ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՊՃՀ-ՈՒՄ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մագիստրատուրայում այս տարի նորարարություն է մտցվելու: Բուհը ներմուծում է այսպես կոչված «կրեդիտային» համակարգ: Դա կատարվում է միջազգային նախագծերի շրջանակներում, միջազգային ֆոնդերի կողմից հատկացված ֆինանսական էքսպերտային օգնությունների միջոցով: «Կրեդիտային» համակարգի հիմնական առավելությունն այն է, որ սովորողն ինքն է դառնում ուսումնական պրոցեսի եւ իր ուժերի ու հնարավորությունների հիմնական պլանավորողը: Համալսարանի ռեկտոր Յուրի Սարգսյանի կարծիքով, ընդհանուր առմամբ սա շատ ճկուն համակարգ է եւ բարձրացնում է սովորողի պատասխանատվությունը կրթական վերջնական արդյունքի հանդեպ: Ըստ այս համակարգի, ստեղծվում են առարկայական հոսքեր, ուսանողներն իրենք են ընտրում, թե ինչ առարկաներ պետք է անցնեն այդ կիսամյակում: Համակարգն առայժմ գործելու է համակարգչային եւ ինժեներատնտեսագիտական մասնագիտությունների շրջանակներում: Մոդելն արդեն պատրաստ է եւ կիրագործվի սեպտեմբերի 1-ից: Յու. Սարգսյանի հավաստմամբ, մեկ տարի հետո բուհը կփորձի ծրագիրն իրականացնել ամբողջ մագիստրատուրայի համար: Ուսանողն իր հնարավորություններից ելնելով ընտրում է այն առարկաները (պարտադիրների շրջանակում), որոնք պետք է անցնի այդ կիսամյակում՝ նաեւ ելնելով իր վճարունակությունից: Այսինքն՝ ցանկացած կիսամյակում ուսանողը կարող է վերցնել այնքան ուսումնական կուրսեր, որքանի համար նա կարող է վճարել, այնուհետեւ մյուս կիսամյակներում լրացնել մնացածը: Եթե բանակի հարց չկա, ուսանողը կարող է հաճախել ուսումը, ասենք, 7 տարում: Երբ է սկսում, երբ է վերջացնում՝ որոշում է ուսանողը՝ իհարկե որոշակի ժամանակի մեջ տեղավորվելով: Ի դեպ, դասախոսին եւս կարող է ընտրել ուսանողը՝ նա այլեւս կցված չէ որեւէ խմբի, այլ պարզապես հաճախում է իր նախընտրած առարկայի դասաժամերին: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ