Քննություններն անցնում են ոչ միայն թափանցիկ, այլեւ կիսամերկ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը թեպետ քննաշրջանի բոլոր օրերին շրջայց էր կատարում գրեթե բոլոր առարկայական հանձնաժողովներ եւ ուշադիր հետեւում էր քննություններին, այնուամենայնիվ, երեկ «պաշտոնական» շրջայցի էր հրավիրել նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Լրագրողները եւս քննությունների ամբողջ ընթացքում հնարավորություն ունեցել էին ազատ ելումուտ ունենալ ոչ միայն քննասենյակներ, այլեւ՝ ստուգման եւ բողոքարկման սենյակներ, բոլոր հանձնաժողովների նախագահները հասանելի էին եղել ԶԼՄ-ների համար։ Թերեւս կարելի է փաստել, որ այս տարվա ընդունելության քննություններն անցան ոչ միայն բաց եւ թափանցիկ, այլեւ հասանելի, նույնիսկ՝ կիսամերկ։ Վերջին բնորոշումը վերաբերում է ֆիզիկայի հանձնաժողովին, քանի որ լրագրողների այցի պահին ֆիզիկայի հանձնաժողովը «շորտերով» եւ հողաթափերով ձեռնամուխ էր եղել դիմորդների աշխատանքների ստուգմանը։ Քննասենյակում օրվա երկրորդ կեսին շոգն աննկարագրելի էր, եւ ֆիզիկոսները, ինչպես միշտ, գտել էին ամենառացիոնալ լուծումը՝ հանվել էին։ Ճիշտ է, լրագրողների եւ նախարարի այցը նրանց ստիպեց արագ հագնվել, բայցեւայնպես ֆիզիկայի «ստրիպտիզը» տպավորիչ էր։ Հայոց լեզվի հանձնաժողովին (ԵՊՀ) ստուգման համար խիստ փոքրիկ սենյակ էր հատկացված, բայց լեզվաբանները համերաշխ լծվել էին աշխատանքի եւ ստուգում էին քննաշրջանի վերջին աշխատանքները։ Կգ նախարար Լեւոն Մկրտչյանը լրագրողների խնդրանքով գնահատեց անցնող քննաշրջանը՝ մասնավորապես ասելով, որ այն ընդհանուր առմամբ նորմալ ընթացք ունեցավ. «Կարծում եմ, որ խնդիրը, որ դրել էինք մեր առաջ, լուծեցինք։ Բնական է, կլինեն ինչ-որ պահեր, որոնց մի մասը առարկայական պատճառներ ունեին, մյուս մասը կապված էր հայ իրականության որոշակի ենթակայական գործոնների հետ։ Սակայն, ընդհանուր առմամբ, վստահաբար կարող եմ ասել, որ մենք կարողացանք ապահովել հնարավոր առավելագույն օբյեկտիվություն»։ Լեւոն Մկրտչյանն ասաց, որ քննությունների արդյունքում մի շարք ծրագրային խնդիրներ ի հայտ եկան՝ շտեմարանները իրենց սպառել են (խոսքը լեզուների մասին է), եւ երեխաները շատ հեշտ հարցերը լուծում են. «Թող հեշտ լուծեն, սա չէ խնդիրը, սակայն դրանով երեխաները չեն ավելացնում իրենց գիտելիքները։ Մեկ տարի երեխան սովորում է, եւ փաստորեն օտար լեզվի իմացությունը չի ավելանում։ Բավական է մեկ նախադասության մեջ մի քանի բառ փոխվի կամ մի փոքր այլ կերպ ձեւակերպվի, եւ մասսայական 20 ստացող երեխաները միանգամից իջեցնում են գնահատականը 11-12-13-ի, ինչպես մաթեմատիկա առարկայի հետ կապված մենք դա տեսանք։ Մի փոքր տրամաբանական խնդիր դրվեց, թվական տվյալ փոխվեց, եւ երեխաները մասսայաբար ի վիճակի չեն լինում լուծել։ Սա մեր ամենամեծ մտահոգությունն է եւ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսները մենք ունենք այս իրավիճակը շտկելու համար, որովհետեւ գիտենք, որ դեկտեմբերից հետո այլեւս իրավունք չունենք փոփոխություններ կատարելու»։ Փոփոխությունների արդյունքում կունենանք այն իրավիճակը, երբ ներքին շեմը կլինի շատ հեշտ հաղթահարելի, իսկ բարձր շեմը՝ 18, 19, 20 գնահատականները պետք է դժվար հասանելի լինեն։ ՀԲ վարկային ծրագրի մեկ տրանշը ուղղված է լինելու այն բանին, որ արմատապես փոխվի ընդունելության քննությունների հետ կապված խնդիրը, այսինքն՝ ընդունելության քննություններն առանձին գործառույթից պետք է տարրալուծել կրթական շարունակականության մեջ, երեխան պետք է դպրոցական գիտելիքներով, առանց հատուկ ցնցումների սահուն անցում կատարի հաջորդ փուլ՝ բարձրագույն կրթություն։ Նախարարը հավաստիացրեց, որ կա որոշակի գումար, որոշակի ծրագիր եւ մինչեւ 2004 թվականը ծրագիրը կսկսի լիարժեք գործել։ Մ. ԵՍԱՅԱՆ