Լրահոս
Օրվա լրահոսը

Հանուն ընտրությունների

Օգոստոս 15,2002 00:00

Հանուն ընտրությունների Ամեն տարի ամառային հանգիստը վայելելու մեկնելով՝ հայաստանյան քաղաքական ուժերի ներկայացուցիչները թեժ աշնան կանխատեսումների շոու էին կազմակերպում։ Այս տարի, անկախ նրանց դիրքորոշումներից, ոչ միայն աշունը, այլ ձմեռը եւ գարունն էլ են սպառնում թեժ լինել՝ պայմանավորված սպասվելիք տեղական ինքնակառավարման, նախագահական եւ խորհրդարանական ընտրություններով։ Տրամաբանորեն եւ բնականորեն, կուսակցական գրասենյակները ընտրությունների նախապատրաստական աշխատանքներով են զբաղված։ ԱԻՄ-ականներն, օրինակ, լիաթոք աշխատում են հանուն իրենց միակ՝ վսեմափայլ, պանծալի եւ անկրկնելի առաջնորդ Պարույր Հայրիկյանի։ Եվ այդ աշխատանքի արդյունքում ծնունդ է առել հասարակական շարժում, որի առաքելությունն է՝ «Այն մարդը (բնականաբար՝ Պ. Հայրիկյանը.- Ն. Գ.), ով պայքարել է ազատ ու անկախ Հայաստանի համար, արդյո՞ք իրավունք ունի երկմտել՝ նախագահական ընտրություններում առաջադրե՞լ իր թեկնածությունը, թե՞ ոչ»։ Այժմ նման բովանդակությամբ եւ, բնականաբար, դրական եզրակացություններով ու գովեստի շռայլությամբ թռուցիկներ են պատրաստվում եւ շուտով կտարածվեն։ Անկախ ամեն ինչից, ԱԻՄ-ականներն անտարբեր չեն Սեւանի ծփանքների հանդեպ եւ իրենց լիբերալ առաջնորդի շնորհիվ, ժամը 3-ից հետո, երբեմն հնարավորություն են ունենում վայելել Հայաստանի թագուհուն։ Իսկ ՀՅԴ-ականները, պարզվում է, «արձակուրդ գնալու ավանդույթ չունեն»։ Եվ նրանց համար այս ամառը տարբերվում է մյուս ամառներից նրանով, որ «երկիրն արդեն մտել է ընտրական մարաթոնի մեջ»։ Հրապարակային քաղաքականության ամառային հանդարտությունն, ըստ ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռոստոմյանի, ՀՅԴ-ն օգտագործում է «ներկուսակցական խնդիրներ լուծելով եւ առաջիկա ընտրություններին պատրաստվելով», քանզի ՀՅԴ-ն «այս թափով առաջին անգամն է մասնակցելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին»։ Այժմ ճշտվում են 1000 գյուղական եւ 50 քաղաքային համայնքներում ՀՅԴ-ի կողմից առաջադրվելիք թեկնածությունները եւ նրանց պաշտպանելու մեխանիզմներն ու ձեւերը։ Պրն Ռոստոմյանը սեպտեմբերից նաեւ քաղաքական դաշտում լուրջ փոփոխություններ եւ վերադասավորումներ է կանխատեսում, սակայն վաղ է համարում ենթադրություններ անելը: Այժմ էլ նրանք «ակտիվորեն հստակեցնում են իրենց անելիքները, ընտրություններին մասնակցելու մարտավարությունը»։ ՀՅԴ-ականները համոզված են, որ գոյություն ունեցող խնդիրների «օբյեկտիվ տարրը գնահատված չէ», ուստի ամեն ինչ վերածվում է «ժողովրդին սիրաշահելու՝ ընտրություններում հաղթելու համար»։ Ուստի ՀՅԴ-ն մտադիր է «նախագահական հոսանքում մտցնել առողջ քննադատության էլեմենտը»։ Այդ առիթով ծրագրեր են մշակված, որոնք սեպտեմբերից կհրապարակայնացվեն։ Մեծ հաշվով, ՀՅԴ-ն, ըստ այդ ծրագրերի, այժմ նախագահական թեւի հետ հարաբերությունների ճշտման փուլում է։ Կախված նրանից, թե ծրագրերը «ինչ քանակի եւ որակի կընդունվեն, կորոշվի՝ պաշտպանե՞լ Քոչարյանի թեկնածությունը, թե՞ սեփական թեկնածուն առաջադրել»։ Ի տարբերություն ԱԻՄ-ականների եւ ՀՅԴ-ականների, ԱԺՄ-ականներն օգոստոսի 20-30-ը լիարժեք հանգիստ կանցկացնեն, որից հետո միայն կլծվեն նախընտրական աշխատանքներին։ Իսկ մինչ արձակուրդը կբավարարվեն միայն ընտրական հանձնաժողովներում ԱԺՄ-ականների մասնակցության ցուցակների ճշտմամբ։ Իսկ նախագահական ընտրություններում, ինչպես արդեն ակնարկել է Վ. Մանուկյանը, ԱԺՄ-ն կպաշտպանի իր մշտական թեկնածուին։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել