան, ուր կուտակված է շուրջ 3000 նմուշ, որից 300-ը՝ տիկնիկներ։ Թատրոնի ղեկավարությունը խնդրել է մշակույթի նախարարությանը, որպեսզի նրա միջնորդությամբ տարբեր պետությունների հայկական դեսպանատները այդ երկրների ժողովուրդների ազգային տիկնիկներից ուղարկեն Հայաստան։ Վեց ամիս անց գուցե թանգարանը լիովին պատրաստ լինի այցելուներ ընդունելու։ Իսկ հավաքված նյութերը անպայման կանձնագրվեն, նրանց մասին տվյալները կգրանցվեն համակարգչի մեջ, իսկ գարնանը երեխաների առաջ սիրով իր դռները կբացի տիկնիկային արվեստի թանգարանը։ Ի դեպ, տնօրենի հավաստմամբ, մինչեւ հիմա շարունակվում են հեռախոսազանգերը. մարդիկ հետաքրքրվում են ներկայացումներով՝ վստահ, որ քիչ է մնացել թատրոնի վերաբացմանը։ Ռ. Բաբայանը, ի տարբերություն մյուս մշակույթի օջախների ղեկավարների, պնդում է, որ իր բոլոր առաջարկությունները հավանության են արժանացել «Մշակույթ» ԾԻԳ-ի կողմից։ Այդ ամենը նա պատճառաբանում է հետեւյալով. ինքը կարողանում է առաջնայինը տարանջատել երկրորդականից եւ «Մշակույթ» գրասենյակին համոզել, որ իր խնդրածները իսկապես կենսական նշանակություն կունենան տիկնիկային թատրոնի համար։ Ինչ վերաբերում է այն հարցերին, թե ինչպիսի մանրահատակ կարվի կամ ինչ փայտից պատրաստված կլինի իր աշխատասենյակի դուռը, ապա դրանց ինքը լուրջ նշանակություն չի տալիս։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել