Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆԴԻՊՈՒՄ, ՈՐ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼ

Օգոստոս 15,2002 00:00

ՀԱՆԴԻՊՈՒՄ, ՈՐ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼ Օգոստոսի 19-23-ը Հայաստան կժամանի Եվրոպայի խորհրդի Մոնիտորինգի խումբը, որն ուսումնասիրում է Հայաստանի պարտավորությունների կատարումը։ Որոշակի լրատվամիջոցներում կեսբերան տեղեկատվություն հնչեց, որ մոնիտորինգի խմբի անդամները ցանկություն են հայտնել ի թիվս այլ այցելությունների, այցելել նաեւ «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործներին։ Եվրախորհրդի ներկայացուցիչների այս ցանկությունը խիստ վրդովեցրել է հասարակության մի շարք շերտերի։ ԱԺ Արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ մոնիտորինգի խումբը ցանկություն է հայտնել այցելել նաեւ Նուբարաշենի մեկուսարան եւ Աբովյանի կանանց գաղութ, ՆԳ, ԱԱ, արդարադատության նախարարներին, գլխավոր դատախազին եւ այլոց։ Իսկ «Հոկտեմբերի 27»-ի ամբաստանյալների հետ հանդիպման մասին որոշում պետք է կայացնի գործը վարող դատավորը։ Առայժմ կոնկրետ որոշում չկա. «Այո, նրանք ցանկություն են հայտնել հանդիպել «27»-ի դատապարտյալների հետ։ Իմ անձնական կարծիքն է, որ ճիշտ կլինի՝ հանդիպեն դատավորի հետ։ Հարցը դեռ որոշված չէ»։ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանն ասաց, որ վերոհիշյալ հարցի շուրջ իր հետ զրուցել է նաեւ Կարեն Դեմիրճյանի կինը՝ տիկին Ռիմա Դեմիրճյանը։ Վիկտոր Դալլաքյանի ներկայացմամբ. «Ռիմա Դեմիրճյանը բավականին անհանգստացած էր եւ խիստ բացասաբար է վերաբերվում նման հանդիպման հնարավորությանը եւ անհրաժեշտությանը։ Իմ տեսակետը հետեւյալն է՝ եթե Եվրախորհրդի ներկայացուցիչների կողմից կա նման ցանկություն, ճիշտ կլինի, որպեսզի նրանք հանդիպեն դատավորի հետ եւ ծանոթանան գործի նրբություններին։ Ինչ վերաբերում է կոնկրետ Նաիրի Հունանյանի հետ հանդիպելուն, ապա ես դրան վերաբերվում եմ բացասաբար, քանի որ դա կնշանակի վերաբերմունք հանցագործների նկատմամբ։ Ես ինքս մեր հանդիպման ընթացքում (մոնիտորինգի խումբը պետք է հանդիպի նաեւ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահին.- Մ. Ե.) խորհուրդ կտամ Եվրախորհրդի ներկայացուցիչներին, որ Նաիրի Հունանյանին նման պատվի չարժանացնեն»։ Վիկտոր Դալլաքյանն ասաց, որ «Հոկտեմբերի 27»-ի իրականացնողների հետ կապված որեւէ մեկը կասկածներ չունի, կատարողները հայտնի են եւ նրանց հանդեպ բացի բացասական վերաբերմունքից չի կարելի այլ վերաբերմունք ունենալ. «Իմ կարծիքով, «Հոկտեմբերի 27»-ի դատավարության ամբողջ պրոցեսի ընթացքը պետք է ուղղված լինի մեկ նպատակի՝ հայտնաբերել կազմակերպիչներին»,- հավելեց Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։ Եթե Եվրախորհրդի Մոնիտորինգի խումբն արտահայտեր «27»-ի կատարողների հետ հանդիպելու ցանկություն, ապա միեւնույն է, ըստ Վիկտոր Դալլաքյանի, դատավորը նման քայլի չի գնա եւ չի թույլատրի հանդիպումը. «Եթե դատավորը գնա նման քայլի (որը եւս խիստ բացասական եմ գնահատում), ապա պետք է նրանք անպայման հանդիպեն նաեւ զոհերի հարազատների հետ»։ Սակայն գաղտնիք չէ, որ Եվրոպայի անունը լսելիս մեզանից ոմանց ոտքերը կտրուկ թուլանում են, եւ եթե Եվրախորհուրդը հրահանգի գլխի վրա կանգնել, իրար կոտորելով կանեն, եւ իզուր է այն լավատեսությունը, թե դատավորը կարգելի Եվրախորհրդի խմբին անել մի բան, որի ցանկությունն ունեն։ Մեր այս դիտարկմանն ի պատասխան, պրն Դալլաքյանն ասաց, որ նման գնահատականը բնորոշ է մեր պետական այրերին եւ անպատվաբեր է որեւէ երկրի համար։ Մեր դիտարկմամբ, Եվրախորհրդի խմբի ցանկությունը ձեռնտու չէ առաջին հերթին իշխանությունների համար, որովհետեւ, եթե այդ հանդիպումը կայանա, «Հոկտեմբերի 27»-ի շուրջ աղմուկը նոր թափ կստանա, մանավանդ սեպտեմբերը յոթ սարի ետեւում չէ եւ ընդդիմադիր թեւը համենայնդեպս, հայտարարում է, թե նախագահի պաշտոնանկության մասին առաջարկը խորհրդարանի շարունակելու է պնդել աշնանային նստաշրջանի հենց առաջին օրերից։ Այնպես որ, մոնիտորինգի խումբը ճիշտ կանի, եթե բավարարվի ցանկությունների մինիմումով։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել