Պոետ կարող ես դու եւ չլինել… Վերջերս «Առավոտն» արտատպեց «Armenian week»-ի հոդվածը, որը պատմում է, թե ինչպես են Արարատ քաղաքի 49-ամյա բանաստեղծ Ջանիկ Ադամյանին ձերբակալել միայն այն պատճառով, որ նա հանդգնել է՝ «անաղուհաց քրդի շուն…» ձեւակերպումն օգտագործել իր, այսպես ասած, բանաստեղծության մեջ ու այն փակցնել քաղաքի պատերին: «Առավոտն» արտատպել էր այդ հոդվածը թերեւս ազգիս կարկառուն գրողներին ցույց տալու, թե ինչ վիճակում է հայտնվել իրենց գրչակիցը: Սակայն ապարդյուն: Դրան ոչ միայն չարձագանքեցին քաղաքական ու հասարակական կազմակերպությունները, այլեւ մտավորականները՝ ի դեմս Հայաստանի գրողների միության: ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը մեզ հետ հեռախոսազրույցի ընթացքում զարմացավ՝ իմանալով կատարվածի մասին եւ ասաց, որ ինքը առայժմ ոչինչ ասել չի կարող, քանի դեռ ծանոթ չէ հրապարակմանը: Սակայն քիչ անց նա սկսեց այնպիսի գնահատականներ տալ, որից դժվարությամբ կարելի էր հավատալ նրա անտեղյակությանը: «Նա գրող չէ, անհեթեթ է այդ տողերը բանաստեղծություն համարել»,-որոշեց Լեւոն Անանյանը: Իսկ մի շարք այլ գրողներ, որոնք հրաժարվեցին հրապարակել իրենց անունները, պնդում էին նույնը. «Դա ինչ բանաստեղծություն է, որ… Նա աբիժնիկի նման մի բան է, ախմախ, անգեղարվեստական բաներ է գրել: Սա այն դեպքը չի, որ ասեմ՝ Չարենցն է, Մահարին է՝ բռնել են: Բանաստեղծ լիներ, թեկուզ շրջանում ապրող, խնդրեմ… Բայց նրան կազատեն. նա ուղղակի գժական է գնում»: Ահա այսպես խոսեց իրեն գրող ու մե՜ծ «մտավորական» համարող մեկը, որի բառապաշարից ու մոտեցումներից դժվար է նրան այդպիսի անուն տալը: Սակայն ամենացավալին այն է, որ այս «մտավորականները» վաղը կարող են խոսել մարդկային բարձր արժեքներից, ազատությունից ու միաժամանակ հեգնել նման դեպքերը: Այստեղ արդեն կարեւոր չէ՝ Ջանիկ Ադամյանը բանաստե՞ղծ է, թե՞ ոչ: Մարդ է, որը համաձայն Սահմանադրության՝ ունի իր տեսակետներն ու կարծիքներն ազատ արտահայտելու իրավունք, ինչից նրան զրկել է գործող իշխանությունը: Եվ չի բացառվում, որ նույն հաջողությամբ վաղը այդ նույն կարգավիճակում հայտնվի մեզանից յուրաքանչյուրը, այդ թվում նաեւ՝ սույն «մտավորականները»: Ավելացնենք, որ այս երեւույթին համարձակություն ունեցավ արձագանքել միայն թարգմանիչ Սամվել Մկրտչյանը. «Երեւույթն ինքնին զավեշտական է. ոտանավորներ, թռուցիկներ: Ըստ էության, այդ մարդն արել է այն, ինչի մասին ամեն օր գրում է ընդդիմադիր մամուլը: Ամենայն հավանականությամբ, բոլորովին հարկ չկար քաղաքի պատերն այլանդակել: Այստեղ ողբերգականը Ռոբերտ Քոչարյանի ստեղծած այլանդակ մթնոլորտն է, որին վերջացած ստրուկի պես հնազանդվում են թե՛ գեներալները, թե՛ ՆԳ աշխատակիցները, թե՛ կիսագրագետ միջին խավը: Ի՞նչ զարմանալի բան կա այստեղ. «Հոկտեմբերի 27»-ի վրա այլեւս չե՞նք զարմանում, Պողոս Պողոսյանի սպանության վրա այլեւս չե՞նք զարմանում: Լինելով Կոմունիստական կուսակցության մտածողության տեր՝ Քոչարյանը հետեւողականորեն մեզ վերադարձնում է դեպի 37 թիվ: Բացահայտ է, որ ստալինական մթնոլորտում այս մարդն իրեն զգում է ինչպես ձուկը ջրում: Եվ համոթ մեզ՝ մենք այս ամենը հանդուրժում ենք: Դեռեւս հանդուրժում ենք: Ասում եք՝ եթե մտավորակա՞նը նման բան աներ… բայց ո՞ր մտավորականը նման բան կաներ. բոլոր այն հայտնի պալատական մտավորականնե՞րը, որոնցով շրջապատված է այս ամեն պատճառավորը…»: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ Հ. Գ. Ըստ հավաստի լուրերի, Ջանիկ Ադամյանը դաշնակցական է: