Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞Վ ԷՐ ԿԱՍԿԱԾՈՒՄ»

Օգոստոս 15,2002 00:00

«Ո՞Վ ԷՐ ԿԱՍԿԱԾՈՒՄ» Հայաստանի իշխանությունները չկատարեցին ԵԱՀԿ պահանջը՝ ամռանը կապուղիների նոր մրցույթ անցկացնելու վերաբերյալ: Ազգային հանձնաժողովի նախագահն էլ մինչ այդ դրժել էր իր իսկ խոստումը՝ մինչեւ հունիսի 20-ը 4 հաճախականությունների մրցույթ անցկացնելու վերաբերյալ։ Այս խնդիրների շուրջ էր զրույցն «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանի հետ։ -Թեեւ դեռ մայիսի 24-ին էր Գրիգոր Ամալյանը հայտարարել, որ մինչեւ հունիսի 20-ը կհայտարարվի մրցույթ այն կապուղիների համար, որոնք զբաղեցնում են արտոնագիր չունեցող «Պրոմեթեւսը», «Սինեմաքսը», «Ար»-ը եւ «HTB»-ն, վերջերս «Ազատություն» ռ/կ-ին տրված հարցազրույցում նա արդեն խոստովանեց, թե նպատակահարմար չեն գտնում այս ամառ այդ 4 կապուղիների համար մրցույթ անցկացնել։ Ինչո՞վ եք պատճառաբանում խոստումը դրժելու այս իրողությունը։ – Պատճառը միայն այն է, որ մեր իշխանությունների համար արդեն բնականոն ու կառավարման ձեւ է դարձել ստախոսությունը։ Խաբեությունը դարձել է մեր պետության հիմքը, եւ ամեն ինչ կառուցվում է դրա վրա։ Բայց սուտն էլ ժամկետ ունի։ Հուսով եմ, որ արդեն մոտեցել է այդ ժամանակը։ Ուղղակի սուտն արդեն շատ է մեծացել, օդապարիկի պես կախված է օդում եւ երկար այդպես չի կարող մնալ, մի օր պայթելու է։ – Այդ հարցազրույցում Գրիգոր Ամալյանը նաեւ նշել էր, թե այժմ լավագույն ժամանակաշրջանը չէ այս 4 կապուղիների մրցույթն անցկացնելու համար։ Հակասության մեջ չէ՞ արդյոք ակնհայտորեն նախընտրական շրջանը նկատի առնող այդ դիտարկումը Եվրամիության եւ ԵԱՀԿ խորհուրդների առաջարկի հետ, որ հնարավորինս շուտ, գերադասելի է՝ ամռանը հնարավորություն ստեղծվի «Ա1+»-ի եւ «Նոյյան Տապանի» համար՝ մասնակցել արտոնագրերի նոր մրցույթի։ – Ամենացավալին այն է, որ «արտոնագիր» ստացել է Ամալյանը։ Իսկ մյուսների արտոնագիր ստանալն արդեն պայմանավորված է նրանով, թե ե՛րբ այդ «արտոնագիրը» կվերցնեն Ամալյանի ձեռքից եւ ո՛վ կվերցնի։ – Այնուամենայնիվ, ինչպե՞ս եք գնահատում այն, որ Հայաստանի իշխանությունները բացահայտորեն անտեսեցին Եվրամիության երկրների եւ ԵԱՀԿ այս առաջարկը։ – Նրանք չանտեսեցին, այլ, ինչպես ասացի, կառուցեցին իրենց ռազմավարությունը ստի եւ խաբեբայության վրա։ Սուտ խոսելով փորձեցին իրենց գործն առաջ տանել։ – Երբ հայտարարվեց, թե լրացել է 6 ամիսը, ինչ երկու կապուղիներ հատկացվել են «ԾՌՐ»-ին եւ «Արթ-13»-ին, բայց նրանք եթերը թողել են դատարկ, ուստի այդ կապուղիներն արդեն վաղուց ազատ են, «Արթ-13»-ն ազդարարեց, թե հուլիսից վերահեռարձակելու են ռուսական «MTV»-ն։ Այդ խոստումն էլ առայժմ չի կատարվել։ Ուստի եւս մի օրինախախտո՞ւմ չի գործում Ազգային հանձնաժողովը, երբ մրցույթ չի հայտարարում այդ 2 կապուղիների համար։ – Ես որեւէ մեկին չեմ ուզում վնասել։ Բոլորին համարում եմ գործընկերներ եւ գտնում, որ նրանք բոլորն էլ իրավունք ունեն աշխատելու։ Բայց գոյություն ունի օրենք։ Ու ստացվում է, որ մեկի համար օրենքի դրույթները չեն կիրառվում, իսկ մյուսի համար օրենքը խեղաթյուրում են այն աստիճան, որ հասցնում են դեմագոգիայի։ Եվ ուզում են այսպե՞ս կառավարել երկիրը։ Չի՛ ստացվի։ Ստվարաթղթե տնակի պես փլվելու է այս կառույցը եւ փլվելու է հենց իրենց գլխին։ – Դուք արդեն որոշե՞լ եք, թե հոկտեմբերի 15-ին հայտարարվելիք մրցույթում ում հետ եք մրցակցելու՝ «Դար 21»-ի՞, «Արմեն-Ակոբի՞», «Երեւանի՞», «CNN»-ի՞, թե՞ «TV-5»-ի։ – Եթե որոշեմ մասնակցել, կրկնում եմ, որ ներկայացնելու եմ մրցութային նույն առաջարկը։ Եվ հայտ եմ ներկայացնելու ոչ թե մեկ որոշակի կապուղու համար, այլ մասնակցելու եմ ներկայացված բոլոր հաճախականությունների մրցույթին։ Որոշակի հաճախականություն չեմ նշելու իմ դիմումում։ Օրենքը հնարավորություն է տալիս մասնակցել ոչ առանձին հաճախականության, այլ ամբողջական մրցույթին։ Ինձ համար միեւնույն է, թե որ կապուղին կտրամադրվի։ 5-ին էլ մասնակցելու եմ։ Եթե որեւէ կապուղի ազատվեց՝ լավ, ոչ՝ չեմ վերցնի։ Թող պրն Ամալյանն աշխատի, որ 5 գործող հեռուստաընկերություններն էլ շահեն մրցույթը։ – Կարծում եք, որ անգամ այս պայմաններում, երբ միջազգային տարբեր կառույցներն անընդհատ պահանջում են լուծում գտնել «Ա1+»-ի եւ «Նոյյան Տապանի» համար, մեր իշխանությունները (հակառակ իրենց խոստումների) հնարավորություն չե՞ն ընձեռի այդ հեռուստաընկերություններին՝ շարունակել հեռարձակումը։ Թեկուզ Հայաստանում ժողովրդավարությունից նահանջի վերաբերյալ միջազգային հանրության աննպաստ կարծիքը փոխելու համար։ – Նրանք հիմա այնպիսի տենդի մեջ են, որ արտաքին որեւէ ազդեցության մասին մտածելու ժամանակ էլ չունեն։ Իշխանություններն այժմ միայն մտածում են, թե ինչպես ավելի խճճեն իրավիճակը, որ միայն իրենք կարողանան գլուխ հանել։ Բայց արդեն իսկ այնքան է խճճված, որ իրենք էլ գլուխ չեն հանում եւ արդեն ընթանում են անկառավարելի գործընթացներ։ – Դատական գործընթացները, սպառողների հայցի նկատմամբ վերաբերմունքն ապացույց է, որ այս հեռուստաընկերությունների նկատմամբ իշխանությունների դիրքորոշման մեջ որեւէ փոփոխություն չկա եւ անզիջում հետապնդվում է նույն խնդիրը՝ մինչեւ նախագահական ընտրությունները «Ա1+»-ը եւ «Նոյյան Տապանը» չպիտի լինեն եթերում։ – Իսկ որեւէ մեկը դրան կասկածո՞ւմ էր։ Ինչքան էլ մենք, այո՛, խոսում էինք այս կամ այն ճանապարհով հեռարձակման խնդիրը լուծելու մասին, դա անում էինք միայն մի բանի համար, որ ոմանք խելքի գան, հասկանան, թե կատարվածն իրենց օգտին էլ չէ։ Բայց եթե այդ մարդիկ չհասկացան՝ թող անեն այնպես, ինչպես որոշել են՝ եթե կարող են։ Հետո կտեսնենք։ – Իշխանության ներկայացուցիչներից մեկը՝ նախագահի խորհրդականը, օրերս ժխտեց այն տեղեկությունները, թե մինչեւ «Ա1+»-ին հեռարձակումից զրկելը իրենք փորձել են եթերից հեռու պահել հեռուստաընկերության գովազդատուներին։ Նա նշեց, թե «Ա1+»-ը երբեք խոշոր գովազդատուներ չի ունեցել, բայց նաեւ նկատեց, որ նախագահի խորհրդականը չէր կարող ճնշել «Կոկա Կոլայի» կամ «Procter and Gamlie»-ի պես ընկերություններին։ – Ալեքսան Հարությունյանն արդեն մի քանի սխալներ է թույլ տվել, օրինակ, հենց այդ ընկերությունների վերաբերյալ։ Ե՛վ «Կոկա Կոլան», ե՛ւ «Procter and Gamlie»-ը հաճույքով աշխատել են մեզ հետ։ Գովազդատուների վերաբերյալ պնդումներն էլ նույն ստի շարունակությունն են։ Իրենք արդեն սուտն ընդունում են որպես իրականություն եւ ուզում են, որ ուրիշներն էլ անեն դա։ – Իշխանության մեկ այլ ներկայացուցիչ էլ, որ անմիջական առնչություն ունի հեռահաղորդակցության ոլորտին, նախագահի հետ բանակցությունների չգնալը եւ հետագա Ձեր պահվածքը պատճառաբանել էր այն հանգամանքով, թե իբր «Ա1+»-ը հույսը դրել է ՀՀՇ-ի փողերի վրա։ Իրո՞ք այդպես է։ – Այնքան ասացին ՀՀՇ-ի այդ փողերի մասին, որ ես էլ եմ սկսել հավատալ, թե ՀՀՇ-ն իսկապես պատրաստ է ինչ-որ գումարներ տալ (ծիծաղում է.- Ա. Ի.)։ Բայց, ճիշտն ասած, ՀՀՇ-ի ղեկավարության հետ տարբեր հարցերով (եւ ոչ փողային) մեր բոլոր հանդիպումների ժամանակ այդ տպավորությունը չեմ ստացել։ Հակառակը՝ հասկացել եմ, որ նրանց վերաբերմունքը մեր նկատմամբ այս օրերին բավականին անտարբեր է։ Ես գումարային առաջարկ ընդհանրապես որեւէ մեկից չեմ ստացել։ Թեեւ ընկերներ ունեմ բոլո՛ր կուսակցություններում, եւ մենք հաճախ ենք հանդիպում, բայց դա չի նշանակում, որ ես նրանցից փող եմ վերցնում։ Բայց թեկուզեւ, օրինակի համար, վերցնեի։ Այդ ինչո՞ւ այլ հեռուստաընկերություններին կարելի է ինչ-որ մեկից փող ստանալ։ Ես չեմ կանգնում եւ չեմ ասում, չէ՞, պրն Քոչարյա՛ն, ինչո՞ւ այնտեղ փող ուղարկեցիր։ Լա՛վ արեց։ Կարողանում է՝ անում է, ուժեղացնում է իր թիկունքը։ Բայց ես ընդհանրապես զարմանում եմ, որ չեն հոգնել գումարային այս խոսակցություններից, անընդհատ դա են խոսում։ Մեկընդմիշտ հիշեք՝ «Ա1+»-ն արդեն ապացուցել է, որ առանց որեւէ մեկից ֆինանսական կախվածության մեջ ընկնելու, անկախ գործելով՝ հնարավո՛ր է մեր երկրում կայացնել հեռուստաընկերություն։ Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել