ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ՔԱՇԸ 36,5 ԿԳ Է ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ այցելելիս տեսանելի փոփոխություններ նկատվեցին։ Նախ ակտիվ շինարարություն էր ծավալվել Կարմիր խաչ միջազգային կազմակերպության կողմից շահագործման հանձնված տուբերկուլյոզային հիվանդանոցի մասնաշենքից դուրս՝ բակում։ Արգելապատերի կառուցման աշխատանքներում ներգրավված քրեակատարողական հիմնարկի տնտեսական մասի աշխատակիցների կողքին համերաշխորեն աշխատում էին տարբեր գաղութների շինարար-դատապարտյալները։ Հիվանդանոցի բակում հիվանդ դատապարտյալների համար սկսել էր գործել լուսանկարում պատկերված հեռախոսը։ Նրանցից շատերն արդեն ունեին «ԱրմենՏելի» քարտեր եւ գոհ էին, որ կարողանում են հաղորդակցվել իրենց հարազատների հետ։ Վերանորոգվել էին բաղնիքը եւ զուգարանները, որոնք կաֆելապատ էին եւ ժամանակակից չափանիշներին համապատասխան։ Հիվանդանոցի պետը՝ գնդապետ Սամվել Ղազարյանը, մեզ տրամադրեց հիվանդանոցի զարգացման ծրագիրը։ Նախատեսված ժամկետներում կիրականացվի հիվանդ դատապարտյալների շենքային եւ կոմունալ պայմանների բարելավումը, կկառուցվի նոր ջրագիծն ու կոյուղին, բժշկական անձնակազմն էլ կապահովվի ժամանակակից բուժսարքավորումներով, կսալահատակվի տարածքն ամբողջությամբ։ Այս տարվա ապրիլի 3-ին «Առավոտի» իմ մի հրապարակումը («Սասուն Աղաջանյանը որեւէ ռեակցիա չդրսեւորեց») մեծ արձագանք ունեցավ։ Հայաստանի ժուռնալիստների միության դահլիճում հավաքվեցին փոխգնդապետ, «Մարտական խաչ» առաջին եւ երկրորդ աստիճանի շքանշանակիր Սասուն Աղաջանյանի մարտական ընկերները։ Նրանք խոստացան հանդիպել վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ, լուծել դատապարտյալին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու, ինչպես եւ հաշմանդամության կարգ ձեռք բերելու հարցը (խոստացան անգամ պատանդ վերցնել նախարարներից)։ Նրանք իրենց մտահոգությունը թողեցին ՀԺՄ շենքում ու հեռացան։ Դատապարտյալ Սասուն Աղաջանյանին մինչեւ երեկ այցելել է միայն արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։ ՀՀ եւ ԼՂՀ ոչ մի ԱԺ պատգամավոր (Պաշտպանության կամ իրավական հարցերով հանձնաժողովի) չի այցելել, ցանկություն անգամ չի հայտնել լինելու դատապարտյալների հիվանդանոցում։ Դեռ ոչ մի հասարակական իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ չի տեսել դատապարտյալ Սասուն Աղաջանյանին, որի մասին այդքան գրվում եւ խոսվում է։ Մարտական ընկերներից եւ ոչ մեկը գոնե մեկ կիլոգրամ սնունդ կամ հանձնուք չի փոխանցել նրան։ Նրան այցելում են միայն կինը, քույրը՝ Ստեփանակերտից, եւ հորաքույրը։ Փոխգնդապետին դատապարտեցինք մահվան եւ հանգիստ այդ մասին կգուժենք առաջիկայում, որքան էլ դաժան լինի ասվածը։ Սասունի հիվանդասենյակում էի դարձյալ։ Օգոստոսի 2-ին հրավիրվել էր կոնսիլիում՝ հանրապետության ճանաչված բժիշկների (Նազարեթյան, Առաքելյան, Մուրադյան) մասնակցությամբ։ Եթե մի քանի ամիս առաջ նրանք կանխատեսում էին «ուժերի աստիճանական սպառում ու օրգանիզմի հյուծում» եւ տեսնում էին նրան փրկելու ճանապարհները, ապա այս անգամ բժիշկներն արձանագրել էին, որ վիճակը «խիստ ծանր է»։ Սասունը 50%-ով կորցրել է քաշը, երեկվա դրությամբ նրա քաշը 36,5 կգ էր։ Ճնշումը՝ 90/60։ Օգոստոսի 8-ի սոնոգրաֆիայի արդյունքներով լյարդում առկա են դիստրոֆիկ փոփոխություններ։ 2001թ. մայիսի 12-ից գտնվելով դատապարտյալների հիվանդանոցում, ոչ ոք նրա ձայնը չի լսել։ Հիվանդասենյակում նրա կողքին է Շիրին անունով դատապարտյալը։ Սասունն անշարժ, աչքերը բաց պառկած էր։ Բացում ենք անկողինը՝ ոտքերը բարակ են ինչպես ռետինե խողովակներ, թույլ է, շփվելու ցանկություն չի դրսեւորում։ Ինքնուրույն չի կարող հոգալ բնական պահանջները եւ օրական երկու անգամ նրան պամպերս է տրամադրվում։ Խոսում եմ հոգեբույժ Գաբրիել Ահարոնյանի հետ։ Նա ասում է, որ Սասունին օրը 3 անգամ սնունդ են տալիս, նշանակված են վիտամիններ, սնունդը տալիս են գդալով։ (Տեղեկացնենք պարզապես, որ մեկ դատապարտյալ հիվանդի վրա նախատեսված է ծախսել օրը 350 դրամ։) «Ի՞նչ է սպասվում Սասունին, ինչպե՞ս եք պատկերացնում նրա հետագան» հարցին բժիշկը պատասխանում է, որ օրգանիզմի դիստրոֆիկ փոփոխություններն ավելի խորանալու են։ Իհարկե, Սասունն ամենածանր հիվանդը չէ, քանի որ, ըստ բժիշկների, ավելի ծանր հիվանդներ իրենք ունեն տուբերկուլյոզային բաժանմունքում։ Սակայն իրենց համար դժվար է այս հիվանդին պահելը, քանի որ նրանով ամեն օր զբաղվում են 3-4 բժիշկ, 2-3 բուժքույր եւ 2 սանիտար… Աղաջանյանների ընտանիքը դիմել է ՀՀ արդարադատության նախարարին եւ գլխավոր դատախազին։ Սպասվում է նոր կոնսիլիում։ Սակայն հարց է՝ կապրի՞ մինչ այդ Սասունը։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ