ՄՐՑՈՒՅԹ՝ ՄԻ ՔԱՆԻ ԱՆՀԱՅՏՈՎ Բարձր տեխնոլոգիաները զարգացնելու մեր կառավարության մեծ ցանկությունը տարօրինակ դրսեւորումներ է ստանում։ Օրինակ՝ ծրագրեր կազմելու պատվերներն այլ երկրների ընկերություններին է տալիս։ Ամիսներ առաջ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը կասկածելի մրցույթի արդյունքում ֆինանսական կառավարման ինտեգրացված համակարգի ստեղծումը պատվիրեց հնդկական MDP Consultants ընկերությանը՝ շրջանցելով ոլորտում մի շարք հաջողություններ արձանագրած հայկական ընկերություններին։ Մրցույթի մանրամասներին եւ ընթացքին ծանոթանալիս, սակայն, սա մի անմեղ որոշում է թվում՝ աբսուրդի նմանվող մի շարք քայլերի համեմատությամբ։ Նախ նշենք, որ հնդկական հիշյալ ընկերության մասին տեղեկությունները սուղ են։ Մրցակիցների ներկայացմամբ, «www.indiasoftware.com էջը պարունակում է հնդկական բոլոր կոմպյուտերային ընկերությունների ցանկը՝ ավելի քան 2300 անուն։ Եվ դրանց թվում չկա (գոնե մրցույթի օրերին- Ա. Ու.) MDP Consultants ընկերության անունը»։ Ըստ որոշ տեղեկությունների էլ՝ Համաշխարհային բանկն առնչություններ ունի հիշյալ ընկերության հետ։ Եթե նշենք, որ ինտեգրացված համակարգը պետք է ստեղծվեր Համաշխարհային բանկի վարկային միջոցներով (կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության երկրորդ վարկային ծրագիր), ապա ի սկզբանե հնդկական ընկերությունն անհավասար (լավ) պայմաններում է հայտնվում մյուս, մասնավորապես հայկական ընկերությունների նկատմամբ։ MDP Consultants-ի ծագման մասին ավելի անբարենպաստ վարկածներ էլ կան, որոնց ճիշտ լինելու դեպքում կարող է վտանգվել մեր երկրի ֆինանսական համակարգի անվտանգությունը, չհաշված պետական գաղտնիքի «արտահոսքը»։ Մինչդեռ, ըստ հավաստի տեղեկությունների, այս ընկերությունը եթե ոչ այժմ, ապա ժամանակին ազատ մուտք է ունեցել մեր երկրի գանձապետական համակարգի Տվյալների հենք։ Հետաքրքիր է նաեւ այն, որ MDP Consultants-ը հայտարարել է ծրագրի մշակման ակնհայտ կարճ ժամկետ եւ չի «տեղավորվել դրանում»։ Իսկ այս փաստաթղթերն ամենատարօրինակն ու կասկածելին են (տես նկարը)։ Դրանցից մեկը ՀԲ մի պաշտոնյայի (Sr country Economist, ECSPE)՝ Լեվ Ֆրենկմանի էլեկտրոնային նամակն է՝ ուղղված ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոնի այն ժամանակվա (6.11.2001թ.) տնօրեն Բագրատ Ենգիբարյանին, որտեղ ասվում է. «Անցկացված մի շարք ներքին քննարկումներից հետո մենք այն համոզմանը եկանք, որ կառավարության կողմից առաջադրված տեղական ընկերությունները, […] քիչ հավանական է, որ օժտված լինեն այս նշանակման համար անհրաժեշտ տեխնիկական որակավորմամբ։ Ռիսկի գործոնը նվազագույնի հասցնելու համար պետք է հայտ ներկայացնողների ցուցակը կրճատենք, վերջինս սահմանափակելով միայն օտարերկրյա ընկերությունների ցանկով»։ Ուշադրություն դարձնենք, որ հայկական ընկերությունների մասնակցությունը մերժվում է հենց հայկական լինելու պատճառով եւ հայտնի չէ, թե ինչի հիման վրա քննարկումներ կատարելով ենթադրում են, որ նրանք գուցե չունեն պահանջվող տեխնիկական որակավորումը։ Չի նշվում, որ մեր ծրագրավորողներն անգրագետ են, որ պրոֆեսիոնալ չեն։ Այսպես «ափից հոտ քաշելով» էլ՝ «խնդրում ենք ցուցակում կատարել բոլոր անհրաժեշտ փոփոխությունները»։ Անսպասելին այն է, որ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, որն աչքի չի ընկնում ՀԲ-ի առջեւ հլու-հնազանդությամբ, ընդունել է կատարված «անհրաժեշտ» փոփոխությունները։ ԱԺ աշխատակազմի ղեկավարին ուղղված իր գրությունում նա նշում է. «Հետեւելով Համաշխարհային բանկի պահանջին (կից ներկայացվում է 2 էջ), վերոնշյալ ծրագրի խորհուրդը հայտարարված մրցույթի երկրորդ փուլ դուրս բերեց բացառապես արտասահմանյան ընկերություններ եւ վերջիններից մեկին էլ հաղթող ճանաչեց»։ Ոչ մի ընդվզում։ Թեեւ հավաստի աղբյուրից մեզ հայտնի է, որ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության ոչ բոլոր պաշտոնյաներն են, որ հաշտվել են այս վիճակի հետ։ «Հաշտվածների» ցանկը գլխավորում է ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը։ «Հաշտվածներ» բառը, չնայած, այս դեպքում մեծ «զեղչով» է կիրառվում։ Պարոն Ջանջուղազյանի հնարավոր շահագրգռության պատճառները չհաջողվեց պարզել՝ վերջինիս արձակուրդում լինելու պատճառով։ Այս ցանկում նրան հաջորդում է Բ. Ենգիբարյանը։ Նկատենք, որ խնդրո առարկա ինտեգրացված համակարգը մինչ օրս պատրաստ չէ, չնայած ժամկետներն անցել են։ Սա կանխատեսելով, դեռեւս անցյալ տարվա նոյեմբերին նույն պարոն Ֆրենկմանը գրում է. «Հավանական է, որ այս վեցամսյա ժամկետի ավարտին տեխնիկական ապահովումը պատրաստ չի լինի։ Ուստի, վերոնշյալ երկուսի (ծրագրային եւ տեխնիկական ապահովում) համակցումը պետք է առանձնացվի եւ ֆինանսավորվի առանձին»։ Այս պայմանն, ի դեպ, վարկառուի համար ռիսկային է։ Բոլոր հիմքերը կան մրցույթը չեղյալ հայտարարելու համար։ Ֆինանսների նախարարությունից որեւէ պարզաբանում չհաջողվեց ստանալ. քիչ թե շատ իրավասու պաշտոնյաներն արձակուրդում են։ Իսկ ֆիննախում ՀԲ ներկայացուցիչ Ջոն Զոհրաբը հարկ չհամարեց մեր հարցերին պատասխանել, մատնացույց անելով տեխնիկական հսկողության հանձնաժողովի նախագահ, գլխավոր գանձապետ Ա. Ջանջուղազյանին։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ