Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄՈՌԱՑՎԱԾ ԹԱՂԱՄԱՍԻ ՀՈԳՍԵՐԸ

Օգոստոս 14,2002 00:00

ՄՈՌԱՑՎԱԾ ԹԱՂԱՄԱՍԻ ՀՈԳՍԵՐԸ Վանաձորի «Լանջային» կոչվող թաղամասը եւ նրա նկատմամբ «ստորադաս» համարվող տնակային ավանը կղզյակի տպավորություն են թողնում այն առումով, որ այդ տարածք ուղեւորվող տրանսպորտային միջոցները խիստ սահմանափակ են։ Մինչ երկրաշարժը թիվ 2 երթուղու ավտոբուսները եւ միկրոավտոբուսները հասնում էին մինչեւ այդտեղ գտնվող թիվ 2 համաբուժարան եւ շրջանային հիվանդանոց։ Վերջին մի քանի տարիներին, սակայն, առողջապահական համակարգի օպտիմալացման արդյունքում այդ հիմնարկները լուծարվեցին, եւ ավտոբուսներն այլեւս վերեւ չբարձրացան։ Երթուղին կրճատեցին, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ այդտեղ բնակվում է առանց այդ էլ «մոռացված» մի ամբողջ թաղամաս, որն այժմ սպասարկվում է ընդամենը 1-2 միկրոավտոբուսի (թիվ 14 երթուղու) կողմից։ Ընդ որում, այդ միկրոավտոբուսներին կարող են սպասել բավական երկար։ Օրինակ, 2-3 րոպեն մեկ կարելի է հանդիպել «Բազում-քիմգործարան» ուղեւորվող բազում երթուղայինների, 5-10 րոպեն մեկ էլ՝ ավտոբուսների, որոնք սլանում են կիսադատարկ, մինչդեռ թիվ 14-ի ուշացումով ժամանելու արդյունքում ուղեւորների առավել մեծ կուտակում է առաջանում։ Դրա հետեւանքով վերջիններս զրկվում են այնքան սպասված երթուղային միկրոավտոբուսում տեղ գրավելու համար ընձեռված 1-ին, 2-րդ եւ նույնիսկ 3-րդ հնարավորությունից, ստիպված լինելով օգտվել վերջնակետ չհասնող այլ փոխադրամիջոցներից։ Արդյունքում՝ մեծանում է ուղեւորների հոգնածությունը եւ նյարդայնանալու տեղիք տալիս՝ հատկապես, եթե վերջիններս տուն են ուղեւորվում շուկայից ծանրաբեռնված եւ ստիպված են ճանապարհի մի մասը անցնել ոտքով՝ հարկադրված լինելով նստել նշված երթուղու վերջնակետը չհասնող թիվ 2 ավտոբուսը։ Մի՞թե դժվար է երթուղայինների բազմառատության պայմաններում ավելացնել թիվ 14 երթուղային միկրոավտոբուսների թիվը կամ թիվ 2 ավտոբուսի ճանապարհը երկարացնել։ Թաղամասի բնակիչներն այս ամենը հակված են ընդունելու որպես «ռասայական խտրականություն»։ Ի դեպ, հենց այս «մոռացված» թաղամասում է գտնվում նաեւ Մարդու իրավունքների գրադարանը, եւ տրանսպորտային միջոցների սղության պատճառով շատ քաղաքացիներ զրկվում են անվճար իրավական տեղեկատվություն ստանալու հնարավորությունից։ Իսկ դա շատ ձեռնտու է այն չինովնիկներին, որոնք կողմնակից չեն քաղաքացիների իրավական գրագիտությանը։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել