Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 14,2002 00:00

«ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՇԻՐՄԱՔԱՐ ՉՈՒՆԻ» Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ Ծնվել է 1963թ. մայիսի 14-ին: Ավարտել է Մայրաքաղաքի թիվ 143 միջնակարգ դպրոցը, ապա Պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է «Ավանգարդ», «Հայ աշխարհ», «Բանբեր», «Լրագիր», «Լրագիր օր», «Մոլորակ», «Առավոտ» թերթերում: 2001թ. «Կալանավորների վերադարձը հասարակություն» մրցույթւոմ 2-րդ մրցանակն է ստացել «Վերսուս» ստուդիայի եւ Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից: Այսօր դատաիրավական թեմաներով լուսաբանող լրագրողներից ամենաճանաչվածն է, այդ ոլորտում մի շարք մրցանակների մրցանակակիր: Ռուզան Մինասյանը 2002 թվականին լույս տեսած «Իրավական թեմաները լուսաբանող լրագրողների մասնագիտական վարքագծի կանոնագրքի» հեղինակներից մեկն է: Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է: «ՄԻՆԻՍՏՐՆԵՐՆ ՈՒ ՃԱՆՃԵՐԸ ՆՄԱՆ ԵՆ ԻՐԱՐ» Լույս է տեսել «Առավոտի» աշխատակից Ռուզան Մինասյանի «Հիշողությունը շիրմաքար չունի» ժողովածուն, որտեղ զետեղված են վերջին տասը տարիներին տարբեր լրատվամիջոցներում տպագրված նրա հոդվածները, ակնարկները, ռեպորտաժները, հարցազրույցները, ինչպես նաեւ «Սպիտակ հրապարակախոսություն» ինքնատիպ շարքը։ Կյանքի վերաբերյալ իր անպաճույճ փիլիսոփայությամբ հեղինակը նորից ու նորովի է վերահաստատում այն միտքը, որ չնայած բոլոր խորդուբորդություններին, խոչընդոտներին ու հիասթափություններին՝ կյանքը գեղեցիկ է։ Եթե իհարկե կարողանում ես ապրել գեղեցիկ ու իմաստավոր։ Հասարակական կյանքում տեղի ունեցած ամեն ինչ բեկվել է Ռուզանի հոդված-ստեղծագործություններում, դարձել բյուրեղացած թախիծ, ցավ, մտատանջություն։ Սակայն դրանք ուշադիր ընթերցելու դեպքում տողատակերում կարելի է նաեւ հույսի ու լավատեսության նրբին երանգներ հայտնաբերել։ Ռուզանին հաջողվել է զարմանալիորեն տեսանելի ներկայացնել բոլոր երեւույթները, գույները, բարքերը։ Ե՛վ գնդակահարված աշուն, ե՛ւ գունազրկված հարավ, ե՛ւ սեզոնային հայրենասիրություն, ե՛ւ հաղթողներից պարտված ժողովուրդ՝ ում եւ ինչի ասես կհանդիպես Ռուզանի գրքում։ Համոզված ենք՝ ընթերցողին հոգեհարազատ կթվան նրա տողերը, քանի որ դրանք արդեն ծանոթ են բազմաթիվ թերթերից։ Իսկ թերթը մեծ ուժ ունի։ Եվ զուր չի ասել Ռուզանի՝ «Ռոմանտիկները դեռ գալու են» ստեղծագործության հերոսը. «Մինիստրներն ու ճանճերը նման են իրար, քանզի երկուսն էլ սպանվում են թերթով»։ Ի դեպ, Ռուզան Մինասյանը իր անդրանիկ ժողովածուն նվիրել է մորը՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակից, հրետանավոր Ռոզա Մինասյանին: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել